Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ծրագրավորող փիլիսոփա Վահրամ Մարտիրոսյանը հեղինակել է «Ծրագրավորում օպերացիոն համակարգերի միջոցով» գիրքը։ Այն հասցեագրված է սկսնակ ծրագրավորողներին։ Հեղինակը գտնում է, որ ծրագրավորման էությունը ըմբռնել նշանակում է հասկանալ դրա փիլիսոփայությունը: Հենց ծրագրավորման փիլիսոփայության շնորհիվ կարելի է ստանալ այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են ‹‹Ի՞նչ է ծրագրավորումը››, ‹‹Ովքե՞ր են ծրագրավորողները››, ‹‹Ի՞նչն է լավը, ի՞նչը՝ վատը ծրագրավորման մեջ››: Ծրագրավորման փիլիսոփայության իմացությունը մտածողության նոր մակարդակների բանալին է: Գրքում ներկայացված են օպերացիոն համակարգերը, ֆայլային համակարգերը, գործընթացների և հիշողության կառավարման ուղիները։ Հեղինակը հիմնավորում է, որ որակյալ ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել ծրագրավորման հիմքերին՝ ապարատային ճարտարապետությանը և օպերացիոն համակարգերին, որոնց վրա է կառուցվում ծրագրավորմանը վերաբերող գիտելիքների կառույցը:
Շնորհավորելով իր գործի գիտակ, հմուտ դասախոս, ճարտարապետ, հոգատար հայր Վահրամ Արթուրի Մարտիրոսյանին՝ ներկայացնենք նրա կենսագրությունը․
Վահրամ Արթուրի Մարտիրոսյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 15-ին, Երևան քաղաքում: 2006 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժնի մագիստրատուրան: Այնուհետ կրթությունը շարունակել է Հայ -ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայում և 2009 թվականին, պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը, ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2003-2005 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում։
2004-2005 թվականներին աշխատել է «South Tech Consulting» ընկերությունում՝ որպես ծրագրավորող։
2007 թվականից դասախոսում է Հայ-ռուսական, Երևանի պետական և Հայաստանի Ամերիկյան համալսարաններում։
2022թ․-ից աշխատում է «System View Armenia» ընկերությունում՝ որպես հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, տեխնիկական գլխավոր մասնագետ։
Վահրամ Մարտիրոսյանը Գավառի պետական համալսարանի սիրված դասախոսներից է։
Մեր գործընկերոջը մաղթում ենք հետագա հաջողություններ՝ սպասելով նոր գրքերի և գիտական ձեռքբերումների։