ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետում տեղի ունեցավ Համո Սահյանին՝ Հմայակ Սահակի Գրիգորյանին նվիրված ցերեկույթ։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել բնապաշտ բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները, արժևորել նրան որպես բնության և մարդկային ներաշխարհը գովերգող անհատի:

Միջոցառման մասնակիցները բնագիտական ֆակուլտետի Համակարգչային ճարտարագիտություն, Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժինների ուսանողներն էին, իսկ նախաձեռնողը՝ ուսումնական խորհրդատու Հերմինե Սաֆարյանը։ Ուսանողները ընթերցեցին հիշողություններ, ասույթներ՝ նվիրված Համո Սահյանին, ինչպես նաև ներկայացրին բանաստեղծի ստեղծագործություններից, որոնք ունկնդիրներին նվիրեցին հուզումնալից պահեր։

Ցերեկույթին մասնակցեցին և իրենց ուսուցողական ելույթներով ու ասմունքով միջոցառումն ամփոփեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բնագիտական, և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների դեկաններ Մարտին Ավագյանը և Համլետ Ղաջոյանը, պրոֆեսոր Պարույր Էֆենդյանը, փոխդեկան Սիրանուշ Խանդանյանը։

ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԲԻԶՆԵՍԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում գործող Տնտեսագետների ակումբի նախագահ Արեգա Հովհաննիսյանի, ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Խաչատրյանի նախաձեռնությամբ և ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանի աջակցությամբ տեղի ունեցավ հերթական վեբինար-քննարկումը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ֆինանսական վերլուծաբան Հայկ Թրունյանի հետ՝ «Հաճախորդակենտրոն բիզնես» թեմայով։

Այս անգամ հենց խոսնակի նախաձեռնությամբ ընտրվեց թեման և ծավալվեց բովանդակալից քննարկում։

Հայկ Թրունյանը ներկայացրեց հաճախորդի կենսական նշանակությունը բիզնեսի կայացման և զարգացման գործում, սեփական փորձի հիման վրա նշեց ռազմավարության մի քանի օրինակներ, որոնք կօգնեն ուսանողներին ապագայում ընտրել ճիշտ հասցեագրված լսարան և առավելագույնս արդյունավետ աշխատել նրանց հետ։

Քննարկման առանցքային հարցը գովազդն էր, որի մասին խոսելիս հատուկ անդրադարձ կատարվեց հաճախորդակենտրոն գովազդին, բերվեցին սոցիոլոգիական վելուծական տվյալներ և նշվեցին դրանց փոփոխությունների նախապայմանները։

Ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, նկարագրեցին իրենց նկատած սխալները, որոնց ականատես են եղել տարբեր ոլորտների կազմակերպությունների աշխատելաոճերում։

Խոսնակը պատրաստակամություն հայտնեց հյուրընկալվել Գավառի պետական համալսարան։

Նմանօրինակ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ  ԵՆՔ  ԵՎՐՈՊԱԿԱՆ  ԲՈՒՀԵՐՈՒՄ  ՍՈՎՈՐՈՂ ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ․ ԶԱՌԱ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

Զառա Պետրոսյանը ծնվել է 2000 թվականի մարտի 10-ին, Գեղարքունյաց աշխարհի պատմական և գողտրիկ մասում՝ Նորատուս գյուղում։ 2007-2019 թվականներին սովորել է Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին մասնակցել է արտադպրոցական տարբեր մրցույթների ու դասընթացների՝ արժանանալով բազմաթիվ պատվոգրերի և հավաստագրերի։

Սիրելով արվեստը, հատկապես, նկարչությունը, 2011-2015 թվականներին սովորել է Նորատուսի Արվեստի դպրոցի «Գեղանկարչության» բաժնում և գերազանցությամբ ավարտել այն։

Դեռ դպրոցական տարիներից՝ ընդգծված սեր է տածել դեպի օտար լեզուները և հաղթող է ճանաչվել Գավառի պետական համալսարանի կազմակերպած՝ անգլերենի աշակերտական օլիմպիադայում։  2019 թվականին ընդունվել և անվճար հիմունքներով սովորում է Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնում։ Այժմ սովորում է 4-րդ՝ ավարտական կուրսում։ Ուսումնառության ընթացքում Զառան ցուցաբերել է գերազանց առաջադիմություն, մասնակցել բազմապիսի միջոցառումների, դասընթացների, ինչպես նաև՝ միջազգային և հանրապետական գիտաժողովների, ունի տպագրված հոդվածներ, ճանաչվել է ԳՊՀ 2022 թվականի լավագույն ուսանող և ներկայացվել է ‹‹Լավագույն ուսանող›› մրցույթի հանրապետական փուլին։

