ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ․ԳՈՀԱՐ ՀԱՅԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
‹‹ — Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը։
Ես Գոհար Հայկի Պետրոսյանն եմ: Ծնվել եմ 1999թ.-ի հունիսի 9-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում: 2006 թվականից սովորել եմ Գանձակ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների, մրցույթների և միջոցառումների: 2017թ.-ին, ավարտելով դպրոցը, հաջողությամբ ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությւոնների ֆակուլտետի պատմության բաժին, որտեղ հմուտ և բանիմաց դասախոսների շնորհիվ ստացել եմ հարուստ գիտելիքներ, կատարել եմ գիտահետազոտական աշխատանքներ, անդամակցել համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմիններին։ Մասնակցել եմ մի շարք ուսանողական, հանրապետական և միջազգային գիտաժողովների: Ունեմ նաև տպագրված հոդվածներ: 2020թ.-ին ընտրվել եմ Գավառի պետական համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ: Նախաձեռնել և իրականացրել եմ մի շարք միջոցառումներ և ցերեկույթներ՝ աշխատելով ակտիվացնել բուհ-դպրոցներ համագործակցությունը:
2020թ.-ին հաղթել եմ «Հայաստանի Հանրապետության Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում, «Հայագիտության» ոլորտում զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:
Հաջողության հասնելու երաշխիքը տրված ժամանակը հնարավորինս ճիշտ օգտագործելն է, մշտապես սովորելը և գիտելիքի հզոր ուժով զինվելն է: Կարծում եմ, իմ հաջողության գրավականը հենց այն է, որ կյանքում դժվարությունների առջև չեմ կանգնում, այլ հակառակը՝ միջոցներ և ուղիներ եմ փնտրում առաջադրված նպատակներին հասնելու համար: Վստահում եմ ինքս իմ ուժերին և հավատում եմ, որ դեպի հաջողություն տանող բանալին իմ ձեռքերում է գտնվում:
—Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք՝ ստանալով 2020 թվականի «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելու մասին լուրը։
Մինչ երկար սպասված հեռախոսազանգը ստանալը, արդեն տեղեկացել էի, որ մրցույթի 2-րդ փուլի արդյունքներն ամփոփվել են, սակայն դեռևս հայտնի չեն հաղթող ուսանողների անունները: Այդ օրից սկսած բավականին անհանգիստ էի և ամեն րոպե սպասում էի հեռախոսազանգի: Երբ ստացա սպասված հեռախոսազանգը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ուրախությունից շփոթվել էի՝ անբացատրելի են այդ վայրկյանների ապրումները: Սակայն ինձ համար առավել անսպասելին մրցանակային տեղն էր: Երբ լսեցի, առաջին հորիզոնական՝ ուրախության և հուզմունքի անասելի պահեր ապրեցի:
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
Կյանքում ինձ համար առաջնայինը խաղաղությունն է: Հետպատերազմյան դժվարագույն այս ժամանակաշրջանում առավելագույնս իմաստավորվեց խաղաղության արժեքը: Եթե խաղաղություն տիրի երկրում, և խաղաղ ու ներդաշնակ ապրես շրջապատիդ ու ինքդ քեզ հետ, ամեն ինչ հնարավոր է իրագործել՝ նպատակասլացության ու աշխատասիրության շնորհիվ:
—Ի՞նչ երազանքներ ունեք։
Մենք մեր երազանքների իրականացմանը սրտի թրթիռով ենք սպասում: Սպասում ենք այն պարզ պատճառով, քանի որ հավատում ենք: Բայց հավատը քիչ է՝ երազանքներին հասնելու համար նպատակադրվել է պետք: Ես այսօր առավել քան երբևէ, երազում եմ հայրենիքիս համար արժանի քաղաքացի լինել, կարողանալ իմ ընտրած մասնագիտությամբ և իմ գործունեությամբ կատարել այնպիսի գործեր, որոնք կնպաստեն Հայաստանի ամրացմանն ու կայացմանը:
—Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
Ինձ համար առաջնային է պատասխանատվության զգացումն ու սեփական ուժերի հանդեպ հավատով լցված լինելու գիտակցումը: Ես ինքս ինձ համար սահմանել եմ այն չափանիշը, որ պետք է ձգտեմ առաջ անցնել ոչ թե ուրիշներից, այլ ինքս ինձանից, և արդարև կյանքում առաջ գնալու միակ բանաձը՝ անձնային շարունակական աճն է, ինքնակատարելագործումը:
-Ճի՞շտ եք արդյոք ընտրել Ձեր մասնագիտությունը։
Ես այն երջանիկներից եմ, որոնք մասնագիտության ընտրության հարցում երբեք չեն տարակուսել: Պատմության հանդեպ սերն ինձ մոտ ձևավորվել է դեռ փոքր տարիքից, երբ դեռ նոր-նոր ծանոթանում էի հայրենիքիս հարուստ պատմությանը: Խորությամբ ուսումնասիրելով հայ և համաշխարհային պատմության առանցքային իրադարձությունները՝ վերջնականապես հասկացա որ առանց պատմության չկա ներկա, չկա ապագա, չկա ազգ, ժողովուրդ, հավատ և հայրենիք: Ի վերջո՝ պատմությունը կյանքի ուսուցիչն է, որից կարելի է դասեր քաղել ապագայի համար:
—Ձեր խորհուրդը ԳՊՀ ուսանողներին։
ԳՊՀ ուսանողներին խորհուրդ կտամ առաջինը հավատալ սեփական ուժերին․ ամեն բան հնարավոր է եթե կա գոնե մանանեխի չափ հավատ: Կարևոր է հավատ և գերնպատակ ունենալը՝ կրթվել ամեն վայրկյան, անդուլ աշխատել, չսահմանափակվել ունեցած գիտելիքներով, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա:
Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պատվով կրել Գավառի պետական համալսարանի ուսանող լինելու պատիվը։ ԳՊՀ-ն այն բարձրագույն կրթական հաստատությունն է, որն իր ողջ ներուժը կենտրոնացրել է հանուն վեհ նպատակի՝ հանուն հայրենիքի կրթել և դաստիարակել բանիմաց մասնագետների և պետության պատասխանատու քաղաքացիների››։
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին
կապերի և լրատվության բաժնի
մասնագետ Նունե Միրիբյանը