ԳՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը, իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Մերի Սարգսյանը, Գալուստ Գասպարյանը, Արամայիս Ավետիսյանը և նույն բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Լարիսա Բադալյանը, Աղեկ Ստեփանյանը մասնակցեցին Դիլիջան քաղաքում կայացած ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ-ը) և ‹‹Առաքելություն Հայաստան›› հասարակական կազմակերպության համատեղ կազմակերպած՝ ‹‹Փախստականների իրավունքներ›› խորագիրը կրող 11-րդ աշնանային դպրոցի աշխատանքներին։

Մասնակիցները քննարկեցին փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներ՝ փախստականների միջազգային-իրավական պաշտպանության հիմնարար սկզբունքները, փախստականի կարգավիճակի որոշման և դադարեցման ընթացակարգը, ապաստան հայցող անձանց և փախստականների սոցիալ-տնտեսական իրավունքները Հայաստանում և այլ արդիական հիմնախնդիրներ։

Ուսանողները ծանոթացան ապաստանի դիմումների և Հայաստանի միգրացիոն ծառայության վիճակագրական տվյալներին, ներկայացրին համալսարանների իրավաբանական կլինիկաների ուսանողների կողմից ավագ դպրոցների սովորողների համար իրականացվող «Իրավունք բոլորի համար» նորարարական ծրագիրը, իրավաբանական կլինիկաների գործունեության այլ ուղղությունները:

«Փախստականների իրավունք» աշնանային դպրոցը եզրափակվեց վկայականների հանձնման արարողությամբ և ճանաչողական շրջայցով դեպի Գոշավանք՝ հարգանքի տուրք մատուցելով միջնադարյան Հայաստանի ականավոր հասարակական գործիչ, իրավագետ, Դատաստանագրքի հեղինակ Մխիթար Գոշի հիշատակին։

ԿԱՐՄԻՐԳՅՈւՂԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈւՄ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9, 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտներին՝ կենսաբանության ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ Գոհար Սարգսյանի, ֆիզիկայի ուսուցչուհի Սուսաննա Մարդոյանի ղեկավարությամբ:

Նրանք հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, լսեցին օգտակար խորհուրդներ կրթության կարևորության և մասնագիտական ճիշտ կողմնորոշման մասին։

ԳՊՀ բնագիտության լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանը աշակերտների համար կազմակերպեց գործնական դաս՝ քիմիա և կենսաբանություն առարկաներից։

Լաբորատորիայում աշակերտները մասնակցեցին «Քիմիական հրաբուխ», «Փարավոնի օձ», «Քիմիական պատռվածք»,  ‹‹Ծուխ առանց կրակի» փորձերին, նիտրատաչափի օգնությամբ պարզեցին տարբեր մրգերում և բանջարեղեններում նիտրատների պարունակությունը, դիտեցին բուսական հյուսվածքից ԴՆԹ-ի անջատման գործընթացը, ինչպես նաև փորձարկեցին մարդու հավասարակշռությունը խախտող ակնոցը։

Աշակերտները եղան նաև բուհի պատմագիտական թանգարանում:

‹‹ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ››․ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ  ԳՊՀ  ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ

«Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես

օգտագործել աշխարհը փոխելու համար»։

 Նելսոն Մանդելա

Գավառի պետական համալսարանում տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները նորարարական գաղափարներով և մոտեցումներով իրականացնում են համալսարանական մեծ ընտանիքի կրտսեր անդամները:

Ս. թ. նոյեմբերի 12-ին ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյանի աջակցությամբ կայացավ բուհի տնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիների բեմելը:

Միջոցառմանը մասնակցում էին ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և հարկում, տնտեսագիտություն բաժինների առաջին կուրսեցիները։

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի անմահացած հերոսների  հիշատակը, ապա ուսանողները հետաքրքիր ձևով ներկայացան և ներկայացրին իրենց  նախասիրությունները, հանդես եկան տնտեսագիտության կարևորության մասին դիտարկումներով։

Ուսանողները շնորհակալություն հայտնեցին դասախոսներին՝ սիրով ու նվիրումով իրենց հետ աշխատելու համար և վստահեցրին, որ իրենք պատվով են կրում Գավառի պետական համալսարանի ուսանողի կոչումը և դառնալու են որակյալ մասնագետներ, որպեսզի նպաստեն մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին։

