ԿԱՅԱՑԱՎ ԵՄ ‹‹ERASMUS+ FLEXWBL›› ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԼՈԻՍԱԲԱՆՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ

 Ս թ նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության ‹‹ERASMUS+ FLEXWBL›› ծրագրի ադյունքների ներկայացմանը նվիրված ամփոփիչ հանդիպում՝ առցանց ձևաչափով։ Ծրագրի նպատակն է հայաստանյան բուհերում աշխատանքահեն կրթության շրջանակի մշակումն ու գործարկումը՝ միտված աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխանող, մրցունակ շրջանավարտների պատրաստմանը։

Հանդիպման առաջին մասում ներկաներին ողջունեցին ծրագրի համակարգող, Լատվիայի Հանրապետության Լիեպայայի համալսարանի դասախոս Պատրիկս Մորեվսը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի լոկալ համակարգող Իրինա Վանյանը։

Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ մասնակից բուհերում առավել կարևորվեց աշխատանքահեն կրթությունը, ամրապնդվեց աշխատանքի հետ շաղկապված կրթության կազմակերպման մշակույթը, որի պարագայում սովորելու և աշխատելու գործընթացները զուգակցված են, փոխլրացնում են միմյանց և անհրաժեշտ արդյունք ապահովում։

Պատրիկս Մորեվսը հանգամանալից ներկայացրեց ծրագրի կատարման ընթացքը և վերջնարդյունքները, Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջազգային բաժնի ղեկավար Գոհար Ղալաչյանը ներկայացրեց ԵՄ ‹‹ERASMUS+ WBL4JOB․ Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքահեն ուսուցման ներդրումը›› ծրագրի արդյունքները, Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ և ‹‹Luseen›› ՏՏ ընկերության համահիմնադիր Վարազդատ Ավետիսյանն անդրադարձավ ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի հետ աշխատանքահեն կրթության իրականացման հաջողված փորձին և կիրառվող կառուցակարգերին, իսկ ‹‹BIM Consulting›› ընկերության փոխտնօրեն Աստղիկ Գրիգորյանը ներկայացրեց իրենց ընկերությունում աշխատանքահեն ուսուցման իրականացման սկզբունքները։

Ծրագրի երկրորդ մասում ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց բովանդակալից շնորհանդես՝  նվիրված ‹‹FLEXWBL›› ծրագրի արդյունքների կայունության ապահովմանը և արդյունքների հետագա տարածմանը՝ ի նպաստ հայաստանյան բուհերում աշխատանքի վրա հիմնված որակյալ կրթության իրականացմանը, գործնական կարողություններ ունեցող մասնագետների պատրաստմանը։

 

Հրապարակվել է 05.12.2023