Ուսմանը զուգահեռ, կամավորական գործունեություն է ծավալում մի քանի հասարակական կազմակերպություններում՝ որպես անգլերեն-հայերեն թարգմանչուհի և անգլերենի կրկնուսույց։

2022 թվականի հուլիսի 10-ից 24-ը ԳՊՀ քսան ուսանողների կազմում մասնակցել է Չեչնիայի Հանրապետության՝ ակադեմիկոս Մ․ Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի կազմակերպած «Ամառային համալսարան» ծրագրին։ Գրոզնիի համալսարանում Զառան մասնակցել է շաշկիի մրցույթի, գրավել 2-րդ հորիզոնականը և արժանացել պատվոգիր։ Գրոզնիում ԳՊՀ ուսանողների խմբի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Սահակյանի հետ միասին մասնակցել է «Կովկասը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում. պատմամշակութային ժառանգության պահպանման և բացառիկ օբյեկտների վերականգնման հիմնախնդիրները» խորագրով միջազգային  գիտաժողովին։

ԳՊՀ իրականացրած Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերից  Զառան սովորում է Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանում՝ պատվով ներկայացնելով իր հարազատ բուհը՝ Գավառի պետական համալսարանը։

 

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՈՍԿԵ  ՄԵԴԱԼՈՎ

Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Խաչիկի Հակոբյանը պարգևատրվել է համալսարանի ոսկե մեդալով։ Ռուզաննա Հակոբյանը 2003-2006 թվականներին աշխատել է որպես Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։ Ոսկե մեդալը շնորհվել է Ռուս-Հայկական համալսարանի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ Սլավոնական համալսարանում իրավագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Ռ․ Հակոբյանը խորին երախտագիտություն է հայտնել Սլավոնական համալսարանում իր աշխատանքը բարձր գնահատելու համար և Գավառի պետական համալսարանի անունից շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել քառորդդարյա փառահեղ կենսագրություն հյուսած համալսարանին՝ նշելով, որ Սլավոնական համալսարանը ոչ միայն բուհ է, այլև սոցիալ-մշակութային տաճար, հիմնված ազատության, արդարության և այն  բարձր արժեքների վրա, որոնք տարածում է ռեկտոր  Արմեն Ռազմիկի Դարբինյանը։ ‹‹Ես ամենուր հանդիպում եմ Սլավոնական համալսարանի շրջանավարտների, որոնք ինձ հոգեհարազատ մարդիկ են, քանի որ մենք կրում ենք այդ ընդհանուր արժեքները››,-նշել է տիկին Հակոբյանը։

Հավելենք, որ Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանի ոսկե մեդալը  2010 թվականից գիտական խորհրդի որոշմամբ շնորհվում է բուհի աշխատակիցներին և պրոֆեսորադասախոսական կազմի անդամներին՝ համալսարանի կայացման և զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար /աղբյուրը՝ www.rau.am

РЕКТОР ГАВАРСКОГО ГОСУНИВЕРСИТЕТА РУЗАННА АКОПЯН НАГРАЖДЕНА ЗОЛОТОЙ МЕДАЛЬЮ РАУ

Постановлением Ученого совета вуза доктор юридических наук, доцент, ректор Гаварского государственного университета Рузанна Хачиковна Акопян награждена Золотой медалью Российско-Армянского университета. Награда присуждена в связи с 25-летием со дня учреждения Российско-Армянского университета, за весомый личный вклад в организацию в РАУ процесса подготовки специалистов в области правоведения. Поздравляем Рузанну Акопян и желаем благополучия и реализации всех намеченных планов!

Ректор Гаварского государственного университета Рузанна Акопян: “Российско-Армянский университет — это не просто университет, это социально-культурный храм, это ценности, высокие ценности: справедливость, свобода и все те ценности, которые Армен Размикович Дарбинян распространяет. Я везде и всегда встречаю раушников, и мы сразу сродняемся, потому что носим эти общие ценности”.