Ուսանողների բեմելին ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Առաջին կուրսեցիներին իրենց ողջույնի խոսքն ու մաղթանքները հղեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի Նորատուսի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Հովհաննիսյանը, ֆակուլտետների դեկաններ Սամվել Ամիրխանյանը, Համլետ Ղաջոյանը, Մարտին Ավագյանը, Թաթուլ Ասոյանը, փոխդեկան Մարիամ Հերգնյանը։

 

 

ԳՊՀ  ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ  ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ  ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆ  ԵՎՐՈՊԱԿԱՆ  ԲՈՒՀԵՐՈՒՄ

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում: Ս. թ. նոյեմբերի 11-ին ԳՊՀ դասախոսները հաշվետվություններ ներկայացրին արտերկրում իրենց դասախոսական աշխատանքի և վերապատարստման դասընթացի վերաբերյալ:

ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Միրիբյանը ներկայացրեց Պորտուգալիայի Հանրապետության Մինհոյի համալսարանում իր կատարած դասախոսական աշխատանքի արդյունքները։

ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի «Կառավարման և ֆինանսներ» ամբիոնի դասախոս,  տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԳՊՀ գերազանց առաջադիմությամբ շրջանավարտ Գայանե Խաչատրյանը հաշվետվություն ներկայացրեց Պորտուգալիայի Հանրապետության Ավեյրոյի համալսարանում դասախոսական աշխատանքի մասին:

Իսպանիայի Թագավորության Վալլիադոլիդի համալսարանում իր դասախոսական փորձառությունը ներկայացրեց բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, ԳՊՀ գերազանց առաջադիմությամբ շրջանավարտ Սոնա Սիմոնյանը:

ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս, ԳՊՀ գերազանցիկ շրջանավարտ Հասմիկ Մարգարյանը ներկայացրեց Պորտուգալիայի Հանրապետության Էվորայի համալսարանում մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացի արդյունքները: Հաշվետու դասախոսները պատասխանեցին  ԳՊՀ ռեկտորատի անդամների հարցերին։

ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ  ՇՊՀ  ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ  ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Սույն թվականի նոյեմբերի 11-ին Գավառի պետական համալսարանի տասնվեց ուսանողներ մասնակցեցին Շիրակի պետական համալսարանի կազմակերպած ուսանողական հանրապետական գիտաժողովին:

Գիտաժողովը մեկնարկեց ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ողջույնի խոսքով:

Գիտաժողովի 11 բաժանմունքներում զեկուցումներ ներկայացրին 103 ուսանողներ՝  առկա և հեռավար ձևաչափերով։

Գավառի պետական համալսարանի ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով.

