Ողջունում եմ Գավառի պետական համալսարանի պաշտոնական կայքի բոլոր այցելուներին։

Շնորհակալություն եմ հայտնում համալսարանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։

Հավաստիացնում եմ, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմն աշխատում է այն գիտակցումով, որ հասարակության ու պետության կյանքի բոլոր ոլորտներում զարգացում ապահովելու համար պահանջվում են խորը գիտելիքներով զինված, որակյալ մասնագետներ, որոնք համապատասխանում են աշխատաշուկայի պահանջներին, գործատուների կարիքներին ու ակնկալիքներին:

Արդյունավետ կրթական գործընթաց կազմակերպելու և մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով բուհում իրականացվել են բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ, վերանայվել են մասնագիտական կրթական ծրագրերը, բոլոր մասնագիտությունների գծով բարելավվել ու արդիականացվել են բազային և աշխատանքային ուսումնական պլանները: Արդիականացվել են կրթական գործընթացի նորմատիվ-փաստաթղթային, մեթոդաբանական հիմքերը: Մշակվել և ընդունվել, ինչպես նաև լրամշակվել ու նոր խմբագրությամբ համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատվել են ութսունից ավելի կանոնակարգեր ու ընթացակարգեր, որոնք կարգավորում են ուսումնական գործընթացի բոլոր փուլերը, ինչպես նաև սահմանում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:

 

Բուհի կառավարման գործընթացին մասնակցում են ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ: Գործում են արդյունավետ հետադարձ կապեր հոգաբարձուների խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի, դեկանատների, ամբիոնների, ուսանողների, ինչպես նաև ծնողական համայնքի և գործատուների միջև:

Համալսարանում ակտիվորեն գործում են ուսանողական ինքնակառավարման մարմինները՝ ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը: Ուսանողները մասնակցում են ԳՊՀ ակադեմիական ազնվության հայեցակարգի և հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի դրույթների կենսագործմանը:

Համալսարանը շարունակական միջոցներ են ձեռնարկվում ուսումնական գործընթացը կադրային, նյութատեխնիկական, տեղեկատվական և այլ անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու, արդյունավետ կրթական միջավայր ձևավորելու և բուհի ռազմավարական խնդիրները լուծելու համար:

ԳՊՀ-ում ներդրվել են կրթության որակի ներքին ապահովման կառուցակարգեր, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ, սովորողների գիտելիքների ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման ֆակուլտետներում:

 ԳՊՀ-ն տարեց տարի ընդլայնում է արտաքին համագործակցության ուղեծիրը՝ անդամակցելով քսանից ավել միջազգային ծրագրի։ Բուհն ապահովում է ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունություն, ինչին նպաստում են Եվրամիության «ERASMUS+» ծրագրերը:

ԳՊՀ-ն ակտիվորեն համագործակցում է պետական և հասարակական ինստիտուտների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, գիտակրթական, երիտասարդական, մշակութային կառույցների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասնյակների, բազմաթիվ գործատուների հետ՝ այն խորին համոզմամբ, որ զարգացում ու առաջընթաց են ապահովում միայն բաց, թափանցիկ համակարգերը: Իսկ այդ համակարգի կարևոր դերակատարներն են ուսանողները, որոնց հայրենասիրական, քաղաքացիական, գեղագիտական, իրավական, մշակութային, բարոյական դաստիարակության նպատակով բուհում պարբերաբար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, ցերեկույթներ, քննարկումներ ու բանավեճեր, խրախուսվում են ակտիվ ուսանողները, կիրառվում են ուսման վարձավճարի զեղչեր, իրականացվում սոցիալական օժանդակության տարբեր ծրագրեր։

Համալսարանում աշխատում է համախոհների նվիրյալ աշխատակազմ, որը ստեղծագործ ու նպատակասլաց աշխատանքով ապահովում է  ցանկալի արդյունք:

Քսանմեկերորդ դարում համալսարանները ոչ միայն պետք է ստանձնեն որակյալ մասնագետների պատրաստման, գիտելիքների փոխանցման ու վերարտադրության առաքելությունը, այլև պետք է դառնան գիտելիքահեն հասարակության առանցքն ու առաջմղիչ ուժը:

 

Ռ. Խ. ՀԱԿՈԲՅԱՆ
Գավառի պետական համալսարանի ռեկտոր