Ս․ թ․ մարտի 24-ին Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ բաց դաս՝ «Կնոջ կերպարը Հրանտ Մաթևոսյանի ‹‹Աշնան արև›› վիպակում» թեմայով։ Դասը վարում էին ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մաթևոսյանագետ Վաչագան Գրիգորյանը և հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Բադոյանը։
Բաց դասին ներկա էին ԳՊՀ դասախոսներ և ուսանողներ, իսկ առցանց եղանակով դասին միացել էին Նորատուսի թիվ 1, 2, 3 միջնակարգ դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ։ Բաց դասի նպատակն էր ներկայացնել «Աշնան արև» վիպակում Հրանտ Մաթևոսյանի վարպետորեն կերտած կնոջ կերպարը՝ իր բազմապիսի դրսևորումներով։
Դասի սկզբում ներածական խոսքով հանդես եկավ Վաչագան Գրիգորյանը՝ ներկայացնելով Մաթևոսյանի՝ գրականություն ներմուծած հայացքները, տեսակետները, վիպակի յուրահատկությունները, որից հետո Արփինե Բադոյանը ներկայացրեց վիպակում տեղ գտած կանանց կերպարները։
Անդրադարձ կատարվեց Աղունի և նրա սկեսրոջ՝ Արուսի կերպարներին, ինչպես նաև հայ կնոջ դերին՝ հայկական ավանդական ընտանիքում, զուգահեռներ անցկացնելով հայ և արտասահմանյան գրականության մեջ եղած կանանց կերպարների հետ։
Համեմատություն անցկացվեց նաև Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի հերոսուհի Աղունի և ամերիկացի գրող Թոմաս Վուլֆի «Երկրի ոստայնը» վիպակի հերոսուհի Էլազիայի միջև՝ որպես կին և մայր։
Բաց դասին զուգահեռ ցուցադրվում էին «Աշնան արև» ֆիլմից դրվագներ։
Դասի եզրափակիչ մասում հնչեցին հարցեր, և ծավալվեց ակտիվ քննարկում։
Բաց դասն ամփոփեց պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը։