ԽՈՐԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅՈՐԴՈՒ՝ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Խորին կսկիծով հայտնում ենք, որ ի Տեր է ննջել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի նվիրյալ դասախոս Գևորգ Ենոքի Հովսեփյանը, ով տարիներ շարունակ աշխատել է նաև Գավառի պետական համալսարանում և իր անգնահատելի ներդրումն ունեցել իրավաբան մասնագետների պատրաստման գործում։
Գավառի պետական համալսարանի ռեկտորատի անունից խորին ցավակցություն ենք հայտնում Գևորգ Հովսեփյանի ընտանիքին ու մերձավորներին, գործընկերներին, բոլոր նրանց, ում համար թանկ է նրա հիշատակը։
Նա հայրենասեր մտավորական էր, սիրված դասախոս, ազգային արժեքներ կրող և տարածող իրավագետ, հմուտ մանկավարժ, ով ուսանողների բազում սերունդներ է կրթել ու դաստիարակել, զինել Հայոց պետության և իրավունքի պատմության, քաղաքական և իրավական ուսմունքների իմացությամբ, Հայրենիքն ու ժողովրդին ամեն ինչից վեր դասելու և անմնացորդ ծառայելու վեհ գաղափարներով։
Հենց այդ հավատամքն ու դաստիարակությունն էր, որ առաջնորդեց կրտսեր Գևորգին՝ իր պապիկի արժանի թոռնիկ Գևորգ Արշակյանին, նետվել Արցախյան պատերազմի բոցերի մեջ և իր մատաղ կյանքը զոհաբերել վասն Հայրենյաց։
Գևորգ Հովսեփյանը օրինակելի ծնող էր և ընտանիքի նահապետ։ Այսօր նրա զավակները կարևոր ներդրում ունեն Հայաստանի Հանրապետության արդարադատության և իրավապահ համակարգում, այլ ոլորտներւմ։
Նրա դասախոսությունները ոչ միայն իրավունքի, այլև հայրենասիրության ու ազգասիրության, բարության ու ազնվության, մարդասիրության ու համամարդկային արժեքների մասին էին։
Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, իր ջերմ բարեկամ Հրանտ Հակոբյանի հրավերով Գևորգ Հովսեփյանը եկավ աշխատելու հայրենի եզերքում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունում և իր խոր գիտելիքներով ու հարուստ կենսափորձով անգնահատելի ներդրում ունեցավ բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի կայացման գործում։
Բոլորիս սիրելի ընկեր Հովսեփյանը, այնքան խելացի ու խոհեմ, բարի ու ազնիվ ընկերն ու բարեկամը, ուշադիր և հոգատար դասախոսն ու խորհրդատուն կշարունակի իր հոգևոր ներկայությունը, կշարունակի ապրել նրան ճանաչողների հիշողություններում, քանզի կարողացել է ողջ գիտակցական կյանքում իր բացառիկ էությամբ, վեհ նկարագրով դաս և օրինակ լինել երիտասարդ սերնդի համար։
Գևորգ Հովսեփյանի ուսանողներն ու բարեկամները կշարունակեն զգալ սիրելի ու թանկ մարդու ներկայությունը, հիշել ջերմ խոսքերն ու պատվիրանները։
Նա Մարդ էր մեծատառով, սիրված ուսուցչ, բարեխիղճ գիտնական, նվիրյալ իրավագետ և իսկական քաղաքացի։
Խորին հարգա՜նք ու խոնարհում Գևորգ Հովսեփյանի պայծառ հիշատակին։
Թող լույս իջնի նրա շիրիմին։
‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի և
վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››:
Գավառի պետական համալսարանի ռեկտորատ