ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՌԱՋԻՆՆ Է ‹‹ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ›› ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎՈՎ
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի /ԿԳՄՍ/ նախարարությունում կայացավ 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգեցին Արցախյան պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։
«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվեց 16 բուհի 38 ուսանող, որից 6-ը Գավառի պետական համալսարանի ուսանողներն են։ Այսպիսով, ինչպես վերջին տարիներին, այնպես էլ 2020 թվականին կայացած մրցույթում ամենամեծ թվով հաղթողները Գավառի պետական համալսարանի ուսանողներն են։
Շնորհավորում ենք 2020 թվականի Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանողներ ճանաչված ԳՊՀ ուսանողներ Ռուզաննա Վարդանյանին, Ալլա Սարգսյանին, Լուիզա Ապկարյանին, Խորեն Բաղդասարյանին, Գոհար Պետրոսյանին, Մերի Կարապետյանին և բոլոր արժանի երիտասարդներին, մաղթում նրանց գերազանց ցուցանիշներ գործունեության բոլոր ոլորտներում, ամենայն բարիք։
Ջերմորեն շնորհավորելով հաղթողներին՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը երախտագիտություն հայտնեց լավագույն ուսանողների ուսուցիչներին և դասախոսներին՝ սիրով ու նվիրումով աշխատելու և տարիներ շարունակ լավագույն արդյունքներ արձանագրելու համար։ Տիկին Հակոբյանը վստահություն հայտնեց, որ ուսանողներն իրենց գիտելիքներով ու կարողություններով կնպաստեն մեր երկրի զարգացման հույժ կարևոր գործին։