Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի, Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանն այսօր կդառնար 95 տարեկան։
Նվիրյալ հայորդին ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 17-ին, Նոր Բայազետի շրջանի (այժմ` Գեղարքունիքի մարզի) Սարուխան գյուղում` արհեստավորի ընտանիքում:
1944 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը:
1944-1946 թվականներին աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: 1946-1948 թվականներին սովորել և ավարտել է Կամոյի (Գավառի) մանկավարժական տեխնիկումը: Այնուհետ կրթությունը շարունակել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:
1948-ից 1950 թվականներին` երկու տարվա ընթացքում, գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը: 1950-1954 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Վարդենիսի, ապա Կամոյի շրջանի Կարմիրգյուղի, Բատիկյանի (այժմ` Գանձակ գյուղի) դպրոցներում, ապա նշանակվել Գեղարքունիք գյուղի դպրոցի ուսմասվար:
Աշխատանքին զուգահեռ` Հրանտ Հակոբյանը 1954 թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ և 1956 թվականին գերազանցությամբ, էքստեռն կարգով ավարտել այն: Միաժամանակ սովորել և ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան` փիլիսոփայություն մասնագիտությամբ:
1956 թվականին Հրանտ Հակոբյանը նշանակվել է Սարուխանի միջնակարգ դպրոցի տնօրեն և այդ պաշտոնում աշխատել մինչև 1962 թվականը:
Հրանտ Հակոբյանի կազմակերպական փայլուն տաղանդի, հմուտ մանկավարժական կարողությունների շնորհիվ դպրոցը դառնում է շրջանի առաջատար կրթօջախներից մեկը, և նրա փորձը բազմիցս խրախուսվում է ՀԽՍՀ լուսավորության նախարարության կոլեգիայի նիստերում:
Նա 1962 թվականին նշանակվել է Կամոյի կուսշրջկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ:
Երկու տարի անց դարձյալ վերադարձել է կրթության ոլորտ, քանզի մանկավարժությունը Հրանտ Հակոբյանի տարերքն էր:
1964 թվականին աշխատանքի է հրավիրվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ և աշխատել է մինչև 1985 թվականը` որպես ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ, ապա ամբիոնի վարիչի տեղակալ:
Հրանտ Հակոբյանը 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1978 թվականին ստացել դոցենտի կոչում:
1990 թվականին Հակոբյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1991 թ-ին Հրանտ Հակոբյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1985 թվականին Հրանտ Հակոբյանը ընտրվել է Երևանի պետական համալսարանի աթեիզմի տեսության և պատմության միջբուհական ամբիոնի վարիչ: Նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը վերանայել է ուսումնական պլանները և մայր բուհում սկսել են դասավանդել ոչ թե աթեիզմի տեսություն, այլ «Կրոնների պատմություն և տեսություն» առարկան, ինչն այդ ժամանակի համար բացառիկ խիզախ քայլ էր: Այդ նորարարությունն իր տարածումն է գտել Հայաստանի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հրանտ Հակոբյանը գործուն մասնակցություն է ունեցել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի բացմանը և ֆակուլտետում շուրջ մեկ տասնամյակ ղեկավարել է Կրոնի պատմության և տեսության ամբիոնը:
Որտեղ էլ աշխատել է պրոֆեսոր Հակոբյանը, սերտ կապերով կապված է եղել իր ծննդավայրի հետ, նրա միտքը միշտ զբաղեցրել է Գավառում բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելու խնդիրը:
ԽՍՀՄ փլուզումից հետո, նորանկախ երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում խիստ դժվարացել էր հեռավոր շրջաններից մայրաքաղաք հասնելը, Երևանում բնակվելը և բարձրագույն կրթություն ստանալը: Էականորեն պակասել էր նաև Գավառի տարածաշրջանից բուհ ընդունվողների թիվը: Այդ ծանր ժամանակահատվածում Հրանտ Հակոբյանը նախաձեռնեց Գավառում բուհ ստեղծելու հայրենանվեր գործը, և նրա ջանքերով ու ՀՀ Կառավարության որոշմամբ 1993 թվականին հիմնադրվեց Գավառի պետական համալսարանը, որի հիմնադիր ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Հակոբյանը:
Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 2006 թվականը` իր ողջ ուժերը, եռանդը, մանկավարժական, կազմակերպչական փորձն ու գիտելիքները ներդնելով համալսարանի կայացման, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման և ժամանակակից ուսումնական հաստատություն ձևավորելու գործին:
2006 թվականից մինչև 2011 թվականը Հրանտ Հակոբյանը ԳՊՀ խորհրդի նախագահն էր:
Բազմամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պրոֆեսոր Հակոբյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, պատվոգրերի և մեդալների: 1987 թվականին պարգևատրվել է «ԽՍՀՄ աշխատանքի վետերան» մեդալով, ապա արժանացել ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալի: 2008 թվականին ստացել է Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի հուշամեդալը, իսկ 2010 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով ստացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչում: Պարոն Հակոբյանի գիտամանկավարժական բեղուն գործունեության միջազգային հավաստումն է նաև այն, որ նա Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի կողմից ճանաչվել է «XXI դարի նշանավոր մտավորականներից» մեկը: Հրանտ Հակոբյանը Գավառի պատվավոր քաղաքացի է: Հեղինակ է մեկ տասնյակ մենագրությունների ու գրքերի, ավելի քան 100 գիտական ու հրապարակախոսական հոդվածների:
Հրանտ Հակոբյանը պայծառ անհատականություն էր, ով 2011 թվականից դարձավ հավերժի ճամփորդ: