ԳՊՀ-ՈՒՄ  ՏԵՂԻ  ՈՒՆԵՑԱՎ  ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝  ՆՎԻՐՎԱԾ  ԱՐՀԵՍՏԱԿԱՆ  ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի և նույն ամբիոնի դասախոս Շահեն Գասպարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված արհեստական բանականության կիրառություններին և զարգացման միտումներին։ Նպատակն էր՝ ապագա տնտեսագետներին ներկայացնել արհեստական բանականության զարգացման միտումները և  համաշխարհային տնտեսության վրա ունեցած ազդեցությունները։ Սեմինարին  ներկա էին տնտեսագիտական ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները և ֆակուլտետի դեկան պարոն Սամվել Ամիրխանյանը։

Պարոն Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց արհեստական բանականության (ԱԲ) հիմնական հասկացությունները, տարատեսակները, տարբեր կիրառությունները, ինչպես նաև անդրադարձ կատարեց Google ընկերության կողմից բոլորիվին վերջերս թողարկված «Gemini» ԱԲ համակարգի հնարավորություններին։

Սեմինարի ընթացքում շեշտադրում կատարվեց գեներացնող արհեստական բանականության՝ Generative ԱԲ-ի առանձնահատկություններին, հնարավորություններին և առավել լայնորեն կիրառվող տարբեր միջոցների`  chatGPT, Bard, Midjourney , Adobe Firefly և այլն։

Սեմինարն անցկացվեց ինտերկատիվ ուսուցման արդի մեթոդներով և տեխնոլոգիաներով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառելու «Generative ԱԲ»-ի գործիքներ, քննարկվեցին տնտեսագիտության ոլորտում մասնագետների մրցունակ և պահանջված լինելու երաշխիքները, ինչպես նաև ԱԲ-ի հետ կապված հնարավոր վտանգներն ու մարտահրավերները։

Հրապարակվել է 25.12.2023