  1. Գևորգյան Թեհմինա՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Թվաբանական խնդիրների լուծման դերն ու նշանակությունը հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում», գիտական ղեկավար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կուտուզյան,
  2. Հակոբյան Աննա՝ Բնագիտական ֆակուլետի «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ագրոտուրիզմի զարգացման հեռանկարը Գեղարքունիքի մարզում», գիտական ղեկավար՝ աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյան,
  3. Օհանյան Ռուզաննա՝ Բնագիտական ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Հայաստանի Հանրապետությունում վերջին 100-ամյակում տեղի ունեցած երկրաշարժերը», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Լալա Մկրտչյան,
  4. Պետրոսյան Մելանյա՝ Բնագիտական ֆակուլետի «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Էկոլոգիական զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում», գիտական ղեկավար՝ Արամայիս Ավագյան,
  5. Ավետիսյան Արամայիս՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի 4 -րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Ազատության սահմանադրական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում», գիտական ղեկավար՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյան,
  6. Սանասարյան Լիլիթ՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ինքնասպանություն։ Ինքնասպանության սոցիալ-իրավական բնութագիրը։ Ինքնասպանությունը դեռահասների շրջանում», գիտական ղեկավար՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսիկ Քուրքչյան,
  7. Բադալյան Լարիսա՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական կարգավիճակը ՀՀ-ում», գիտական ղեկավար՝ Ռուզաննա Հակոբյան,
  8. Գասպարյան Գալուստ՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Երդվյալ ատենակալների ինստիտուտը», գիտական ղեկավար՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Մնացական Հարությունյան,
  9. Պետրոսյան Գոհար՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որպես օրենսդիր իշխանության մարմին», գիտական ղեկավար՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյան,
  10. Կարապետյան Մերի՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում», գիտական ղեկավար՝ Ռուզաննա Հակոբյան,
  11. Մկրտչյան Թագուհի՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական մանակավարժություն և մեթոդիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Խաղի դերը կրտսեր դպրոցում՝ մայրենիի դասերին», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Օլգա Ղազարյան,
  12. Ավետիսյան Անիկ՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական մանակավարժություն և մեթոդիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Կապակցված խոսքի զարգացումը տարրական դպրոցում՝ մայրենիի դասերին», գիտական ղեկավար՝ Օլգա Ղազարյան,
  13. Ավագյան Սոնա,  Հակոբյան Գայանե՝ Տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհիներ, թեմա՝ «ՀՀ արտաքին տնտեսական կապերի բնույթը և արտաքին առևտրի զարգացման առանձնահատկությունները», գիտական ղեկավար՝ տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյան,
  14. Հովհաննիսյան Արեգա՝ Տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացման հիմնահարցերը ՀՀ-ում», գիտական ղեկավար՝ Գայանե Խաչատրյան,
  15. Սարգսյան Ալլա՝ Տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Համայնքային բյուջեների ծախսային ուղղությունների արդյունավետության հիմնահարցերը և բարելավման ուղիները ՀՀ-ում՝ խոշորացման համատեքստում» գիտական ղեկավար՝ Գայանե Խաչատրյան,
  16. Աբրահամյան Ռոզա՝ Տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարները ՀՀ-ում» գիտական ղեկավար՝ Գայանե Խաչատրյան:

Զեկուցումներն ուղեկցվեցին ակտիվ հարցուպատասխանով, քննարկումներով։ Ներկայացված զեկուցումները գրախոսման ենթարկվելուց հետո կտպագրվեն ուսանողական հանրապետական  գիտաժողովի առանձին նյութերի ժողովածուում։

ԵՐԲ  ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ  ԴԱՌՆՈՒՄ  Է  ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Այսօր Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Սերվիս» բաժնի ուսանողները՝ դասախոս Լալա Մկրտչյանի նախաձեռնությամբ, կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Սերվիս մասնագիտությանը:

Միջոցառման հիմնական նպատակն էր աշակերտներին ներկայացնել ԳՊՀ ուսանողների անցած ճանապարհը՝ նախասիրությունից դեպի մասնագիտություն, տեղեկություններ տալ Սերվիս մասնագիտության վերաբերյալ, ներկայացնել համալսարանի ընձեռած հնարավորությունները ոչ միայն ուսման ընթացքում, այլև աշխատանք գտնելու հարցում:

Միջոցառմանը ներկա էին Նորատուսի թիվ 1 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները՝ աշխարհագրության ուսուցչուհի Նելլի Խաչատրյանի ղեկավարությամբ, Սարուխանի թիվ 1 և թիվ 2 դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները՝ աշխարհագրության ուսուցիչ Ավետիք Սաֆարյանի և կազմակերպիչ Արմինե Շակոյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Գանձակի թիվ 2 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները:

ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի Սերվիս բաժնի ուսանողները պատմեցին իրենց մասնագիտական ոլորտների, գործնական դասերի, հետաքրքիր և ուսուցողական էքսկուրսիաների մասին, որոնց շնորհիվ տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնականում։ Ուսանողները նաև ներկայացրին, թե ինչպես են ընտրվում երթուղիները և ինչպես են դրանք կյանքի կոչվում, ցուցադրեցին տեսանյութեր:

Միջոցառման ավարտին Մելանյա Պետրոսյանն ու Ժաննա Բնյանը՝ որպես 4-րդ կուրսի ուսանողուհիներ, աշակերտներին խորհուրդներ տվեցին մասնագիտության ընտրության վերաբերյալ, իսկ ցածր կուրսերի ուսանողներին կոչ արեցին առավելագույնը վերցնել սիրելի դասախոսներից:

