Ս․ թ․ նոյեմբերի 18-ին Գավառի պետական համալսարանում կայացավ հանդիպում՝ 2023 թվականի միասնական ընդունելության քննությունների արդյունքներով հեռակա ուսուցման ֆակուլտետի առաջին կուրս ընդունված ուսանողների և նրանց ծնողների հետ:
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց առաջին կուրսեցիներին ու նրանց ծնողներին, ուսանողներին մաղթեց համալսարանական արդյունավետ և անմոռաց տարիներ, ընդհանուր՝ աշխարհայացքային և խորը մասնագիտական գիտելիքների, օգտակար սոցիալական փորձի ձեռքբերում, որակյալ կրթության միջոցով զարգացման ու առաջընթացի ապահովում։
Տիկին Հակոբյանը ներկայացրեց ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքները, ուսանողի դերն ու պատասխանատվությունը իր կրթական հետագիծը ձևավորելու գործում, ԳՊՀ միջազգային համագործակցության և սոցիալական աջակցության ծրագրերը։
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ֆակուլտետների դեկաններ Մարտին Ավագյանը, Սամվել Ամիրխանյանը, Թաթուլ Ասոյանը և Համլետ Ղաջոյանը, հեռակա ուսուցման ֆակուլտետի փոխդեկան Մելանյա Գարեյանը ներկայացրին սովորողներին առաջադրվող պահանջները, կրեդիտային համակարգում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերի առանձնահատկությունները, ակադեմիական շարժունության հնարավորությունները։
ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանն անդրադարձավ Գավառի պետական համալսարանի էլեկտրոնային ուսուցման «Learn․gsu.am» համակարգից և էլեկտրոնային գրադարանից օգտվելու կանոններին, ներկայացրեց ԳՊՀ պաշտոնական կայքէջի /www.gsu.am/ քարտեզը:
Առաջին կուրսի ուսանողները ստացան տեղեկատվական թերթիկներ, իրազեկվեցին բուհի կառուցվածքային ստորաբաժանումների, իրենց իրավունքների և պարտականությունների, ուսումնական գործընթացի ժամանակացույցի մասին։