Ս․ թ․ մարտի 16-ին կայացավ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի կողմից համատեղ կազմակերպված, Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենիի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային առցանց համաժողովի երկրորդ մասը։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, ԳՊՀ պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ‹‹Հայկաշխարհ-Armlands.com›› արևմտահայերեն ուսուցողական կայքի հիմնադիր խմբագիր Նայիրի Մկրտիչեանը, ԳԱԱ լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գայանե Մխիթարյանը, ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Գրիգորյանը։
Իր ներածական խոսքում Վիկտոր Կատվալյանն անդրադարձավ «Մշակ» թերթի 150-ամյա գործունեությանը և գլխավոր խմբագիր Գրիգոր Արծրունու՝ մայրենի լեզվի հարցերի վերաբերյալ դիտարկումներին։ Որպես հրավիրյալ բանախոս՝ ուշագրավ ելույթ ունեցավ տիկին Նայիրի Մկրտիչեանը, ապա մասնագիտական թեմաներով զեկուցումներ ներկայացրին Շուշիի տեխնոլոգիական համալսարանից Լիանա Սանթրյանը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից Լալա Գրքիկյանը, Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Ստելլա Շահինյանը, Զառա Պետրոսյանը, հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Հովհաննիսյանը:
Գիտաժողովի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկան Վիկտոր Կատվալյանը, Ռուզաննա Հակոբյանը և Թաթուլ Ասոյանը՝ կարևորելով մայրենի լեզվի հիմնախնդիրներին նվիրված գիտական ուսումնասիրությունների կատարումը և հատկապես ուսանողների ընդգրկվածությունն այդ հարցում։