Отметим, что Золотая медаль Университета была учреждена в 2010 году. По решению Ученого совета РАУ она вручается с целью подтверждения заслуг профессорско-преподавательского состава и сотрудников вуза, внесших значимый вклад в становление и развитие Российско-Армянского университета.

/www.rau.am/

ԳՊՀ-ՈՒՄ  ԿԱՅԱՑԱՎ  ՑԵՐԵԿՈՒՅԹ «ԵՂԻՇԵ  ՉԱՐԵՆՑԸ՝  ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ»  ԽՈՐԱԳՐՈՎ

Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհրդի, բանասիրական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ալինա Ղարիբյանի  և գրադարանավարուհի Ալվարդ Թոռչյանի նախաձեռնությամբ բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցին նվիրված ցերեկույթ, որի նպատակն էր արժևորել հայ մեծ բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները և դրանք ներկայացնել սերունդների աչքերով ու ընկալմամբ:

Միջոցառման մասնակիցները համալսարանի բանասիրական, հումանիտար մասնագի­տությունների, բնագիտական և տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներն էին։ Իրենց գեղեցիկ ասմունքով, երգային ու պարային կատարումներով միջոցառմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնք համալսարան էին եկել ուսուցչուհիներ՝ ԳՊՀ շրջանավարտներ Աննա Ասատրյանի և Լիլիթ Մելքոնյանի  ուղեկցությամբ:

Չարենցյան ցերեկույթին ներկա էին ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Գրիգորյանը, դասախոսներ Արուսյակ Մուխսիխաչոյանը, Նաիրա Իսկանդարյանը, ուսանողներ, գրող, բանաստեղծուհի Նելլի Գեղաման։

Նախքան միջոցառումը սկսելը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի անմահացած հերոսների  հիշատակը։

Ներկայացնելով հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի կյանքի հիշարժան դրվագները՝ մասնակիցները բեմականացրին նրա զրույցը ուսանողների հետ, այնուհետ ասմունքեցին Չարենցի բանաստեղծություններից։

Ամփոփիչ խոսքով հանդես եկան ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Գրիգորյանը՝ կարևորելով աշակերտների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին։ Բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը ընդգծեց երիտասարդ սերնդի կողմից Չարենցի ստեղծագործությունների և չարենցյան աշխարհի բացահայտման անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ ուսանողների և աշակերտների համատեղ միջոցառումները կլինեն շարունակական:

Իր ստեղծագործություններով ներկայացավ բանաստեղծուհի Նելլի Գեղաման։

Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Մելքոնյանը, կարևորելով Գավառի պետական համալսարանի հետ համագործակցությունը, իր ամփոփիչ խոսքում նշեց, որ աշակերտները սիրով կմասնակցեն նաև հետագա միջոցառումներին։

ԱՅՍՕՐ ԳՊՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՌԵԿՏՈՐ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 95 ՏԱՐԵԿԱՆ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի, Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանն այսօր կդառնար 95 տարեկան։

Նվիրյալ հայորդին ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 17-ին, Նոր Բայազետի շրջանի (այժմ` Գեղարքունիքի մարզի) Սարուխան գյուղում` արհեստավորի ընտանիքում:

1944 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը:

1944-1946 թվականներին աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: 1946-1948 թվականներին սովորել և ավարտել է Կամոյի (Գավառի) մանկավարժական տեխնիկումը: Այնուհետ կրթությունը շարունակել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:

1948-ից 1950 թվականներին` երկու տարվա ընթացքում, գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը: 1950-1954 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է  Վարդենիսի, ապա Կամոյի շրջանի Կարմիրգյուղի, Բատիկյանի (այժմ` Գանձակ գյուղի) դպրոցներում, ապա նշանակվել Գեղարքունիք գյուղի դպրոցի ուսմասվար:

Աշխատանքին զուգահեռ` Հրանտ Հակոբյանը 1954 թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ և 1956 թվականին գերազանցությամբ, էքստեռն կարգով ավարտել այն: Միաժամանակ սովորել և ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան` փիլիսոփայություն մասնագիտությամբ:

