ԳՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Գավառի պետական համալսարանն ինտեգրվում է բարձրագույն կրթության եվրոպական միասնական համակարգին: Այս գործընթացը պահանջում է կրթական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի կիրառում: 2006-2007 ուսումնական տարում համալսարանի չորս բաժնի առաջին կուրսում կրթական գործընթացը կազմակերպվեց կրեդիտային համակարգին համապատասխան:
2007-2008 ուսումական տարվանից համալսարանի բոլոր բաժինների առաջին կուրսերում ուսումնական գործընթացը համապատասխանեցվել է կրեդիտային համակարգի չափանիշներին:
Կրեդիտային համակարգի հիմնական սկզբունքները
- Կրեդիտային համակարգը ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների` ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգ է, որում համապատասխան որակավորման աստիճանը շնորհվում է կրթական ծրագրով սահմանված անհրաժեշտ կրեդիտների կուտակումից հետո:
Կրեդիտը սովորողի ուսումնական բեռնվածությունը չափող պայմանական միավոր է:
- Կրեդիտների փոխանցման և կուտակման /ECTS/ եվրոպական համակարգի համաձայն` մեկ ուսումնական տարում ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունը չափվում է 60 ակադեմիական կրեդիտով: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռքբերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և ակադեմիական շարժունակության համար:
- Կրեդիտներ հատկացվում են կրթական ծրագրի բոլոր կառուցամասերին և դրանց բաղկացուցիչներին` դասընթացներին, կրթական մոդուլներին և ուսումնական այլ գործողություններին, որոնք ենթակա են առանձին գնահատման:
- . Ուսանողը կրեդիտներ ձեռք է բերում լսարանային, արտալսարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր տեսակի ուսումնական գործողությունների, այդ թվում` դասախոսություններին, սեմինար և գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին և պրակտիկաներին մասնակցության, կուրսային և ավարտական աշխատանքների կատարման, քննություններին նախապատրաստման և ամփոփիչ քննությունները հանձնելու արդյունքում:
- Ուսումնական ծրագիրը և դրա առանձին բաղկացուցիչները բնութագրող բոլոր պայմանները` ծրագրի նպատակը և ավարտական պահանջները, դասընթացների խնդիրները, նախապայմանները և համառոտագրերը, հատկացված կրեդիտները, դասավանդման և գնահատման եղանակները նախապես հրապարակվում են (տպագրվում կամ տեղադրվում ԳՊՀ ինտերնետային կայքում):
Կրեդիտային համակարգի հիմնական նորմերը ԳՊՀ-ում
Տարեկան աշխատածավալը և ուսումնական բեռնվածությունը
-
ԳՊՀ-ում բոլոր մակարդակի կրթական ծրագրերում առկա ուսուցմամբ ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը սահմանվում է 1800 ժամ, որը համարժեք է 60 կրեդիտի:
- 1 կրեդիտը սահմանվում է որպես ուսանողի 30 ժամ լրիվ (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն) բեռնվածությամբ ուսումնական աշխատանք` ուսումնական ծրագրի դասընթացով կամ մոդուլով նախանշված կրթական արդյունքներին հասնելու համար: 1 կրթական կրեդիտի ժամային համարժեքը 30 ժամ է:
- Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է 40 շաբաթ, որից առնվազն 34-ը տրամադրվում է ուսումնական պարապմունքներին և պրակտիկային: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակներով` աշնանային և գարնանային:
- Ուսանողի շաբաթական ուսումնական լրիվ բեռնվածության առավելագույն չափը 45 ժամ է, որը համարժեք է 1,5 ակադեմիական կրեդիտի (45:30=1.5):
- Բակալավրի կրթական ծրագրում ուսանողի շաբաթական լսարանային բեռնվածությունը կազմում է առնվազն 24-30 ժամ, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` 15-22 ժամ:
- Առկա ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողը կիսամյակում պետք է ունենա միջինը 30 կրեդիտ ուսումնական բեռնվածություն: Ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը կազմում է 60 կրեդիտ:
Բացառիկ դեպքերում, ուսման բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները ԳՊՀ ռեկտորի համաձայնությամբ կարող են վերցնել լրացուցիչ ուսումնական բեռնվածություն:
Կրեդիտների հատկացումը
Կրեդիտներ հատկացվում են ուսումնական ծրագրի ինքնուրույն գնահատվող բոլոր կրթական բաղկացուցիչներին (դասընթացներ, կրթական մոդուլներ, պրակտիկաներ, կուրսային և ավարտական աշխատանքներ և այլն):
Կրեդիտների հատկացման հաշվարկի հիմքում դրվում է լսարանային (կոնտակտային) ժամերի քանակը` տարբերակված ըստ պարապմունքի ձևերի (դասախոսություն, սեմինար, գործնական կամ լաբորատոր պարապմունք և այլն), դասավանդման մեթոդների և քննության կազմակերպման ձևերի:
Ուսանողի կողմից ծրագրի ընդհանուր կրթական արդյունքներին համապատասխան կարողությունների ձեռքբերումը հաստատվում է ավարտական աշխատանքի (նախագիծ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ, ատենախոսություն և այլն) կատարումով:
Դասընթացները և կրթական մոդուլները
Առանձին դասընթացները և մոդուլներն իրենց բնույթով բաժանվում են 3 հիմնական խմբերի`
ա) պարտադիր ամրագրված դասընթացներ, որոնք յուրացվում են պարտադիր կարգով և խիստ որոշակի հերթականությամբ,
բ) պարտադիր չամրագրված դասընթացներ, որոնց յուրացման հերթականությունը ընտրում է ուսանողը` պահպանելով դասընթացի նախապայմանները,
գ) ընտրովի դասընթացներ, որոնց առաջարկվող ցանկից ընտրում է ուսանողը, իսկ դրանց յուրացման հաջորդականությունը կարող է լինել ինչպես ամրագրված, այնպես էլ ազատ:
Ուսումնական գործընթացի և դասընթացների ժամանակացույցերը
ԳՊՀ ակադեմիական քաղաքանության վարչությունը յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում հրապարակում է (տպագրված և/կամ բուհի կայքում տեղադրված էլեկտրոնային տարբերակի տեսքով) տվյալ տարվա ուսումնական օրացույցը (ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը)` ըստ կիսամյակների, որտեղ ըստ օրերի նշվում են ուսուցման սկիզբը և ավարտը, դասընթացներին գրանցվելու (եթե նախատեսվում է) և դրանցում փոփոխությունների կատարման ժամկետները, քննաշրջանները և արձակուրդները:
Դեկանատները յուրաքանչյուր կիսամյակի համար վաղօրոք կազմում և հրապարակում են պարապմունքների դասացուցակը, իսկ դասընթացներին գրանցման գործառույթի կիրարկման դեպքում` առաջադրվող բոլոր դասընթացների և քննությունների ժամանակացույցերը, որտեղ տրվում է տեղեկատվություն դասընթացների կայացման վայրի, օրվա և ժամի, դասախոսների, ընդգրկված ուսանողների թույլատրելի քանակների, քննությունների օրվա վերաբերյալ:
Ուսումնառության անհատական ծրագիրը և դասընթացներին գրանցման կազմակերպումը
Ուսումնառության անհատական ծրագիրը կազմելիս` ուսանողի համար որպես հիմնական ելակետային փաստաթուղթ (ուղեցույց) է հանդիսանում դասընթացների տեղեկագիրքը:
Հիմք ընդունելով դասընթացների տեղեկագրքում կրթական ծրագրի ավարտական պահանջները, առաջարկվող դասընթացների ցանկը և առանձին դասընթացների վերաբերյալ բերված տեղեկատվությունը` ուսումնառության սկզբում ուսանողն իր ուսումնական խորհրդատուի օգնությամբ կազմում է ուսումնառության իր անհատական ծրագիրը, այն հաստատման է ներկայացնում համապատասխան ուսումնական ստորաբաժանման ղեկավարին և օրինակներից մեկը հանձնում ԳՊՀ ակադեմիական քաղաքականության վարչություն:
Անհատական ծրագրում նշված դասընթացներում ընդգրկվելու համար ուսանողը պարտավոր է սահմանված ժամկետներում գրանցվել:
Դասընթացներին գրանցման գործընթացը կարող է սկսվել նախորդ կիսամյակում և տևում է մինչև տվյալ կիսամյակի պարապմունքների սկիզբը: Բոլոր ուսանողները պետք է գրանցված լինեն մինչև տվյալ կիսամյակի դասերի սկիզբը:
Ուսանողների ընդգրկումը դասընթացներում իրականացվում է ըստ գրանցման հերթականության, եթե այլ կարգ նախատեսված չէ դասընթացի նախապայմանում:
Սահմանված ժամկետից 2 շաբաթ անց դասընթացներին մասնակցելու բոլոր տեսակի գրանցումները դադարեցվում են:
Անհրաժեշտության դեպքում, սահմանված ժամկետներում ուսանողը կարող է փոփոխություններ կատարել ուսումնառության իր անհատական ծրագրում` նախապես համաձայնեցնելով դրանք իր ուսումնական խորհրդատուի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարության հետ (ստորագրված ձևաթերթի տեսքով):
Անհատական ծրագրի փոփոխության, ուսանողի անհատական ծրագրում դասընթացների ավելացման գործընթացը կանոնակարգվում է սահմանված ձևով:
Սահմանված ժամկետում ուսումնառության անհատական ծրագիր չներկայացնելու դեպքում ԳՊՀ-ն ուսանողի ուսումնառությունը կազմակերպում է տվյալ մասնագիտության համար կազմված տիպային ուսումնական պլանով:
Ուսման առաջադիմությունը
Ըստ ուսման առաջադիմության` ուսանողները դասակարգվում են` առաջադիմող, փորձաշրջանի կարգավիճակում գտնվող և հեռացման ենթակա ուսանողների:
Ուսանողը համարվում է առաջադիմող, եթե`
ա) կիսամյակում ունի 30 կրեդիտ միջին ուսումնական բեռնվածություն,
բ) հավաքել է տվյալ կիսամյակի համար ուսումնական ծրագրով սահմանված բոլոր պարտադիր դասընթացների կրեդիտները,
գ) ապահովել է տվյալ կրթական աստիճանի (ծրագրի) համար բուհի սահմանած կիսամյակային ՄՈԳ-ի /միջին որակավորման գնահատական/ նվազագույն շեմը:
Փորձաշրջանի կարգավիճակ ունեցող ուսանողին հնարավորություն է տրվում ուղղել թերացումներն ու բացթողումները և բարձրացնել ուսման առաջադիմությունը` ծրագրի նվազագույն պահանջներին համապատասխան: Փորձաշրջանի տևողությունը սահմանում է բուհը:
Փորձաշրջանի կարգավիճակում գտնվող ուսանողը ենթակա է հեռացման` սահմանված ժամկետում ուսման առաջադիմությունը վերը նշված պահանջներին համապատասխան չբարձրացնելու դեպքում:
Միևնույն կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ակադեմիական առաջադիմության համեմատման համար օգտագործվում է նրանց վարկանիշային միավորը: