«Թեպետ բարի խոսքերի գինը մեծ չէ, բայց նրանց արած գործն է մեծ»:
Ռաքել Պալացիո «Հրաշքը»
Ս․ թ․ մարտի 26-ին Գավառի պետական համալսարանի գրադարանավարուհի Ալվարդ Թոռչյանի նախաձեռնությամբ կայացավ Ռաքել Պալացիոյի «Հրաշքը» վեպի քննարկում։
Քննարկմանը մասնակցում էին ԳՊՀ ուսանողներ և դասախոսներ։
Վեպը ներկայացրին բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Անուշ Բաղդասարյանը, Մարիամ Խեքոյանը, Լուիզա Ապկարյանը։
«Հրաշքը» հեղինակի առաջին վեպն է։ Ավելի քան քսան տարի նա աշխատել է Նյու Յորքում՝ որպես խմբագրության ղեկավար, գեղարվեստական խմբագիր և նկարիչ-ձևավորող։ Պալացիոն, վեպը գրելիս, ոգեշնչվել է Նատալի Մերչանթի «Հրաշք» երգից։
«Հրաշքը» վեպն արժանացել է բազմաթիվ ազգային ու միջազգային մրցանակների, իսկ 2017 թվականին վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվել։
Քննարկման սկզբում ներածական խոսքով հանդես եկավ գրադարանավարուհի Ալվարդ Թոռչյանը, որից հետո ուսանողուհիներն անդրադարձան գրողի նկարագրած իրադարձություններին, վեպի հիմնական գաղափարներին, վերլուծեցին գրքից մեջբերումներ, կատարեցին կերպարների համադրումներ և համեմատություններ, շեշտեցին գրքի արդիականությունը՝ նշելով, որ կյանքը մարդուն բազում փորձությունների է ենթարկում և հաջողում է նա, ով կամքի ուժ ու կորով է գտնում իր մեջ՝ պատվով դուրս գալու բարդ իրավիճակներից։
«Հրաշքը» վեպը ապրումակցման, ըմբռնումի ու բարության յուրօրինակ դաս է:
Քննարկմանը զուգահեռ ցուցադրվում էին «Հրաշքը» ֆիլմից դրվագներ։
Գրքի քննարկումն ամփոփեցին հումանիտար մասնագիտություններ ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանն ու ԳՊՀ դասախոս, հոգեբան Արմինե Դավթյանը։