1956 թվականին Հրանտ Հակոբյանը նշանակվել է Սարուխանի միջնակարգ դպրոցի տնօրեն և այդ պաշտոնում աշխատել մինչև 1962 թվականը:

Հրանտ Հակոբյանի կազմակերպական փայլուն տաղանդի, հմուտ մանկավարժական կարողությունների շնորհիվ դպրոցը դառնում է շրջանի առաջատար կրթօջախներից մեկը, և նրա փորձը բազմիցս խրախուսվում է ՀԽՍՀ լուսավորության նախարարության կոլեգիայի նիստերում:

Նա 1962 թվականին նշանակվել է Կամոյի կուսշրջկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ:

Երկու տարի անց դարձյալ վերադարձել է կրթության ոլորտ, քանզի մանկավարժությունը Հրանտ Հակոբյանի տարերքն էր:

1964 թվականին աշխատանքի է հրավիրվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ և աշխատել է մինչև 1985 թվականը` որպես ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ, ապա ամբիոնի վարիչի տեղակալ:

Հրանտ Հակոբյանը 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1978 թվականին ստացել դոցենտի կոչում:

1990 թվականին Հակոբյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1991 թ-ին Հրանտ Հակոբյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1985 թվականին Հրանտ Հակոբյանը ընտրվել է Երևանի պետական համալսարանի աթեիզմի տեսության և պատմության միջբուհական ամբիոնի վարիչ: Նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը վերանայել է ուսումնական պլանները և մայր բուհում սկսել են դասավանդել ոչ թե աթեիզմի տեսություն, այլ «Կրոնների պատմություն և տեսություն» առարկան, ինչն այդ ժամանակի համար բացառիկ խիզախ քայլ էր: Այդ նորարարությունն իր տարածումն է գտել Հայաստանի մյուս  բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Հրանտ Հակոբյանը գործուն մասնակցություն է ունեցել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի բացմանը և ֆակուլտետում շուրջ մեկ տասնամյակ ղեկավարել է Կրոնի պատմության և տեսության ամբիոնը:

Որտեղ էլ աշխատել է պրոֆեսոր Հակոբյանը, սերտ կապերով կապված է եղել իր ծննդավայրի հետ, նրա միտքը միշտ զբաղեցրել է Գավառում բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելու խնդիրը:

ԽՍՀՄ փլուզումից հետո, նորանկախ երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում խիստ դժվարացել էր հեռավոր շրջաններից մայրաքաղաք հասնելը, Երևանում բնակվելը և բարձրագույն կրթություն ստանալը: Էականորեն պակասել էր նաև Գավառի տարածաշրջանից բուհ ընդունվողների թիվը: Այդ ծանր ժամանակահատվածում Հրանտ Հակոբյանը նախաձեռնեց Գավառում բուհ ստեղծելու հայրենանվեր գործը, և նրա ջանքերով ու ՀՀ Կառավարության որոշմամբ 1993 թվականին հիմնադրվեց Գավառի պետական համալսարանը, որի հիմնադիր ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Հակոբյանը:

Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 2006 թվականը` իր ողջ ուժերը, եռանդը, մանկավարժական, կազմակերպչական փորձն ու գիտելիքները ներդնելով համալսարանի կայացման, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման և ժամանակակից ուսումնական հաստատություն ձևավորելու գործին:

2006 թվականից մինչև 2011 թվականը Հրանտ Հակոբյանը ԳՊՀ խորհրդի նախագահն էր:

Բազմամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պրոֆեսոր Հակոբյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, պատվոգրերի և մեդալների: 1987 թվականին պարգևատրվել է «ԽՍՀՄ աշխատանքի վետերան» մեդալով, ապա արժանացել ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալի: 2008 թվականին ստացել է Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի հուշամեդալը, իսկ 2010 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով ստացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչում: Պարոն Հակոբյանի գիտամանկավարժական բեղուն գործունեության միջազգային հավաստումն է նաև այն, որ նա Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի կողմից ճանաչվել է «XXI դարի նշանավոր մտավորականներից» մեկը: Հրանտ Հակոբյանը Գավառի պատվավոր քաղաքացի է: Հեղինակ է մեկ տասնյակ մենագրությունների ու գրքերի, ավելի քան 100 գիտական ու հրապարակախոսական հոդվածների:

Հրանտ Հակոբյանը պայծառ անհատականություն էր, ով 2011 թվականից դարձավ հավերժի ճամփորդ:

ԼՈՒՅՍԻ  ՍԵՐՄՆԱՑԱՆԸ

Գավառի պետական համալսարանից ճառագող լույսը դարձել է օլիմպիական ջահ և արդեն երեսուն տարի անընդմեջ ամեն եկող սերնդի հետ առավել է բորբոքվում` ապացուցելով համալսարանի անհրաժեշտությունը:

Երեսուն տարի առաջ ճանաչված մանկավարժ,  գիտնական, մեծ քաղաքացի  Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայաստանի երրորդ հանրապետությունում հիմնադրված առաջին տարածաշրջանային համալսարանը:

Հրանտ Հակոբյանի հետ իմ շփումները, որ հետագայում փոխվեց բարեկամության, ունեն տասնամյակների պատմություն և սկիզբ են առել տակավին անցած դարի             70-ականների երկրորդ կեսից, երբ Պոլիտեխնիկի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ էի: Այդ շրջանում հիշողությանս մեջ վառ են մնացել նրա ելույթները, բարի և նվիրական վերաբերմունքը ուսանողության նկատմամբ, հումորը, հարցադրումների կոնկրետությունը և գործնականությունը:

Իմ մտապատկերում արթնանում է հատկապես 2000-ական թվականների սկիզբը, երբ ես աշխատում էի ՀՀ կրթության և գիտության նախարար, իսկ պրոֆեսոր Հրանտ Հակոբյանը գլխավորում էր իր իսկ ստեղծած և արդեն որոշակի ճանաչում ձեռք բերած բուհը` Գավառի պետական համալսարանը, որին վիճակված էր Գեղարքունիքի տարածաշրջանում բացառիկ դեր խաղալու մեր երկրի բարձրագույն դպրոցի առջև ծառացած խնդիրների լուծման, նրա առաջընթացի ապահովման գործում:

Ինձ համար հաճելի անակնկալ դարձավ 2012 թ-ի դեկտեմբերի 17-ին՝ Հրանտ Հակոբյանի  ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Գավառի պետական համալսարանի բակում այդ մեծ մարդու և քաղաքացու հիշատակը հավերժացնելու համար նրա կիսանդրու հանդիսավոր բացումը, ինչպես նաև Հրանտ Հակոբյանի անունով համալսարանի դիմացի փողոցի անվանակոչումը:

Իմ կյանքի ճանապարհին բախտ եմ ունեցել մոտիկից առնչվելու կրթության և գիտության, մշակույթի և արվեստի բնագավառների փառահեղ մեծությունների հետ, ովքեր անհատականություններ էին իրենց գործով, բարոյական նկարագրով, հայ ժողովրդի հանդեպ իրենց ունեցած նվիրումով, երկրի, ժողովրդի ներկայի և ապագայի հարցում իրենց մտահոգությամբ և պատասխանատվությամբ: Կարող եմ հավատացնել, որ նրանցից մեկն էլ Հրանտ Խաչատուրի Հակոբյանն էր, ով իր բովանդակ կյանքը և կազմակերպչական բացառիկ ունակությունները նվիրեց Հայաստանի Հանրապետությունում  բարձրագույն կրթության և գիտության համակարգի կայացմանը և զարգացմանը, Հայոց երկրում ընդհանրապես և Գեղարքունիքի տարածաշրջանում մասնավորապես:

 

Էդուարդ Մուշեղի Ղազարյան,

Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ,

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ՀՀ կրթության և գիտության  նախարար (1999-2001 թթ.),

 Ռուս-Հայկական  (Սլավոնական) համալսարանի

գլխավոր գիտական խորհրդատու

 

ԿԱՅԱՑԱՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝  ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՌԵԿՏՈՐ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ  ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

Գավառի պետական համալսարանում շարունակվում են հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի ծննդյան 95-ամյակին և համալսարանի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումները։  Բնագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կայացավ հոբելյանական  գիտաժողով։ Պրոֆեսոր Հրանտ Հակոբյանը հեղինակ է ավելի քան հարյուր գիտական աշխատությունների՝ մենագրությունների և հոդվածների: ԳՊՀ ուսանողները, հավատարիմ մնալով պատվարժան ռեկտորի՝ գիտությամբ զբաղվելու, մասնագիտական խնդիրները քննելու և լուծումներ առաջարկելու պատգամին, շարունակում եմ զբաղվել հետազոտական աշխատանքով։

Հոբելյանական գիտաժողովին Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով.

