ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ  ‹‹ԱՆԵԾՔ-ՕՐՀՆԱՆՔԻՆ›› ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ 

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ  «Անեծք-օրհնանքի դրսևորումները ժողովրդական երգ-խաղիկներում, հայրեններում և անտունիներում» թեմայով բաց դաս, որը վարում էին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լուսինե Ղռեջյանը, հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Դադոյանը։

Բաց դասին մասնակցում էին բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը, օտար լեզվի և գրականության ամբիոնի ակադեմիական խորհրդատու Նարինե Նալբանդյանը, Հայոց լեզվի և գրականության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի  ուսանողներ։

Առցանց եղանակով բաց դասին միացել էին Գավառի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ Հայկանուշ Հակոբյանը։

Բաց դասի նպատակն էր ներկայացնել հայ բանահյուսական հինավուրց ժանրերի՝ ժողովրդական երգերի և անեծքների բազմաբնույթ առնչությունները։

Դասի սկզբում  ներածական խոսքով հանդես եկավ Լուսինե Ղռեջյանը՝ ներկայացնելով անեծք-օրհնանքների, երդումների ժողովրդական ըմբռնումները, անդրադարձավ ժողովրդական երգերի տիպաբանական խմբերին՝ հայրեններին, անտունիներին և խաղիկներին, այնուհետ խոսքը փոխանցվեց մագիստրոս Լիլիթ Դադոյանին, ով շնորհանդեսի միջոցով ներկայացրեց այդ ժանրերի դրսևորումներն ու փոխառնչությունները։ Լիլիթ Դադոյանն անդրադարձավ նաև իր մագիստրոսական թեզին՝ «Ժողովրդական խոսքի բանաձևային կառույցները հայկական ժողովրդական երգերում» թեմայով։

Խնդրո առարկան հետաքրքրեց ներկաներին, հնչեցին հարցեր, և ծավալվեց ակտիվ քննարկում։

Բաց դասն ամփոփեց ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը։

 

 

ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշենի և Ծովագյուղի միջնակարգ դպրոցներ այցելեցին ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը, որակի ապահովման բաժնի աշխատակիցներ Մարիամ Նախրատյանը և Նոնա Մուրադյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի ուսանողուհի Աննա Իսպիրյանը։

ԳՊՀ ներկայացուցիչները հանդիպեցին դպրոցների ղեկավարների, ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների հետ։

Հանդիպումների նպատակն էր ուսումնասիրել աշակերտների կրթական կարիքները, աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։

Հանդիպումների ընթացքում համալսարանականները ներկայացրին բուհում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերը, կրթաթոշակային հիմնադրամներից օգտվելու հնարավորությունները, ԳՊՀ-ի անդամակցած Եվրոպական Միության «Erasmus+» միջազգային ծրագրերը, ինչպես նաև պատասխանեցին աշակերտներին հուզող հարցերին։

 

ՀԱՅՐԱՎԱՆՔԻ  ԵՎ  ԾՈՎԱԶԱՐԴԻ  ՄԻՋՆԱԿԱՐԳ  ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ`   ԳՊՀ-ՈՒՄ

Գավառի պետական համալսարանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների համագործակցության ծրագրի շրջանակներում համալսարան էին այցելել Հայրավանքի և Ծովազարդի միջնակարգ դպրոցների աշակերտներն ու  ուսուցիչները։ Այցելության նպատակը ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում գործնական դասի անցկացումն էր։

Հյուրերին ողջունեց ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, ով հանգամանալից ներկայացրեց ֆակուլտետում գործող մասնագիտություններն ու աշխատաշուկայում դրանց պահանջարկը։

ԳՊՀ լաբորատորիայում առկա նիտրատաչափի օգնությամբ աշակերտները չափեցին տարբեր մրգերում և բանջարեղեններում նիտրատների պարունակությունը: Ստացված տվյալները նրանք համեմատեցին սահմանված նորմերի հետ և կատարեցին համապատասխան վերլուծություններ:

Աշակերտները կատարեցին «Փարավոնի օձ», «Քիմիական հրաբուխ», «Ոսկե անձրև», «Քիմիական պատռվածք», «Ծուխ առանց կրակի» փորձերը։ Նրանք հետաքրքրությամբ մասնակցեցին մարդու զգայարանների գործունեությանն առնչվող տեսողական խաբկանքի ստեղծման և հավասարակշռության համակարգի խախտման փորձերին։

Լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի օգնությամբ աշակերտները իրականացրին նաև բուսական հյուսվածքից ԴՆԹ-ի անջատման փորձը։

Նրանց համար հետաքրքիր էր նաև Մաքսվելի թափանիվի և էլեկտրածին մեքենայի աշխատանքը։ Լաբորատոր փորձերից հետո աշակերտներն այցելեցին բուհի Վարշամ Ավետյանի անվան պատմահնագիտական թանգարան։

Աշակերտները եղան ԳՊՀ ռեկտորատում և օգտակար խորհուրդներ ստացան տիկին  Ռուզաննա Հակոբյանից։

ՀԱՅՏՆՈՒՄ  ԵՆՔ  ՇՎԵԴԻԱՅԻ  ԼԻՆՆԵՈՒՍ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ   ԵՎ  ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ  ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և հարգելի՛  դասախոսներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Linnaeus-Palme» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Շվեդիայի Լիննեուս համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն բաժնի բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներն ունեն հնարավորություն՝ 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորելու, իսկ դասախոսներին՝ դասավանդելու  Շվեդիայի Լիննեուս համալսարանում:

Անգլերեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ծրագրի դիմումներն ընդունվում են   մինչև 2022 թ. մարտի 30-ը։

Փաստաթղթերը /անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական տեղեկանք, երաշխավորագիր, «հետաքրքրության» նամակ, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք/ անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am  էլեկտրոնային փոստին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարներով։

Մաղթում ենք հաջողություն։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ԻՍՊԱՆԻԱՅԻ  ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն հնարավորություն ունեն  2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով, ուսանելու Վալլադոլիդի համալսարանում:
Անգլերեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով  «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջ՝ https://erasmusplus.am/credit-mobility/ ։

Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց https://uvamobplus.uva.es/publico/inicio :

Ուշադրություն՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022թ. ապրիլի 22-ն է։ Հարգելի՛ ուսանողներ, օգտվեք միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի ընձեռած հնարավորությունից։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարներով։

ԿՅԱՆՔԻՑ  ՀԵՌԱՑԵԼ  Է  ԳՊՀ  ՊԱՏՎԱՎՈՐ  ԲԱՐԵՐԱՐ  ԺԻՐԱՅՐ  ՆԻՇԱՆՅԱՆԸ

Խորին կսկիծով տեղեկացնում ենք, որ ավարտվել է մեծ մարդասեր և  հայրենասեր հայորդու՝ Գավառի պետական համալսարանի պատվավոր բարերար ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆԻ երկրային կյանքը։ Պարոն Նիշանյանն իր ողջ գիտակցական կյանքում ծառայել է վեհ ու ազնիվ գաղափարների, սատար կանգնել իր հայրենակիցներին, ձեռք մեկնել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց, հույս ու հավատ ներշնչել բոլոր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն, տարածել բարձր  և լուսավոր արժեքներ,  լիաբուռն բաշխել սեր ու ջերմություն, տվել՝ առանց ակնկալիքի, գոհանալով մարդկանց պարգևած ժպիտներով և օրհնանքով։

Տարիներ շարունակ Ժիրայր Նիշանյանի հովանավորությամբ Գավառի պետական համալսարանում սովորել և բարձրագույն մասնագիտական կրթություն են ձեռք բերել բազմաթիվ ուսանողներ, ովքեր որպես Նիշանյանի հոգեզավակներ կրում են Նիշանյանական արժեքներ և կշարունակեն ապրել ու գործել մեծ մարդասերին տված երդմանը հավատարիմ՝ ծառայել մայր հայրենիքին ու ժողովրդին, լինել ազնիվ մարդ ու որակյալ մասնագետ, լինել բարի ու կարեկից, երբեք անհաղորդ չմնալ այլոց պատուհասած դժվարություններին և խնդիրներին, անդուլ աշխատել և արարել՝ սիրով, հույսով ու հավատով լեցուն։

Ժիրայր Նիշանյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, 1936 թ. նոյեմբերի 29-ին: Ավարտել է Թեհրանի Ալբորզի ավագ դպրոցը: Չկարողանալով շարունակել ուսումը` նա երկու տարի շարունակ առավոտյան աշխատել է Աբովյանի տարրական դպրոցում և դասավանդել մաթեմատիկա վեցերորդ դասարանցիներին, իսկ կեսօրից հետո աշխատել որպես հայ վաճառականի գրասենյակային օգնական շուկայում, և խնայել 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:  Ժիրայր Նիշանյանի մանկության նվիրական երազանքն էր դառնալ քաղաքացիական ճարտարագետ և այն իրագործելու նպատակով նա որոշում է իր կրթությունը շարունակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Թեհրանի ամերիկյան գրադարանում ձեռք բերած գիտելիքներով նա ընդունելության համար դիմում է Միացյալ Նահանգների մի քանի համալսարաններ և ընդունվում Վաշինգտոնի Ամերիկյան համալսարան` անգլերեն լեզուն արտասահմանցի ուսանողների համար հատուկ ծրագրով, ինչպես նաև Վաշինգտոնում Ջորջ Վաշինգտոնի և Լինկոլնում Նեբրասկայի համալսարաններ՝ ինժեների մասնագիտությամբ: Թեև Ժիրայր Նիշանյանի ավագ եղբայրը` Կարո Նիշանյանը, ցանկանում էր, որ նա գնա Եվրոպա և ստանա բժշկի մասնագիտություն, սակայն եղբոր` բուհ ընդունվելու նամակներն ստանալուց հետո, նա ինքնաթիռի տոմս է գնում եղբոր համար և 1958 թ.-ի նոյեմբերի 8-ին Ժիրայր Նիշանյանը Թեհրանից մեկնում է Վաշինգտոն:

