ՃԱՆԱՉԵՆՔ   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ.  ԿԱՐԵՆ ՄԱՍՏՈՅԱՆ

«- Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը։

— Ծնվել եմ ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում, ուսուցչի ընտանիքում։ Սովորել եմ Նորատուսի առաջին, այնուհետ երրորդ միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին հաղթող եմ ճանաչվել մի շարք մրցույթներում։ 2016 թվականին գերազանցությամբ ավարտելով դպրոցը՝ ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժինը՝ անվճար տեղում ու տարկետման իրավունքով։ Բակալավրիատում գերազանց սովորելու ընթացքում՝ դասընթացներին զուգահեռ, սկսել եմ զբաղվել նաև գիտահետազոտական գործունեությամբ, մասնակցել եմ բազմաթիվ գիտաժողովների, հոդվածներս տպագրվել են տարբեր ամսագրերում։ Ակտիվորեն ներգրավվել եմ ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում։ Արդյունքում՝ բակալավրիատում ուսանելու ընթացքում երկու անգամ ճանաչվել եմ որպես Հայաստանի Հանրապետության  լավագույն ուսանող, ինչպես նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրության դեսպանատան կազմակերպած մրցույթի շրջանակներում ճանաչվել եմ լավագույն ուսանող և մեկնել Արաբական  էմիրություններ։ 2020 թվականին գերազանցությամբ ավարտել եմ բակալավրիատը և ՀՀ Կառավարության որոշմամբ տարկետման իրավունքով ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի նույն բաժնի մագիստրատուրա։ Մագիստրատուրայում ուսանելու ընթացքում շարունակել եմ ներգրավված լինել ուսանողական ինքնակառավարման մարմիններում ու մասնակցել դրանց գործունեությանը, ինչպես նաև գերազանց սովորելուն զուգահեռ ավելի մեծ եռանդով եմ շարունակել զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ, մասնակցել եմ գիտաժողովների և ունեմ մեկ տասնյակից ավելի տպագրված հոդվածներ ՀՀ բուհերի ամսագրերում, որոնց մի մասը ներգրավված է ԲՈԿ-ի ցանկում։ Մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում մասնակցել եմ մի շարք լրացուցուցիչ դասընթացների և հաղթող եմ ճանաչվել տարբեր մրցույթներում՝ այդ թվում զբաղեցնելով առաջին անվանակարգը 2021 թվականի ՀՀ լավագույն ուսանող մրցույթում։ Առաջիկայում պլանավորում եմ ուսումս շարունակել ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում։

-Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ։

— Համալսարանը տվեց հիմնարար գիտելիքներ մասնագիտական ոլորտում գիտահետազոտական գործունեության մեջ ներգրավվելու համար, տվեց ԳՊՀ դասախոսների, ոլորտի առաջատար մասնագետների հետ շփվելու, նրանցից նոր գիտելիքներ ու փորձ  ձեռք բերելու հնարավորություն և ամենակարևորներից մեկը՝ սովորեցրեց սովորել, որովհետև ներկայումս մասնագիտական ոլորտի արագ զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ է, որ մենք էլ չդադարենք սովորելը, որպեսզի պահանջված մասնագետներ լինենք։

-Ինչպիսի՞զգացողություններ ունեցաք՝ ստանալով 2021 թվականի «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելու մասին լուրը։

— Ճիշտն ասած լուրն անսպասելի չէր, սակայն քանի որ հեռախոսազանգով չեն հայտնում, թե որ տեղն ես զբաղեցրել, զինվեցի համբերությամբ, որպեսզի գա մրցանակաբաշխության օրն ու տեղեկանամ արդյունքների մասին։ Ինչպես նաև արագ դիմեցի բոլոր ծանոթ ուսանողներին, որպեսզի իմանամ, թե էլ ովքեր են հաղթողներ ճանաչվել, որովհետև ավելի մեծ ուրախություն է, երբ հաղթողներ են նաև ընկերներդ։

Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։

— Կյանքում ինձ համար առաջնայինը ընտանիքս ու իմ սիրելի մարդիկ են։ Ըստ իս՝ ուսումը, գիտահետազոտական գործունեությունը, աշխատանքը կարևոր են, սակայն այդ բոլորի գումարային վերջնարդյունքը պետք է լինի այն կայուն անհատը, ով օգտակար կլինի մարդկանց, կկարողանա դիմագրավել կյանքի փորձություններին ու պատվով հաղթահարել դրանք։ Ի՞նչն է ընկած ամուր ու հզոր հայրենիք ունենալու հիմքում, եթե ոչ կայուն անհատները, ովքեր դառնում են ոլորտի լավ մասնագետներ, ստեղծում են ամուր ընտանիք ու նպաստում հայրենի եզերքի զարգացմանն ու բարգավաճմանը։

       —Ի՞նչ երազանքներ ունեք։

— Երազանքներ շատ ունեմ, որոնք կարելի է բաժանել երկու մասի՝ հիմնական ու երկրորդական։ Սակայն երազանքներն այդպես էլ կմնան ուղեղի մի հատվածում, եթե դրանք չվերածենք նպատակների և քայլ առ քայլ չիրագործենք։ Նախ ձգտում եմ ի կատար ածել հիմնական երազանքներս, որոնցից որպես հետևանք կիրականացվեն նաև երկրորդականները։

Ի՞նչ սկզբունքների եք դավանում։

— Լինել ազնիվ, արդար, պատասխանատու և հավատարիմ։

-Նշեք այն  հատկանիշները, որոնք ըստ Ձեզ՝ ամենակարևորն են մարդու համար։

— Իմ կարծիքով մարդիկ պետք է լինեն հավատարիմ՝  բոլոր իմաստներով՝ հավատարիմ սեփական սկզբունքներին, ընտանիքին, սիրելի մարդկանց, ընկերներին, հայրենիքին։

— Ո՞ր գրողի ստեղծագործություններն եք  սիրով ընթերցում։

— Պարույր Սևակի։

-Ընթերցանությունից բացի, ազատ ժամերին ինչով եք զբաղվում, ի՞նչ նախասիրություններ ունեք։

— Ազատ ժամանակ, հատկապես եթե եղանակային պայմանները նպաստավոր են, սիրում եմ ընտանիքիս հետ որևէ տեսարժան վայր այցելել, ճանապարհորդել, իսկ վատ եղանակային պայմանների դեպքում մշակութային կենտրոններ այցելել։ Սիրում եմ տիեզերքի վերաբերյալ տեսանյութեր դիտել, երբեմն էլ տարբեր միկրոչիպերից պատրաստված նախագծերով եմ զբաղվում ու հավաքում, որոնցից է օրինակ համալսարանում տեղադրված ավտոմատ զանգի համակարգը։ Հազվագյուտ համակարգչային խաղեր եմ խաղում, չնայած վերջերս ավելի շատ դուր է գալիս խաղեր ստեղծելը, քան խաղալը։ Արդեն սեփական խաղիս սցենարը և որոշ հատվածներ պատրաստ են։ Ի դեպ՝ դա մանկությանս երազանքներից է եղել՝ ստեղծել սեփական խաղ։

-‹‹Լավագույն ուսանող›› տիտղոսը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում։

-Ամեն անգամ ‹‹Լավագույն ուսանող›› տիտղոսը ստանալիս՝ ավելի մեծ պատասխանատվություն եմ զգացել ինքս իմ և մարդկանց հանդեպ և նպատակադրվել եմ ավելի մեծ հաջողությունների հասնել։

Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի  հաղթեն ‹‹Լավագույն ուսանող››  մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։

-Առաջին հերթին խորհուրդ կտավ լավ սովորել և գիտակցել, որ ի վերջո մենք համալսարանում սովորում ենք լավ մասնագետ դառնալու համար, իսկ մնացածը զուտ լավ սովորելու և սովորելուն զուգահեռ որոշակի այլ գործունեություն ծավալելու հետևանք են, մասնավորապես գիտահետազոտական գործունեությունը և ուսանողական ինքնակառավարման մարմիններին անդամակցելն ու այդ շրջանակներում ակտիվ գործունեություն ծավալելը։ Այստեղից կարելի է առանձնացնել մրցույթի պահանջներին համապատասխան առաջին կետը՝ լավ սովորել, ունենալ բարձր առաջադիմություն՝ միջին որակական գնահատական (ՄՈԳ)։ Երկրորդը՝ գտնել մասնագիտական ուղղվածությանը համապատասխան արդիական թեմաներ և այդ ուղղությամբ հետազոտական գործունեություն ծավալել՝ գրել հոդվածներ, մասնակցել գիտաժողովների։ Եվ երրորդը, որ կառանձնացնեմ՝ հասարակական ակտիվությունն է, այսինքն՝ ներգրավված լինել ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, դրանով իսկ նպաստելով նաև այլ ուսանողների զարգացմանը, մասնակցել ֆակուլտետային ու համալսարանական, մասնագիտական ու մշակութային միջոցառումների, մրցույթների, դասընթացների։ Հավելեմ նաև, որ ես՝  որպես մագիստրոս, ուսանողների ավագ սերնդի ներկայացուցիչ, կանգնած եմ կրտսեր ընկերներիս կողքին ու պատրաստակամ եմ օգնելու ցանկացած հարցում։ Լավագույն են բոլորը, պարզապես յուրաքանչյուր անհատ իր լավագույնը լինելը դրսևորում է տարբեր ձևերով ու տարբեր բնագավառներում։ Բոլորին մաղթում եմ լավագույնը։

-Շնորհակալություն››։

 

 

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և

 լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

 

Հրապարակվել է 03.03.2022