Ուսանողները փաստեցին, որ իրենք սիրում են Սերվիս մասնագիտությունը, սիրով են հաճախում համալսարան, իսկ եթե ինչ որ բան արվում է սիրով, ապա այն  անպայման տալիս է իր բարի պտուղները:

 

 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ս․ թ․ նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ հայաստանյան բուհերի միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների հանդիպում, որը կազմակերպել էր Հայաստանում ‹‹Էրազմուս +›› ազգային գրասենյակը:

Հանդիպմանը մասնակցեց Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը։

Մասնակիցները քննարկեցին բուհերում կրթության ներառականությանը վերաբերող մարտահրավերները,  ինչպես նաև ներկայացրին Եվրոպական միության ‹‹Էրազմուս+›› փոխանակման ծրագրերի իրականացման հաջողված փորձը։

Հայաստանում ‹‹Էրազմուս +›› ազգային գրասենյակի տնօրեն տիկին Լանա Կառլովան կարևորեց Եվրոպական միության կրեդիտային շարժունության ծրագրերում ներառական ուսանողների առավելագույնս ընդգրկման անհրաժեշտությունը։

Հանդիպման եզրափակիչ մասում քննարկվեցին մի շարք հարցեր։

 

 

ԵՐԲ  ՏԵՍԱԿԱՆ  ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ  ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ  ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի սերվիս բաժնի ուսանողները շարունակում են ստացած տեսական գիտելիքներն ամրապնդել գործնականում: «Աշխարհագրության հիմունքներ», «Հայաստանի ֆիզիկական աշխարհագրություն» և «Հայաստանի բնական և պատմաճարտարապետական հուշարձանները» դասընթացների գործնական աշխատանքները տեղի ունեցան դաշտային պայմաններում, ս․ թ․ նոյեմբերի 6-ին՝ դասախոս Լալա Մկրտչյանի ղեկավարությամբ: Այս անգամ ուսանողներն այցելեցին ՀՀ Արարատի մարզ: Նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ՀՀ լանդշաֆտային գոտիների, պատմաճարտարապետական հուշարձանների և աշխարհագրական տարբեր օբյեկտների հետ, բացահայտել մարզը նորովի: Արարատի մարզը Հայաստանի այն միակ տարածաշրջանն է, որտեղ հանդես են գալիս լանդշաֆտային բոլոր գոտիները՝ անապատ-կիսաանապատայինից մինչև ձյունամերձ: Ուսանողները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու կիսաանապատին բնորոշ հողերը, բուսականությունը, վատահողերը /բեդլենդներ/, հասկանալու, թե ինչ է ֆրիգանոիդ /լեռնաչորասեր/ բուսականությունը։ Մոտիկից տեսան Երախի, Դահնակի, Ուրծի լեռները, Վեդի, Շաղափ, Խոսրով գետերը, Արարատյան դաշտը, ճահճային տարածքներ և, իհարկե, հմայվեցին Մասիսի վեհապանծ տեսարանով:

Ընտրված երթուղիներն ընդգրկում էին և՛ շատ հայտնի, և՛ շատերին դեռևս անհայտ, բայց կարևոր պատմական վայրեր: Ուսանողները եղան Հրեշտակների ձորում, Տափի բերդում /Գևորգ Մարզպետունու ամրոց/, Սուրբ Հովհաննես-Կարապետ վանքում և Խոր Վիրապ վանական համալիրի տարածքում:

Այս անգամ որպես զբոսավարներ հանդես էին գալիս ԳՊՀ սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողները:

Գործնական դասը շատ հագեցած էր, տպավորությունը՝ անմոռաց: Ուսանողները ներկայացրին իրենց հանձնարարված օբյեկտների պատմությունը, կարողացան կատարել այլ առաջադրանքներ ևս:

Յուրօրինակ գործնական դասի ավարտին, որպես ավանդույթ, ավարտական կուրսի ուսանողները խորհուրդներ տվեցին կրտսերներին: Իսկ դասախոս Լալա Մկրտչյանն ամփոփեց օրը՝ նշելով նաև ուսանող-զբոսավարների բացթողումներըեր, որպեսզի հետագայում նրանք ավելի վստահ հանդես գան:

Նման գործնական դասերը շարունակական են:

 

 

 

 

 

 

 

«ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ». ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ  ԳՊՀ  ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ  ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից մեկը՝ «Բարև, մե՛նք ենք»  խորագիրը կրող ամենամյա միջոցառումն է, որի մասնակիցները համալսարանական մեծ ընտանիքի կրտսեր անդամներն են՝ բուհի առաջին կուրսեցիները:

Ս. թ. նոյեմբերի 4-ին ԳՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ, տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Խաչատրյանի աջակցությամբ կայացավ բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների բեմելը: Միջոցառմանը մասնակցում էին իրավագիտության, պատմության, տարրական մանկավարժություն և մեթոդիկայի բաժինների առաջին կուրսի ուսանողները։

Միջոցառման ժամանակ ուսանողները հանդես եկան հայրենասիրական երգերով,  ազգագրական պարերով, ներկայացրին իրենց ընտրած մասնագիտությունների առանձնահատկությունները, տվյալ մասնագիտությունն ընտրելու դրդապատճառները։

Ուսանողներն իրենց երախտիքի խոսքը հղեցին մայր  բուհին՝ ջերմ ընդունելության, նոր գիտելիքներ հաղորդելու համար՝ խոստանալով լավ սովորել և իրենց կրթությունը ծառայեցնել ի նպաստ հայրենիքի։

Լավագույնս  ներկայացան և ներկայացրին իրենց բաժինները նաև ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիները՝ միջոցառումը համեմելով  երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով։ Նրանք իրենց ֆակուլտետը որակեցին որպես  սիրով, ջերմությամբ և փոխադարձ հարգանքով առլեցուն ընտանիք, որտեղ կա հոգատարություն միմյանց նկատմամբ, ուշադրություն ուսանողների հանդեպ, բարի ու անկեղծ վերաբերմունք։ Միջոցառումը կազմակերպվել էր բնագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի և  փոխնախագահ Ռոզա Սաֆարյանի   աջակցությամբ։

Ուսանողների բեմելին ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:

Առաջին կուրսեցիներին իրենց ողջույնի խոսքն ու մաղթանքները հղեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ֆակուլտետների դեկաններ Համլետ Ղաջոյանը, Մարտին Ավագյանը, Սամվել Ամիրխանյանը, Թաթուլ Ասոյանը, փոխդեկան Սիրանուշ Խանդանյանը, դասախոսներ, Կարինե Պապիկյանը, Արամայիս Ավագյանը, Մարինե Հովհաննիսյանը, Շահեն Գասպարյանը, Լալա Մկրտչյանը, ցանկանալով արդյունավետ ուսումնառություն, գեղեցիկ և անմոռանալի համալսարանական տարիներ։

 

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի համալսարանական հավաքագրման աշխատակիցներին։

Նրանք հանդիպեցին ուսանողներին, քննարկեցին կրթական հիմնախնդիրները և ոլորտի զարգացման ուղիները։  Ուսանողները բաժանվեցին թիմերի և առանձնացրին երեք խումբ խնդիրներ․ մեթոդաբանական խնդիրները կրթական համակարգում, ուսուցչի աշխատանքի հանդեպ հետաքրքրության անկումը երիտասարդների շրջանում և կրթության շարունակականությունը չապահովելը։ Ուսանողները ներկայացրին սկզբունքային հարցադրումներ և բովանդակային առաջարկություններ, հանդես եկան նոր գաղափարներով, ինչպես նաև տեղեկացան, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ծրագրին միացող ուսանողներին տալիս է հնարավորություն անվճար սովորելու մագիստրատուրայում, ստանալու ֆինանասական աջակցություն՝ ի հավելումն դպրոցի աշխատավարձի, անդամակցելու ‹‹Teach for All›› գլոբալ կրթական ցանցին, ծրագրի ավարտից հետո որպես շրջանավարտ աշխատելու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Երևանի, Վանաձորի կամ Արցախի գրասենյակում, ինչպես նաև մասնակցելու ‹‹Ամառային ակադեմիա››-յին։

Ծրագրին կարելի է մանրամասն ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.teachforarmenia.org/application