ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ 12-ՐԴ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

2023 թվականի նոյեմբերի 10-12-ը Աղվերանում անցկացվեց ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ-ը) և ‹‹Առաքելություն Հայաստան›› հասարակական կազմակերպության համատեղ կազմակերպած՝ ‹‹Փախստականների իրավունքներ›› խորագիրը կրող 12-րդ հերթական աշնանային դպրոցը ապագա իրավաբանների, հետազոտողների և փախստականների իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձանց համար։

Արդեն 12-րդ տարին է, որ երիտասարդ ապագա իրավաբաններրը ստանում են գիտելիքներ և փորձ փախստականների իրավունքի փորձագետների կողմից, որոնք գործունեություն են ծավալում ՄԱԿՓԳՀ-ում՝ փախստականների պաշտպանության առաջատար միջագային կազմակերպությունում, Հայաստանի միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, դատական համակարգոմ, փաստաբանական և իրավապաշտպան ոլորտում։

Եռօրյա աշխատաժողովը համախմբեց մոտ երեսուն մասնակիցների, հիմնականում՝ իրավաբանական կլինիկաների ուսանողների՝ Գավառի պետական համալսարանից, Երևանի «Հյուսիսային» համալսարանից, Գյումրու «Պրոգրես» համալսարանից և Երևանի պետական համալսարանից։

Գավառի պետական համալսարանի պատվիրակների կազմում էին իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը, իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Աղեկ Ստեփանյանը, Լարիսա Բադալյանը և նույն բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Տաթևիկ Ղազարյանը, Հարություն Գևորգյանը, Հրանտ Մարգարյանը, ովքեր ակտիվորեն մասնակցեցին քննարկվող հարցերին և արժանացան խրախուսանքների։

Դասընթացի ընթացքում ուսանողների ուշադրությանը ներկայացվեցին փախստականների պաշտպանության ոլորտի տարաբնույթ թեմաներ՝ փախստականների միջազգային իրավունքը, ՀՀ ներպետական օրենսդրությունը, փախստականների պաշտպանության հիմնարար սկզբունքները, փախստականների կարգավիճակի որոշման ընթացակարգը, միջազգային պաշտպանության ներառման և բացառման դրույթները, Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց սոցիալական և տնտեսական իրավունքները։

Եռօրյա դպրոցը եզրափակվեց դատախաղով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառել ձեռք բերած նոր գիտելիքները։

Փախստականների իրավունքի աշնանային դպրոցն անցավ աշխույժ աշխատանքային և ուսումնառության մթնոլորտում՝ համեմված գործնական վարժություններով, քննարկումներով և հարցուպատասխանով։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

Հրապարակվել է 16.11.2023