ԱՅՍՕՐ ՀԱՅ ՔՆԱՐԵՐԳՈՒ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյանը) ծնվել է 1885 թվականի փետրվարի 9-ին, Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնել է Թիֆլիս և սովորել ռուսերեն՝ Մոսկվայի Լազարյան ճեմարան ընդունվելու նպատակով։ 1899 թվականին Տերյանը ընդունվել է Լազարյան ճեմարան, որտեղ ծանոթացել է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի հետ։ Ավարտել է ճեմարանը 1906 թվականին և ընդունվել Մոսկվայի համալսարան, սակայն կարճ ժամանակ անց ձերբակալվել է հեղափոխական գործունեության համար։
1908 թվականին Թիֆլիսում լույս տեսավ Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը ջերմորեն ընդունվեց թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվեց բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի»շարքը։
1912 թվականին Տերյանը հիմնադրեց «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալեց գրահրատարակչական, թարգմանական գործունեություն։
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցեց Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն թարգմանեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
Տերյանը իր գործունեությունը ծավալվել է այն տարիներին, երբ համաշխարհային մշակույթն ու արվեստը ապրում էին «գեղարվեստական հեղափոխության շրջան»։ Դա մի շրջան էր, երբ կարևորագույն խնդիր էր կյանքի իմաստի որոնումը։ Այդ իմաստը Տերյանի հերոսը որոնել է սիրո մեջ։
Նրա քնարական ապրումները, հատկապես անհույս սիրո, թախծի ու տառապանքի զգացմունքները համամարդկային են։ Տերյանի ստեղծագործությունն իր ներքին լիցքերը ստացել է ազգային, հանրային և ընդհանրապես մարդկային կյանքի բարդ ու ողբերգական հեղաբեկումներից։
Տերյանը հետևողականորեն կիրառել և կատարելության է հասցրել բանաստեղծական շարքերի սկզբունքը։ Հոգեբանական տարբեր անցումներով հանդերձ՝ այդ շարքերը («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ», «Կատվի դրախտ» և այլն) ստեղծում են քնարական հերոսի ներքին կյանքի ամբողջական համակարգ։ Բանաստեղծի կյանքի նպատակը դառնում է ապրելու իրավունքը խորհրդանշող մեծ սիրո անընդհատ, անվախճան որոնումը:
Տերյանը նորովի է անդրադարձել հայրենիքի քաղաքական ճակատագրին։ Նա տեսել է առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ․) արհավիրքները, Արևմտյան Հայաստանի ամայացումը, իր ժողովրդին պատուհասած արյունոտ Եղեռնն ու բռնագաղթը։
Տերյանը արմատական հեղաշրջում է կատարել հայկական տաղաչափության մեջ՝ վանկային համակարգով գրված բանաստեղծությունների կողքին ստեղծելով նաև վանկաշեշտային կառուցվածքով գրված գործեր։ Նա բացառիկ կատարելության հասցրեց հայ բանաստեղծության կշռույթը՝ սկսած ոտքից ու տողից մինչև տուն, հնչյուն և կազմություն։ Նրա լեզուն իր հղկվածությամբ, մաքրությամբ և հարստությամբ արևելահայ գրական լեզվի ամենաբարձր ու կատարյալ դրսևորումներից է։ Նա ստեղծեց իր ուրույն գրական ոճը և դպրոցը, որին հետագայում հարեցին շատ բանաստեղծներ։
Տերյանը գրել է նաև գրական-քննադատական և հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ։ Նրա գրական ժառանգության անբաժան մասն են կազմում նաև նամակները։
Վահան Տերյանը մահացել է 1920 թվականի հունվարի 7-ին և հուղարկավորվել հայկական գերեզմանատանը։ Որպես Տերյանի խորհրդանշական աճյուն՝ 1970թ․-ին այդ գերեզմանատնից մի բուռ հող է բերվել և ամփոփվել Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: