ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ  ‹‹ԱՆԵԾՔ-ՕՐՀՆԱՆՔԻՆ›› ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ 

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ  «Անեծք-օրհնանքի դրսևորումները ժողովրդական երգ-խաղիկներում, հայրեններում և անտունիներում» թեմայով բաց դաս, որը վարում էին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լուսինե Ղռեջյանը, հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Դադոյանը։

Բաց դասին մասնակցում էին բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը, օտար լեզվի և գրականության ամբիոնի ակադեմիական խորհրդատու Նարինե Նալբանդյանը, Հայոց լեզվի և գրականության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի  ուսանողներ։

Առցանց եղանակով բաց դասին միացել էին Գավառի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ Հայկանուշ Հակոբյանը։

Բաց դասի նպատակն էր ներկայացնել հայ բանահյուսական հինավուրց ժանրերի՝ ժողովրդական երգերի և անեծքների բազմաբնույթ առնչությունները։

Դասի սկզբում  ներածական խոսքով հանդես եկավ Լուսինե Ղռեջյանը՝ ներկայացնելով անեծք-օրհնանքների, երդումների ժողովրդական ըմբռնումները, անդրադարձավ ժողովրդական երգերի տիպաբանական խմբերին՝ հայրեններին, անտունիներին և խաղիկներին, այնուհետ խոսքը փոխանցվեց մագիստրոս Լիլիթ Դադոյանին, ով շնորհանդեսի միջոցով ներկայացրեց այդ ժանրերի դրսևորումներն ու փոխառնչությունները։ Լիլիթ Դադոյանն անդրադարձավ նաև իր մագիստրոսական թեզին՝ «Ժողովրդական խոսքի բանաձևային կառույցները հայկական ժողովրդական երգերում» թեմայով։

Խնդրո առարկան հետաքրքրեց ներկաներին, հնչեցին հարցեր, և ծավալվեց ակտիվ քննարկում։

Բաց դասն ամփոփեց ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը։

 

 

Հրապարակվել է 19.03.2022