1․ Ժաննա Բնյան՝ «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Սերվիսի կազմակերպումը Սևան ազգային պարկում», գիտական ղեկավար՝ աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյան,

2․ Մելանյա Պետրոսյան՝ «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Էկոլոգիական տուրիզմի զարգացման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում», գիտական ղեկավար՝ Արամայիս Ավագյան,

3․Աննա Հակոբյան՝ «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ագրոտուրիզմի զարգացման հեռանկարները Գեղարքունիքի մարզում», գիտական ղեկավար՝ Արամայիս Ավագյան,

4․Մերի Հարությունյան, Արմինե Սուչյան՝ «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ, թեմա՝ «Ստեգանոգրաֆիա», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Շահեն Գասպարյան,

5․ Լևոն Մոմչյան՝ «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Սոցիալական ճարտարագիտություն», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Կարեն Սիրականյան,

6․Նելլի Գրիգորյան՝ «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Մարդու էկոլոգիա»,  գիտական ղեկավար՝ աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյան,

7․Սյուզաննա Բունիաթյան՝ «Սերվիս» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Էթիկական կանոնների կիրառումը սերվիսի ոլորտում», գիտական ղեկավար՝ Արամայիս Ավագյան,

8․ Ռոզա Սաֆարյան, Լիլիթ Մարտիրոսյան՝ «Սերվիս» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ, թեմա՝ «Մշակութային զբոսաշրջությունը և դրա զարգացման հեռանկարները ՀՀ- ում», գիտական ղեկավար՝ Արամայիս Ավագյան,

9․Անի Մարտիրոսյան՝ «Սերվիս» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Կրոնական զբոսաշրջություն», գիտական ղեկավար՝ Արամայիս Ավագյան,

10․Սիլվի Բոշյան՝ «Սերվիս» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գաստրոտուրիզմի նախադրյալները Գավառ քաղաքում», գիտական ղեկավար՝ Արամայիս Ավագյան,

11․ Ռուզաննա Օհանյան, Ադելա Հովհաննիսյան՝ «Քարտեզագրություն և  կադաստրային գործ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհիներ, թեմա՝ «Արբանյակային լուսանկարների կիրառումը Գավառագետի էկոհամակարգի ուսումնասիրության գործում», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Լալա Մկրտչյան։

 

ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ․․․

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Գործն է անմահ» խորագիրը կրող ցերեկույթը՝ նվիրված Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի կրոնի պատմության և տեսության ամբիոնի հիմնադիր վարիչ, Գավառի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 95-ամյակին։

Արդեն երեսուն տարի է, ինչ Գեղարքունյաց աշխարհում գործում է Գավառի պետական համալսարանը՝ կյանք ճանապարհելով շրջանավարտների քսանհինգ սերունդ, պատրաստելով շուրջ ութ հազար մասնագետներ։

Սիրելի կրթօջախը հիմնադրվել է պատմական, քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր ժամանակաշրջանում։ Հենց այդ բարդ իրավիճակում մայր ժողովրդի նվիրյալ զավակ Հրանտ Հակոբյանը դստեր՝ Գերագույն խորհրդի, ապա՝ Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի հետ ձեռնամուխ եղավ իր վաղեմի երազանքի իրականացմանը՝ հայրենի բնօրրանում համալսարանի հիմնադրմանը։

«Գործն է անմահ» խորագրով ցերեկույթը ԳՊՀ ուսանողների երախտիքի խոսքն ու հարգանքի տուրքն էր մայր հայրենիքին և ժողովրդին անմնացորդ սիրով ու նվիրումով ծառայած բացառիկ հայորդուն։

Ցերեկույթի ընթացքում բնագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Հարությունյանը, ուսանողական խորհրդի քարտուղար Նելլի Գրիգորյանը և այլ ուսանողներ ներկայացրին Հրանտ Հակոբյանի կյանքն ու գործունեությունը։

Միջոցառումն իրենց կատարումներով գեղեցկացրին Սարուխանի և Կարմիրգյուղի արվեստի դպրոցների շնորհալի սաները։