ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԼՈՒԻԶԱ ԱՐՏԱԿԻ ԱՊԿԱՐՅԱՆ
«- Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը։
Ես Լուիզա Ապկարյանն եմ՝ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի։ 2018 թվականին ավարտել եմ Գավառի Մնացական Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, 2013 թվականին՝ Գավառի արվեստի դպրոցը: «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ակտիվ կամավոր եմ, «ԷկոՀաբ» /նախկինում «ԷկոԼաբ»/ հիմնադրամի 2019 թվականի շրջանավարտ։
Իմ հաջողության պատմությունը կերտել եմ քրտնաջան աշխատանքով, փորձելով և ձախողվելուց չվախենալով, պատասխանատու և բարեխիղճ լինելով, մշտապես սովորելով և ընկերներիս օգնության հասնելու պատրաստակամությամբ։
-Ինչպիսի՞զգացողություններ ունեցաք՝ ստանալով 2020 թվականի «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելու մասին լուրը։ Լուրն անսպասելի էր։ Երբ լսեցի, նախ ուրախացա, ապա ինձ ավելի պարտավորված զգացի։ Մտածեցի, որ այսուհետ պետք է ոչ միայն պահպանեմ ձեռքբերումներս, այլ նաև պետք է անդադար աշխատեմ ու սովորեմ, բազմապատկեմ կարողություններս ու գնամ նոր հաջողություններին ընդառաջ։
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
Կյանքում ինձ համար առաջնայինն ընտանիքն ու հայրենիքն են, քանզի ընտանիքն է մարդու ուժն ու պաշտպանը, ընտանիքն է, որ բուժում է մարդու հոգու վերքերը, իսկ ընտանիքից սկսվում է հայրենիքը։ Ինձ համար կարևոր է նաև կյանքի բոլոր իրավիճակներում միշտ լավ մարդ մնալը, «Մարդ» բարձր կոչմանն արժանի լինելը, մարդկային արժեքների ու առաքինությունների մասին երբեք չմոռանալը։
-Ի՞նչ երազանքներ ունեք։
Երազանքս է Հայաստանը տեսնել ազատ, խաղաղ, կայուն, ապահով ու անվտանգ՝ իրենց արմատներին ամուր կառչած և հող հայրենին սիրող, աշխատող ու արարող քաղաքացիներով։
-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
Դավանում եմ «Չեմ կարողանում գոյություն չունի» սկզբունքին։ Կարծում եմ, որ չկա անհասանելի ոչինչ մարդու համար, եթե կա ցանկություն ու նպատակ, կամք, ձգտում ու աշխատանք։
-Ճի՞շտ եք արդյոք ընտրել Ձեր մասնագիտությունը։
Ժամանակ կար, երբ մտածում էի՝ ճիշտ չեմ ընտրել, սակայն խորանալով և ուսումնասիրելով մասնագիտությունս, հասկացա, որ արել եմ ճիշտ ընտրություն ոչ միայն մասնագիտության, այլև բուհի հարցում։
-Ձեր խորհուրդը ԳՊՀ ուսանողներին։
Երբեք չդադարել գործել, ապրել ակտիվ ու հետաքրքիր կյանքով, դրսևորել վերլուծական, քննադատական, ստեղծագործական մտածողություն, ցանկացած իրավիճակում գտնել իրատեսական լուծումներ, կայացնել խելամիտ րոշումներ, լինել հայրենիքի նվիրյալ զավակը, մեր պապերի արժանի հետնորդները, Արցախյան պատերազմի հերոսների գործը շարունակողը։ Անհրաժեշտ է միշտ հիշել, որ Հայաստանը սկսվում է հենց մեզանից, և ինչպիսին կլինենք մենք, այդպիսին էլ կլինի մեր երկիրը։ Ուրեմն, առաջ․․․
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին
կապերի և լրատվության բաժնի
մասնագետ Նունե Միրիբյանը