Ս․ թ․ մարտի 18-ին Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ, դասախոսներ Ռուզաննա Ասատրյանի և Աստղիկ Ավետիսյանի աջակցությամբ տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով՝ նվիրված անգլիացի տնտեսագետ Ալֆրեդ Մարշալի ծննդյան 180-ամյակին:
Գիտաժողովին ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև Գավառի ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներ՝ դասախոս, ԳՊՀ շրջանավարտ Վարդան Գարեյանի ղեկավարությամբ։
Ուսանողները նախ ներկայացրին անվանի տնտեսագետի կյանքը, գործունեությունը, տնտեսագիտության մեջ ունեցած ներդրումը:
Գիտաժողովի ընթացքում բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ հետաքրքիր ու բովանդակալից շնորհանդեսների միջոցով հանդես եկան վերլուծական զեկուցումներով, որոնք վերաբերում էին համայնքների խոշորացմանը, գործարար միջավայրին, արտաքին առևտրին, հանքարդյունաբերությանը, արդի պայմաններում ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, ներդրումների և արտահանումների հիմնահարցերին։
Զեկուցումների հիմնական դրույթների վերաբերյալ հարցադրումներին ուսանողները պատասխանեցին լրացուցիչ պարզաբանումներով։
Գիտաժողովն ամփոփեցին տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը, փոխդեկան Մարիամ Հերգնյանը, հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ Հակոբ Ղուլոյանը, դասախոսներ Վալերի Առաքելյանը, Աստղիկ Հովեյանը։ Վերջիններս փաստեցին, որ այն ծառայել է իր նպատակին՝ նպաստելով ուսանողների հետազոտական կարողությունների և վերլուծական մտքի զարգացմանը։
Գիտաժողովը եզրափակեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով կարևորեց ուսանողների հետազոտական աշխատանքները, շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և մաղթեց հետագա հաջողություններ։