ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE » ԾՐԱԳԻՐԸ

Ս թ հունվարի 30-ին և 31-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցան      Եվրոպական Միության  «Էրազմուս+ KPI4HE Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրի մեկնարկային հանդիպումները։

Ծրագրի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք կնպաստեն որակյալ ու ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման և պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաև հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցով:

Եռամյա ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է, իսկ գործընկեր հաստատություններն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), ՀՀ հինգ բուհեր՝ Գավառի պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Եվրասիա միջազգային և Հյուսիսային համալսարանները, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, մեկ հասարակական կազմակերպություն, ինչպես նաև եվրոպական երեք բուհեր՝ Դրեզդենի տեխնիկական, Օլդենբուրգի (Գերմանիա) և Ջենովայի (Իտալիա) համալսարանները:

Գավառի պետական համալսարանից ծրագրի մեկնարկային հանդիպմանը մասնակցեցին ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը, գլխավոր հաշվապահ Գուրգեն Մուրադյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը։

Մեկնարկային հանդիպման բացման արարողության ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, KPI4HE նախագծի համակարգող Ալեքսանդր Մարգարովը։ Գավառի պետական համալսարանի գործունեության առանցքային ուղղությունները ներկայացրեց Լիլիթ Թոռչյանը։

Հանդիպման երկրորդ փուլում քննարկվեցին ծրագրի աշխատանքային փաթեթները, դրանց շրջանակում յուրաքանչյուր հաստատության համար նախատեսված աշխատանքները, ծրագրի վերջնարդյունքները, կարևորվեցին գործընկեր բուհերի կրթական որակի բարձրացման համար թիրախային ցուցիչները՝ ներառականությունը, կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարումը (էկոլոգիական կրթության ընդգրկումը) և թվայնացումը: Հանդիպման ավարտին առավել մանրամասն քննարկվեցին նաև ծրագրի շրջանակներում առաջիկա մեկ ամսվա համար նախատեսված աշխատանքները։

Հրապարակվել է 01.02.2024