Ժամանելուն պես Ժիրայր Նիշանյանն անմիջապես գրանցվում է Ամերիկյան համալսարանում օտարերկրացի ուսանողների համար նախատեսված վեցշաբաթյա անգլերեն լեզվի դասընթացներին, սակայն այն ավարտելուց հետո Վաշինգտոն նահանգի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի վարձաչափի թանկ լինելու պատճառով, նա որոշում է տեղափոխվել Լինկոլն և գրանցվում Նեբրասկայի ճարտարագիտական համալսարանում: Քանի որ Ժիրայր Նիշանյանի ողջ խնայողությունը՝ 500 դոլարը շատ արագ սպառվեց, ուստի նրա համար հույժ կարևոր էր կես դրույքով աշխատանք փնտրելը, որպեսզի կարողանա հոգալ իր ծախսերը: Ցավոք, 1958 թ.-ին Լինկոլնը մի փոքրիկ համալսարանական քաղաք էր` շրջապատված մեծ ագարակներով, և օտարերկրյա ուսանողին աշխատանքային մեծ հնարավորություններ չէր առաջարկում: Այդուհանդերձ, մեկ կիսամյակ սովորելուց հետո, նա որոշում է վերադառնալ Վաշինգտոն, որտեղ կարող էր աշխատել և շարունակել ուսումը: Այսպիսով, Ժիրայր Նիշանյանը իր վաստակած կրեդիտներով ընդունվում է Հովարդի համալսարանի ճարտարագիտության բաժին, որտեղ կառավարության աջակցության շնորհիվ համալսարանում սահմանված էր ուսման ցածր վարձաչափ: Ուսմանը զուգահեռ նա կես դրույքով աշխատում է որպես մատուցողի օգնական` իր բնակավայրին մոտ գտնվող մի ռեստորանում: Իր ազնվության և աշխատասիրության շնորհիվ նա առաջընթաց է ունենում ծառայության մեջ և նշանակվում գլխավոր մատուցող Վաշինգտոնում գտնվող «Ինթերնեշնլ» պանդոկ հյուրանոցում:

1965թ.-ի հունվարի 22-ին Ժիրայր Նիշանյանին շնորհվում է քաղաքացիական ճարտարագետի բակալավրի աստիճան։

Քաղաքացիական ճարտարագետի բակալավրի աստիճան ստանալուց հետո` Ժիրայր Նիշանյանը որոշ ժամանակահատված աշխատում է ավտոմայրուղու շինարարության, օդային և տիեզերական արդյունաբերության ոլորտներում, ստանում ինժեների պաշտոն և աշխատանքի անցնում որպես ԱՄՆ կառավարության տրանսպորտի դեպարտամենտի ճանապարհների և կամուրջների նախագծման, ապա կառուցման հետազոտությունների ճարտարագետ (ինժեներ): Ճանապարհների կառուցման հետազոտությունների ինժեներ աշխատելուն զուգահեռ, Ժիրայր Նիշանյանը շարունակում է իր ուսումը և 1969թ.-ի հունիսին ստանում քաղաքացիական ճարտարագետի մագիստրոսի աստիճան, այնուհետ ասպիրանտուրայում հետազոտություն անցկացնում մետաղների դյուրաբեկության և կարծրության հատկությունների թեմայով և դառնում Դաշնային ավտոմայրուղու կառավարման հետազոտական գործունեության ծրագրի ղեկավար` կամրջաշինության ոլորտում պողպատի դյուրաբեկության և կարծրության հատկությունների գծով: Ձեռնարկելով այդ բոլոր պահանջարկ ունեցող աշխատանքները և միևնույն ժամանակ ավելի մեծ հնարավորությունների ձգտելով` նա շարունակում է իր առաջընթացը:

Հետաքրքրված լինելով անշարժ գույքի զարգացմամբ և ԱՄՆ դաշնային կառավարության համար աշխատելով լրիվ դրույքաչափով` Ժիրայր Նիշանյանը երեկոյան ժամերին և հանգստյան օրերին նույնպես արտաժամյա ներգրավվում է մասնավոր հատվածի առևտրային և բնակելի շրջանների նախագծման և կառուցման գործընթացներում:

