ՈԱԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ԳՊՀ ԱՌՑԱՆՑ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
Այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի /ՈԱԱԿ/ կողմից իրականացվեց Գավառի պետական համալսարանի՝ որպես ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բարձրագույն ուսումնական հաստատության որակի ներքին ապահովման համակարգի գործունեության մշտադիտարկում:
ՈԱԱԿ-ի մասնագետներ Արմինե Մհերյանը և Մերի Բարսեղյանն անցկացրին առցանց քննարկումներ համալսարանի ներկայացուցիչների՝ ուսանողների, դասախոսների, ամբիոնների վարիչների, որակի ապահովման բաժնի մասնագետների, ղեկավար կազմի հետ։
Մշտադիտարկման ընթացքում քննարկվեցին կրթության առցանց կազմակերպման և հեռավար ուսուցման որակի ապահովման հետ կապված հարցեր։
Համալսարանականները մասնավորապես նշեցին, որ ԳՊՀ-ն կարողացավ հեռավար կրթությունը օպերատիվ կազմակերպել, քանի որ 2010-2011 ուսումնական տարվանից բուհում ներդրվել է էլեկտրոնային ուսուցման համակարգ (E.Learning.gsu.am), որը տարիների ընթացքում բարելավվել է, և նոր ծրագրային հիմքով գործարկվել է ԳՊՀ էլեկտրոնային ուսուցման նոր համակարգը (Learn.gsu.am)։
Համալսարանն ունի նաև էլեկտրոնային գրադարան (Library.gsu.am), ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ծրագիր (Examination.gsu.am), այլ վիրտուալ գործիքներ։ Այս բոլոր հնարավորությունները բուհի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի կողմից ստեղծված նոր թվային ենթահամակարգերի հետ միասին կազմեցին ‹‹Էլեկտրոնային ԳՊՀ›› համակարգը, որը լուծեց իր առջև դրված խնդիրներն ու ապացուցեց իր կենսունակությունը, ինչը փաստեցին թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները։
Մշտադիտարկման ընթացքում քննարկման առարկա դարձան նաև ուսանողակենտրոն կրթության, նոր պայմաններում սովորողների վերլուծական մտածողության և գործնական կարողությունների զարգացման, գործատուների հետ համագործակցության, ԳՊՀ որակի ապահովման բաժնի աշխատանքների, բուհի իրականացրած բովանդակային և կառուցվածքային բարեփոխումների հետ կապված հարցեր։
Գավառի պետական համալսարանը մշտադիտարկումները կարևորում է որպես բուհի գործունեության արդյունավետությանը նպաստող և որակի մշակույթն ամրապնդող կառուցակարգ։