ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՑԵՐԵԿՈՒՅԹ` “CHRISTMAS SOLE” ԽՈՐԱԳՐՈՎ

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ‹‹Սերվիս›› բաժնի ուսանողների մասնակցությամբ և օտար լեզուների ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ “Christmas sole” խորագիրը կրող ցերեկույթ՝ անգլերենով։

Միջոցառման ընթացքում ուսանողները կատարեցին Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված երգեր, հանդես եկան գեղեցիկ ասմունքով և պարային համարներով։ Ուսանողները ներկայացրին տարբեր երկրներում՝ Հայաստանում, Անգլիայում,Իտալիայում, Ճապոնիայում, Դանիայում, Նեպալում Սուրբ Ծննդյան տոները նշելու հետ կապված հետաքրքրիր ավանդույթներ։

Մասնակիցներին հեռավոր Լապլանդիայից հյուր եկավ Սանտա Կլաուսը, ով ներկաներին առաջարկեց գուշակել Ամանորի վերաբերյալ տարբեր հանելուկներ, լուծելխնդիրներ, հիշել երգերի և ֆիլմերի անվանումներ, ինչը ևս նպաստեց դահլիճում ամանորյա տրամադրությանը և ջերմությանը։

Միջոցառման ավարտին ուսանողները բեմադրեցին ներկայացում՝ “Christmas sole” խորագրով, որը ուսանելի պատմություն էր Նոր տարվա սպասման և Ամանորի հրաշքի, սիրո, լավատեսության, բարության ու մարդասիրության, ուշադրության ու հոգատարության, մարդկանց դժվարին պահին օգնության հասնելու և երախտագիտության կարևորության մասին։

Պատմության հիմքում այն ճշմարտությունն է, որ նվիրելու և ուրախություն պարգևելու երջանկությունն ավելին է, քան ստանալու հաճույքը։

Միջոցառումը եզրափակվեց հանդիսատեսի կողմից անգլերեն լեզվով հնչած ամանորյա մաղթանքներով։

Ցերեկույթի մասնակիցները միմյանց մաղթեցին հույս, հավատ, սեր։

Հրապարակվել է 30.12.2023