Մինչ համալսարանն ավարտելը, 1969 թ.-ի նոյեմբերին Ժիրայր Նիշանյանը հինգ հազար դոլար է ստանում իր մայրիկից` Մարիամ Նիշանյանից և իր մտերիմ ընկեր` Արա Պեզեշկյանի հետ համատեղ հիմնում «JAM» ձեռնարկությունը, ինչպես նաև Մերիլենդում, որը գտնվում է Քենսինգթոնում, ներդրում կատարում անշարժ գույքի՝ մի քանի հին բնակարանի ձեռքբերման նպատակով՝ ենթադրելով, որ հետագայում այն առևտրային զարգացման ներուժ կունենա: «JAM» ձեռնարկության հիմնումը նրա առաջին ռիսկային քայլն էր, որը հաջողությամբ է պսակվում և շարունակվում մինչ օրս: Լիարժեք աշխատաժամանակով աշխատելուն զուգահեռ՝ Ժիրայր Նիշանյանը շարունակում է իր կես դրույքաչափով ձեռնարկատիրական գործունեությունը և «JAM»-ին զուգահեռ հիմնում «NGN», «JERAX» և «JADES» ձեռնարկությունները: 1988թ.-ի նոյեմբերին Դաշնային կառավարությունում 22 տարվա ծառայությունից հետո, նա հրաժարվում է  զբաղեցրած պաշտոնից և ամբողջապես նվիրվում իր սեփական ձեռնարկությունների զարգացման գործին:

Ժիրայր Նիշանյանը, որպես իր ձեռնարկությունների գլխավոր գործադիր տնօրեն, մշակել և կառուցել է առևտրի կենտրոններ, գրասենյակային շենքեր, առևտրային և բնակելի կառույցներ, որոնք ներառում են` առևտրային սեփականություն հանդիսացող հաստատություններ` “Merchant Tiers” on Chain Bridge Road “Tysons Corner” հասցեով, գրասենյակային կառույցը 1880 “HOWARD” AVE “Tysons Corner”, հասցեով, “JADES” առևտրային կենտրոնը Վիեննայում, “JADES” գրասենյակները Վիեննայում, 720 “Grant Street Center”-ը Հերդոնում, “Manassas Park” առևտրային կենտրոնը, “Brentwood” Court Townhouses-ը Վիեննայում և “Akhtamarʼs Haven” Subdivision-ը, որը բացառիկ բնակելի վայր է հանդիսանում Great Falls-ում:

Ժիրայր Նիշանյանը “Jer-Tag” ձեռնարկությունների, “Cycle Homes” ինկորպորացիայի և “Virginia” կորպորացիաների նախագահն ու հիմնադիրն է: “Jer-Tag” ձեռնարկություններին է պատկանում “Virginia” անշարժ գույքի բրոկերային գործունեության իրականացման լիցենզիան, իսկ “Cycle Homes” ինկորպորացիաներին՝ A դասի կապալառուների` գործունեության իրականացման լիցենզիան:

Ժիրայր Նիշանյանը, լինելով կենսաթոշակային տարիքի, վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված չէր իր ընկերությունների և կորպորացիաների ամենօրյա ղեկավարման գործընթացում, սակայն որդին` Թագվոր Գ. Նիշանյանը որպես իր գործընկեր, կատարում է վարչական պարտականությունները, իսկ դուստրը` Ալինե Նիշանյան-Թեմփլինը գույքի կառավարման ոլորտի պատասխանատուն է:

Բակալավրիատն ավարտելուց և ԱՄՆ-ում մշտական բնակություն ստանալուց հետո, Ժիրայր Նիշանյանը միջնորդում է Թեհրանում ԱՄՆ դեսպանատանը` իր կրտսեր քրոջը` Հասմիկին և մայրիկին` Մարիամին, ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրել և այն փոխել մշտական բնակության կարգավիճակով: 1967թ.-ի նոյեմբերին նա միջնորդում է իր ավագ քրոջ` Վարթին Զառուկյանի և նրա ընտանիքի համար, այնուհետ իր մյուս քրոջ` Ֆլորա Ղարախանյանի և եղբոր` Կարո Նիշանյանի և նրանց ընտանիքների համար, որպեսզի նրանց ներգաղթյալների մուտքի արտոնագիր տրամադրվի: 1970-ական թթ. կեսերին իր ողջ ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ:

Ժիրայր Նիշանյանի հայրը` Աբրահամ Նիշանյանը, ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում, իսկ մայրը` Մարիամ Նիշանյանը, Ապին Ակուլիսում: Նրանք իրենց ընտանիքի անդամներից միակն էին, որ ողջ էին մնացել Հայոց ցեղասպանության տարիներին: Ժիրայր Նիշանյանի հայրը ձեռնարկատեր էր և զբաղվում էր պարսկական գորգերի` ԱՄՆ արտահանման բիզնեսով: Նա հպարտանում էր իր հայկական ծագմամբ և իր ժողովրդի ավանդույթներով: Երբ Ժիրայր Նիշանյանի հայրը մահացավ, նա ընդամենը երկու տարեկան էր: Ժիրայր Նիշանյանը, լինելով հինգ երեխաներից կրտսերը, մայրական խանմքի տակ է մեծացել: Նրա մայրը փոքր ժամանակ հրազենային վնասվածք է ստացել ծնկի հատվածում և հրաշքով ողջ մնացել Հայոց ցեղասպանության տարիներին: Նա հայտնվել է ամերիկացիների կողմից հիմնված Իրանի Համադան քաղաքի որբանոցում: Մարիամ Նիշանյանը շատ բարեպաշտ, իմաստուն և խելամիտ կին էր, ով իր հինգ երեխաներին միայնակ է մեծացրել: “Akhtamar Haven Subdivision”- ի հիմնադրումից հետո, Ժ. Նիշանյանը իր բնակավայրը կառուցում է 10220 “Akhtamar Dr. Great Falls”-ում, միաժամանակ Վիեննայում երկու ննջասենյակից բաղկացած բնակարան գնում իր մայրիկի համար, որպեսզի նա մոտ լինի Վիեննայում ապրող իր մյուս երեխաներին, բայց նրա մայրիկը նախընտրում է նրա հետ ապրել 10220 “Akhtamar Dr. Great Falls”-ում: Նույնիսկ պատկառելի հասակում, երբ Մարիամ Նիշանյանից խորհուրդ էին հարցնում, նա առանց վարանելու գործնական խորհուրդ էր տալիս իր որդուն:

Ժիրայր Նիշանյանի վրա մեծ տպավորություն է թողել իր ծնողների անցյալը և նրա մոտ խորը զգացմունքներ են առաջացել Հայաստանի` իր նախնիների հայրենիքի նկատմամբ: Նա մշտապես պարտքի զգացում և մեծ ցանկություն է ունեցել` օգնություն տրամադրելու մանկատներում գտնվող երեխաներին և օգտակար լինելու անապահով հայ երիտասարդներին, մասնավորապես, տաղանդավոր երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան օգտագործել իրենց ներուժը: Իր տեսլականը իրականություն դարձնելու նպատակով` նա 1993 թ.-ի նոյեմբերի 30-ին հիմնում է «Ժիրայր Նիշանյան» հիմնադրամը՝ “Jerair Nishanian Foundation” բարեգործական կազմակերպությունը: Այն գտնվում է “Virginia” ոչ առևտրային կազմակերպության իրավասության ներքո: “JNF”-ը ստեղծվել է բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական, գրական և կրթական նպատակներով` համաձայն 1986թ.-ի ներքին եկամտային օրենսգրքի 501C (3) բաժնի:

Իր սկզբնավորումից ի վեր (1993թ.)` “JNF”-ը կրթաթոշակներ է տրամադրում Գավառի պետական համալսարանի ուսանողներին, սակայն 2011 թ.-ից սկսած “JNF”-ը ընդլայնել է կրթաթոշակային ծրագիրը` ներառելով Երևանում գործող Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողներին: “JNF” կրթաթոշակային ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով` Ժ. Նիշանյանը 2013 թ.-ի մայիսին, “JNF”-ին նվիրաբերել է 1000000 դոլար և ստեղծել նվիրատվության ֆոնդ:

“JNF” կրթաթոշակային ծրագիրը Հայաստանում իրականացվում է Նյու Յորքում թեմական Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Երևանյան գրասենյակի կողմից: “JNF”-ը ներկայումս Հայաստանում կրթաթոշակներ է տրամադրում ավելի քան ութսուն ուսանողների:

2011 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Ժիրայր Նիշանյանն ու նրա կինը` Անահիտ Նիշանյանը խորհդի անդամների` արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանի, վերապատվելի երեց Վրթանես Քալաջյանի և երեցկին Անահիտ Քալաջյանի հետ միասին այցելեցին Գավառի պետական համալսարան, ֆակուլտետների ուսանողները Ժիրայր Նիշանյանին ու նրա կնոջը մեծ պատվով դիմավորեցին և “JNF”-ին շնորհակալագիր հանձնեցին, այնուհետ հաջորդեցին ողջույնի ու երախտիքի անկեղծ խոսքերը,  ձեռագործ հուշանվերները:

“JNF”-ը 2015 թ.-ի մայիսին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջառումների վեց խոշոր նվիրատուներից մեկն է:

“JNF”-ը նաև ֆինանսավորել է մի քանի առանձնահատուկ նախագծեր, որոնք են`

Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցու գլխավոր խորանի նախագծումը և կառուցումը,

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մասնաշենքի բարենորոգումը,

Հովանավորել և ֆինանսավորել է հետևյալ գրքերի թարգմանությունն ու հրատարակումը,

Դոկտոր Թաներ Աքչամի` «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» հեղինակային գրքի թարգմանությունը թուրքերենից հայերեն,

Դոկտոր Թաներ Աքչամի հեղինակային գրքի թարգմանությունը արևելահայերեն,

Անուշ Նաղգաշյանի «Ես հայ եմ» մանկական գրքի տպագրությունը,

«Հայերի պատմությունը Օսմանյան կայսրությունում» պատմության դասագրքի հրատարակումը, որի համահեղինակ են հանդիսանում մի շարք հայ գիտնականներ,

«Երազներ և հրաշքներ» գրքի տպագրությունը և դրա բաժանումը Հայաստանի զինծառայողներին,

«Գրականության ժամանակակից պատմություն» երկրորդ դասագրքի հրատարակումը, որն ամփոփում է թուրքական գրականությունը` ներառելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութեր,

Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը» հեղինակային գրքի թարգմանությունը թուրքերենից անգլերեն, ինչպես նաև թուրքերենից հայերեն:

Ժիրայր Նիշանյանը Հայաստանի Հանրապետության նախագահի, Վեհափառի, Սփյուռքի նախարարի, բուհերի և տարբեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել է մի շարք մեդալներով, երախտագիտության և գնահատանքի հավաստագրերով, որոնք են`

«Երախտագիտության» մեդալ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից,

«Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից,

«Գնահատանքի և երախտագիտության» մեդալ` Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից,

«Գնահատանքի և երախտագիտության» մեդալ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից,

«Էլիս այլընդ» պատվո մեդալ, որն հանդիսանալով ամերիկյան մրցանակ` ստեղծվել է Կազմակերպությունների ազգային կոալիցիայի (NECO) կողմից` հարգանքի տուրք մատուցելու այն ներգաղթյալին, որը աջակցություն է ցուցաբերել Ամերիկային և որի ժառանգությամբ օգնության ձեռք է մեկնվել ներգաղթյալներին և նրանց երեխաներին,

Գավառի պետական համալսարանի պատվավոր բարերարի կոչում,

Գավառի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում,

«Ներսիսյան ճեմարան» գնահատանքի մեդալ:

Ժիրայր Նիշանյանի ընտանիքը՝  երեք զավակն  ու հինգ թոռները, ինչպես նաև նրա բոլոր հոգեզավակները՝ Նիշանյանականները վառ են պահելու ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆԻ պայծառ հիշատակը և ապրելու ու գործելու են նրա պատգամներով։

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ` ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

Սիրով տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանում ընթանում է ուսուցման և դաստիարակության գործընթացի արդյունավետության հոգեբանական հիմքերին նվիրված անվճար, առցանց վերապատրաստման դասընթացը։

Ս թ մարտի 16-ին, ժամը՝ 14։30-ին կկայանա հերթական դասը` «Ուսուցում և զարգացում» թեմայով։

Վերապատրաստման դասընթացի բոլոր դասերին մասնակցած անձինք կստանան հավաստագրեր։

Դասընթացին կարող եք միանալ չորեքշաբթի օրերին, ժամը՝ 14։30-ին, հետևյալ հղումով

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09#success

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՅՐԵՆԻԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

 Ս թ փետրվարի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի կողմից համատեղ կազմակերպված, Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենիի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային առցանց համաժողովը, որի մասնակիցների թվում էին գիտնականներ ու մանկավարժներ աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներից։

Տեղեկացնում ենք, որ համաժողովը կշարունակվի ս թմարտի 16-ին, ժամը՝ 18։00-ին։ Ծրագրի համաձայն՝ մասնագիտական թեմաներով զեկուցումներ կներկայացնեն ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող Անի Ֆիշենկճյանը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից Լալա  Գրքիկյանը, Շուշիի համալսարանից Լիանա Սանթրյանը,  Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Ստելլա  Շահինյանը,  Զառա  Պետրոսյանը,  հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Հովհաննիսյանը, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի տարրական մանկավարություն  և մեթոդիկա  բաժնի  մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի  Զարուհի  Հունանյանը:

Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել համաժողովի երկրորդ մասի աշխատանքներին՝ միանալով հետևյալ հղումով

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09#success

‹‹ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ԴՊՐՈՑՆԵՐ›› ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին Գավառի ավագ, Գավառի թիվ 7, Սարուխանի թիվ 1, 2, 3, Նորատուսի թիվ 1, 2, 3, Կարմիրգյուղի թիվ 1, 2, Լանջաղբյուրի, Գեղարքունիքի, Հայրավանքի, Ծովազարդի, Լճափի  միջնակարգ դպրոցներ, հանդիպեցին տնօրենների, ուսուցիչների և աշակերտների հետ։ Հանդիպումների նպատակն էր ուսումնասիրել բարձր դասարանների աշակերտների կրթական կարիքները, աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։

Հանդիպումների ընթացքում համալսարանականները պատասխանեցին աշակերտների հարցերին,  ներկայացրին բուհում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերը, կրթաթոշակային հիմնադրամներից օգտվելու հնարավորությունները, ԳՊՀ-ի անդամակցած Եվրոպական միության «Erasmus+» միջազգային ծրագրերը, որոնց շրջանակներում բուհի ուսանողները հնարավորություն ունեն իրենց կրթության որոշակի ժամանակահատվածն անցկացնել եվրոպական առաջատար բուհերում։ Աշակերտներին առաջարկեցին այցելել համալսարան, մասնակցել բաց դասերի և գործնական պարապմունքների։

ԳՊՀ ռեկտորատի, ամբիոնների,  դեկանատների, բնագիտության լաբորատորիայի, պատմագիտական թանգարանի և մյուս ստորաբաժանումների դռները բաց են բոլոր դպրոցների աշակերտների և ուսուցիչների առջև։

 

ՃԱՆԱՉԵՆՔ   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՄԱՆԵ  ԴԵՂՈՅԱՆ

«- Սիրելի՛ Մանե, Դուք զբաղեցրել եք առաջին հորիզոնականը հանրապետական «Լավագույն ուսանող» մրցույթում, հումանիտար ոլորտում։ Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը։

Ես Մանե Խորենի Դեղոյանն եմ: Ծնվել եմ 2000 թվականի սեպտեմբերի 6-ին, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: 2006 թվականից մինչև 2018 թվականը սովորել եմ Սարուխանի Սուրեն Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների և մրցույթների: Հաղթել եմ «Հայոց լեզու» և «Կենսաբանություն» առարկաների հանրապետական օլիմպիադաներում և արժանացել գովասանագրերի: «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» մրցույթի եզրափակիչ փուլում ճանաչվել եմ հաղթող: 2018թ. հաջողությամբ ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժինը: Բանիմաց և նվիրյալ դասախոսների շնորհիվ ստացել եմ հարուստ գիտելիքներ, կատարել եմ հետազոտական աշխատանքներ: Մասնակցել եմ հանրապետական և միջազգային գիտաժողովների: Իմ մասնակցությունն եմ ցուցաբերել ներհամալսարանական և արտահամալսարանական բազում միջոցառումների: Հանդես եմ եկել ելույթներով և ըստ արժանվույն ներկայացրել Գավառի պետական համալսարանը: 2022 թվականին հաղթել եմ «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում, հումանիտար մասնագիտությունների  ոլորտում` զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Նման հաղթանակի հասնելու համար ես շատ եմ աշխատել: Դեռևս դպրոցական տարիներից համոզվել եմ, որ նպատակասլացությունը և հաստատակամությունը մարդուն մղում են նոր բարձունքների: Կարևոր է՝ երբեք չբավարարվել ձեռք բերածով: Անցած հաղթանակները ինձ թևեր էին տալիս: Եվ ահա այս մեծ հաղթանակը` լավագույն ուսանող: Պատահել է, որ ընկրկել եմ, տխրել, բայց միշտ առաջ եմ նայել, հավատացել, որ իմ աշխատանքը կգնահատվի:  

Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ։

— ԳՊՀ-ն իմ կյանքում նոր էջ բացեց: Համալսարանի շնորհիվ ես ամուր կանգնեցի իմ ոտքերի վրա, հավատացի իմ ուժերին: ԳՊՀ-ում դասախոսների և ուսանողների միջև կապը ջերմ է, անմիջական և անեղծ: Ուսանողները կրթվում են, գիտակցում սեփական մշակույթի` լեզվի, պատմության, արվեստի, ազգային այլ արժեքների կարևորությունը և դառնում դրանց կրողն ու տարածողը:

  —Ինչպիսի՞զգացողություններ ունեցաք՝ ստանալով 2021 թվականի «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելու մասին լուրը։

Անկեղծ ասած անհանգիստ էի, սպասում էի հեռախոսազանգի: Մի պահ նույնիսկ մտածեցի, որ հավանաբար որևէ հորիզոնական չեմ զբաղեցրել: Բայց ահա, 2022 թվականի փետրվարի 1-ին հնչեց հեռախոսազանգը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էր: Ուրախությունս անբացատրելի էր, անմիջապես տեղեկացրի ծնողներիս: Փետրվարի 4-ին կայացավ մրցանակաբաշխությունը։ Հայտարարվեց, որ զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը: Ե՛վ հպարտ էի, և՛ հուզված, որ բարձր եմ պահել իմ բուհի պատիվը, և որ իմ դասախոսների աշխատանքն ու իմ ջանքերը գնահատվել են ըստ արժանվույն:

Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։

— Այսօր շատ բան է փոխվել իմ կյանքում: Կարելի է մի շարք թվարկումներ կատարել: Ինձ համար կյանքում առաջնայինը մարդ լինելն է, դիմացինի մեջ մարդ տեսնելը և գնահատելը: Սիրո և բարության շնորհիվ կարելի է փրկել աշխարհը, կանխել պատերազմներն ու աղետները, մարդկության դեմ ծառացած արհավիրքները, որոնք մեր օրերում, ցավոք սրտի, շատ-շատ են:

