ՖԻՆԱՆՍՆԵՐ
Ֆինանսներ մասնագիտությունն անհրաժեշտ է հասարակության պատշաճ կենսագործունեության և տնտեսության տարբեր ոլորտներում ֆինանսական հարաբերությունների ձևավորման ու կանոնակարգման համար: Ֆինանսների մասնագետն իրականացնում է ժամանակակից ձեռնարկության ֆինանսական կառավարումը, կայացնում ինքնուրույն որոշումներ, լուծում խնդիրներ` ղեկավարվելով ֆինանսատնտեսական բնագավառի ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներով:
Այս մասնագիտությամբ սովորող ուսանողները հիմնական կրթական ծրագրի շրջանակներում տիրապետում են աշխարհայացքային և մասնագիտական խոր գիտելիքների, ֆինանսատնտեսական բնույթի հիմնախնդիրների էությունը հասկանալու կարողությունների, ազգային և միջազգային տնտեսական համակարգերի փոփոխման և զարգացման ընդհանուր օրինաչափություններին և առանձնահատկություններին, տնտեսության իրական հատվածի և մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծության մեթոդներին: Ուսանողը պատկերացում է կազմում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարման, ֆինանսական մեթոդաբանության զարգացման, տնտեսավարման արդյունավետության բարձրացման միջոցառումների մշակման և իրականացման կառուցակարգերի մասին: Ուսումնառության ընթացքում սովորողը հիմնավոր գիտելիքներ է ստանում ձեռնարկության վարկունակության գնահատման և ֆինանսական պլանավորման սկզբունքների, ծրագրային բյուջետավորման գործիքների, հաշվապահական փաստաթղթերի վերլուծության մեթոդների, ֆինանսատնտեսական տվյալների վերլուծության եղանակների վերաբերյալ:
Ֆինանսներ մասնագիտությամբ շրջանավարտը կարող է աշխատել հետևյալ բնագավառներում`
- պետական մարմիններում,
- տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
- բանկային համակարգում,
- ներդրումային և ապահովագրական կազմակերպություներում
- առևտրային և ոչ առևտրային կամակերպություններում,
- հասարակական և այլ կառույցներում: