ՈԱԱԿ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ս թ փետրվարի 21-ից 25-ը ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից անցկացվեց «Մասնագիտական կրթական ծրագերի մեխանիզմների բարելավում» թեմայով հնգօրյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեց Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչի պարտականությունները կատարող Քանաքարա Հայրապետյանը։

Վերապատրաստմանը մասնակցում էին Արցախի պետական համալսարանի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի, «Հայբուսակ» համալսարանի, ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչները՝ պրոռեկտոր, որակի ապահովման բաժնի պատասխանատուներ և դասախոսներ։

Վերապատրաստման նպատակն էր քննարկել մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) իրականացման խնդիրները, ներկայացնել բարելավման լավագույն փորձը, նպաստել բուհերի ՄԿԾ-ների շարունակական բարելավման գործընթացին։

Վերապատրաստման դասընթացը վարում էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն, բարձրագույն կրթության մասնագետ Ռուբեն Թոփչյանը և նույն կենտրոնի փորձագետ Արմենուհի Մհերյանը։

Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ծանոթացան մասնագիտական կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համապատասխանեցմանը, քննարկեցին իրենց կրթական ծրագրերի առաքելությունը և նպատակը, վերջնարդյունքները, գնահատման մեթոդները և մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովման կառուցակարգերը։

Վերապատրաստումը նպաստեց տարբեր բուհերի աշխատակիցների գիտելիքների հարստացմանը, հաջողված փորձի փոխանակմանն ու փոխգործակցությանը, ինչպես նաև կրթության որակի ապահովման մշակույթի տարածմանը։

 

 

Հրապարակվել է 28.02.2022