Ի՞նչ երազանքներ ունեք։

— Երազանքներ շատ ունեմ, բայց առաջնայինը հզոր հայրենիք ունենալն է: Դրան հասնելու համար յուրաքանչյուր ոք պետք է իր դիրքում և տեղում լինի: Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտություն և հրամայական պահանջ է լավ մասնագետ լինելն ու հայրենիքին ծառայելը:

Ի՞նչ սկզբունքների եք դավանում։

— Ինքս պատասխանատու, պարտաճանաչ և աշխատասեր մարդ եմ: Մորիցս եմ ժառանգել: Ձգտում եմ հետ չմնալ ընկերներիցս, հասնել առավելագույնին: Երբեմն չափից դուրս պահանջկոտ եմ իմ նկատմամբ, փորձում եմ ինքնահաստատվել, իրացնել իմ ունակությունները, օգտակար լինել ընտանիքիս, համայնքիս, հայրենակիցներիս: Կյանքում գլխավոր սկզբունքս է՝ ցանկացած իրավիճակում մարդ մնալ և սեփական ես-ը չկորցնել:

-Նշեք այն  հատկանիշները, որոնք ըստ Ձեզ՝ ամենակարևորն են մարդու համար։

— Մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում եմ ազնվությունը և բարությունը, դիմացինին օգնելու պատրաստակամությունը: Նա, ով ունի այս հատկանիշները, կյանքում կգտնի իր տեղը:

Ո՞ր գրողի ստեղծագործություններն եք սիրով ընթերցում։

-Շատ եմ սիրում կարդալ: Ընթերցանությունը լուսավորում է հոգին, ոգեշնչում ու զորացնում մարդուն, նրա մեջ առաջացնում լավագույն ձգտումներ, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը: Սեղանիս գիրքն ամերիկացի դասական Հերման Մելվիլի «Մոբի Դիք կամ Ճերմակ կետաձուկը» վեպն է: Գիրքը պատմում է այն մենամարտի մասին, որ մարդկային բնավորությունն ու կամքը մղում են ճշմարտության ու արդարության որոնումներին խոչընդոտող չար ուժերի դեմ: Սիրում եմ ընթերցել Վիլյամ Սարոյանի գործերը: Մեծանուն հայը ինձ համար բոլոր ժամանակների գրող է, և նրա խոսքերը, այսօր առավել քան երբևէ, արդիական են. «Քանի ապրում ես, ոչինչ չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, մի՛ կռվիր քո նմանի դեմ և եթե ուզում ես հաղթել, հաղթիր սիրելով ու խնդությամբ: Մարդը ծնվել է ապրելու, ոչ թե պատերազմելու համար»:

Ընթերցանությունից բացի, ազատ ժամերին ինչով եք զբաղվում, ի՞նչ նախասիրություններ ունեք։

-Սիրում եմ լեզուներ ուսումնասիրել: Համալսարանում բացի անգլերենից և ռուսերենից, ուսումնասիրում ենք նաև գերմաներեն և ֆրանսերեն: Կարծում եմ, լեզվի իմացությունը կարևոր է կյանքում: Վայելք է, երբ կարողանում ես համաշխարհային մեծություններին կարդալ բնագրով:

-‹‹Լավագույն ուսանող›› տիտղոսը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում։

— Ստացա բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ: Հաճելի էր և հուզիչ: Այս մրցանակը շատ պարտավորեցնող է: Այսուհետ կանեմ ավելին, որպեսզի բարձր պահեմ իմ բուհի անունը և արդարացնեմ ինձ վստահողների հույսերը:

Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի  հաղթեն ‹‹Լավագույն ուսանող››  մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։

—  Ես հպարտ եմ, որ Գավառի պետական համալսարանի ուսանող եմ: Իմ կրտսեր ընկերներին, ԳՊՀ ուսանողներին կտամ հետևյալ խորհուրդը՝ կրթե՛ք ձեր միտքն ու հոգին, եղե՛ք ուժեղ և հիշե՛ք. աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին:

Կարծում եմ, երիցս ճշմարիտ է ասված․ ‹‹Ճանաչի՛ր ինքդ քեզ››։ Ինքնաճանաչությամբ մարդը դառնում է ինքնավստահ և աներկյուղ:

Սիրե՛նք մեր հայրենիքը,  խոնարհվե՛նք հերոս հայորդիների  լուսե հիշատակի առջև, երդվե՛նք Եռաբլուրում: Հայն անպարտ է, երբ հավատում է իր ուժին ու  ոգեղենությանը: Վստահե՛նք և հավատա՛նք մեր ուժերին, ապրե՛նք ու արարե՛նք մեր հայրենիքում և ի լուր աշխարհի գոչե՛նք.

-Մենք հա՛յ ենք, մենք Հայկ Նահապետի ժառանգնե՛րն ենք, ուրեմն պետք է պայքարե՛նք, փորձությունները հաղթահարե՛նք և մեր պապերի սրբազան հողի վրա մեր տունը կառուցե՛նք ու շենացնե՛նք:

— Շնորհակալություն››։

 

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և

 լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը