ԿՅԱՆՔԻՑ  ՀԵՌԱՑԵԼ  Է  ԳՊՀ  ՊԱՏՎԱՎՈՐ  ԲԱՐԵՐԱՐ  ԺԻՐԱՅՐ  ՆԻՇԱՆՅԱՆԸ

Խորին կսկիծով տեղեկացնում ենք, որ ավարտվել է մեծ մարդասեր և  հայրենասեր հայորդու՝ Գավառի պետական համալսարանի պատվավոր բարերար ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆԻ երկրային կյանքը։ Պարոն Նիշանյանն իր ողջ գիտակցական կյանքում ծառայել է վեհ ու ազնիվ գաղափարների, սատար կանգնել իր հայրենակիցներին, ձեռք մեկնել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց, հույս ու հավատ ներշնչել բոլոր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն, տարածել բարձր  և լուսավոր արժեքներ,  լիաբուռն բաշխել սեր ու ջերմություն, տվել՝ առանց ակնկալիքի, գոհանալով մարդկանց պարգևած ժպիտներով և օրհնանքով։

Տարիներ շարունակ Ժիրայր Նիշանյանի հովանավորությամբ Գավառի պետական համալսարանում սովորել և բարձրագույն մասնագիտական կրթություն են ձեռք բերել բազմաթիվ ուսանողներ, ովքեր որպես Նիշանյանի հոգեզավակներ կրում են Նիշանյանական արժեքներ և կշարունակեն ապրել ու գործել մեծ մարդասերին տված երդմանը հավատարիմ՝ ծառայել մայր հայրենիքին ու ժողովրդին, լինել ազնիվ մարդ ու որակյալ մասնագետ, լինել բարի ու կարեկից, երբեք անհաղորդ չմնալ այլոց պատուհասած դժվարություններին և խնդիրներին, անդուլ աշխատել և արարել՝ սիրով, հույսով ու հավատով լեցուն։

Ժիրայր Նիշանյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, 1936 թ. նոյեմբերի 29-ին: Ավարտել է Թեհրանի Ալբորզի ավագ դպրոցը: Չկարողանալով շարունակել ուսումը` նա երկու տարի շարունակ առավոտյան աշխատել է Աբովյանի տարրական դպրոցում և դասավանդել մաթեմատիկա վեցերորդ դասարանցիներին, իսկ կեսօրից հետո աշխատել որպես հայ վաճառականի գրասենյակային օգնական շուկայում, և խնայել 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:  Ժիրայր Նիշանյանի մանկության նվիրական երազանքն էր դառնալ քաղաքացիական ճարտարագետ և այն իրագործելու նպատակով նա որոշում է իր կրթությունը շարունակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Թեհրանի ամերիկյան գրադարանում ձեռք բերած գիտելիքներով նա ընդունելության համար դիմում է Միացյալ Նահանգների մի քանի համալսարաններ և ընդունվում Վաշինգտոնի Ամերիկյան համալսարան` անգլերեն լեզուն արտասահմանցի ուսանողների համար հատուկ ծրագրով, ինչպես նաև Վաշինգտոնում Ջորջ Վաշինգտոնի և Լինկոլնում Նեբրասկայի համալսարաններ՝ ինժեների մասնագիտությամբ: Թեև Ժիրայր Նիշանյանի ավագ եղբայրը` Կարո Նիշանյանը, ցանկանում էր, որ նա գնա Եվրոպա և ստանա բժշկի մասնագիտություն, սակայն եղբոր` բուհ ընդունվելու նամակներն ստանալուց հետո, նա ինքնաթիռի տոմս է գնում եղբոր համար և 1958 թ.-ի նոյեմբերի 8-ին Ժիրայր Նիշանյանը Թեհրանից մեկնում է Վաշինգտոն:

Ժամանելուն պես Ժիրայր Նիշանյանն անմիջապես գրանցվում է Ամերիկյան համալսարանում օտարերկրացի ուսանողների համար նախատեսված վեցշաբաթյա անգլերեն լեզվի դասընթացներին, սակայն այն ավարտելուց հետո Վաշինգտոն նահանգի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի վարձաչափի թանկ լինելու պատճառով, նա որոշում է տեղափոխվել Լինկոլն և գրանցվում Նեբրասկայի ճարտարագիտական համալսարանում: Քանի որ Ժիրայր Նիշանյանի ողջ խնայողությունը՝ 500 դոլարը շատ արագ սպառվեց, ուստի նրա համար հույժ կարևոր էր կես դրույքով աշխատանք փնտրելը, որպեսզի կարողանա հոգալ իր ծախսերը: Ցավոք, 1958 թ.-ին Լինկոլնը մի փոքրիկ համալսարանական քաղաք էր` շրջապատված մեծ ագարակներով, և օտարերկրյա ուսանողին աշխատանքային մեծ հնարավորություններ չէր առաջարկում: Այդուհանդերձ, մեկ կիսամյակ սովորելուց հետո, նա որոշում է վերադառնալ Վաշինգտոն, որտեղ կարող էր աշխատել և շարունակել ուսումը: Այսպիսով, Ժիրայր Նիշանյանը իր վաստակած կրեդիտներով ընդունվում է Հովարդի համալսարանի ճարտարագիտության բաժին, որտեղ կառավարության աջակցության շնորհիվ համալսարանում սահմանված էր ուսման ցածր վարձաչափ: Ուսմանը զուգահեռ նա կես դրույքով աշխատում է որպես մատուցողի օգնական` իր բնակավայրին մոտ գտնվող մի ռեստորանում: Իր ազնվության և աշխատասիրության շնորհիվ նա առաջընթաց է ունենում ծառայության մեջ և նշանակվում գլխավոր մատուցող Վաշինգտոնում գտնվող «Ինթերնեշնլ» պանդոկ հյուրանոցում:

1965թ.-ի հունվարի 22-ին Ժիրայր Նիշանյանին շնորհվում է քաղաքացիական ճարտարագետի բակալավրի աստիճան։

Քաղաքացիական ճարտարագետի բակալավրի աստիճան ստանալուց հետո` Ժիրայր Նիշանյանը որոշ ժամանակահատված աշխատում է ավտոմայրուղու շինարարության, օդային և տիեզերական արդյունաբերության ոլորտներում, ստանում ինժեների պաշտոն և աշխատանքի անցնում որպես ԱՄՆ կառավարության տրանսպորտի դեպարտամենտի ճանապարհների և կամուրջների նախագծման, ապա կառուցման հետազոտությունների ճարտարագետ (ինժեներ): Ճանապարհների կառուցման հետազոտությունների ինժեներ աշխատելուն զուգահեռ, Ժիրայր Նիշանյանը շարունակում է իր ուսումը և 1969թ.-ի հունիսին ստանում քաղաքացիական ճարտարագետի մագիստրոսի աստիճան, այնուհետ ասպիրանտուրայում հետազոտություն անցկացնում մետաղների դյուրաբեկության և կարծրության հատկությունների թեմայով և դառնում Դաշնային ավտոմայրուղու կառավարման հետազոտական գործունեության ծրագրի ղեկավար` կամրջաշինության ոլորտում պողպատի դյուրաբեկության և կարծրության հատկությունների գծով: Ձեռնարկելով այդ բոլոր պահանջարկ ունեցող աշխատանքները և միևնույն ժամանակ ավելի մեծ հնարավորությունների ձգտելով` նա շարունակում է իր առաջընթացը:

Հետաքրքրված լինելով անշարժ գույքի զարգացմամբ և ԱՄՆ դաշնային կառավարության համար աշխատելով լրիվ դրույքաչափով` Ժիրայր Նիշանյանը երեկոյան ժամերին և հանգստյան օրերին նույնպես արտաժամյա ներգրավվում է մասնավոր հատվածի առևտրային և բնակելի շրջանների նախագծման և կառուցման գործընթացներում:

Մինչ համալսարանն ավարտելը, 1969 թ.-ի նոյեմբերին Ժիրայր Նիշանյանը հինգ հազար դոլար է ստանում իր մայրիկից` Մարիամ Նիշանյանից և իր մտերիմ ընկեր` Արա Պեզեշկյանի հետ համատեղ հիմնում «JAM» ձեռնարկությունը, ինչպես նաև Մերիլենդում, որը գտնվում է Քենսինգթոնում, ներդրում կատարում անշարժ գույքի՝ մի քանի հին բնակարանի ձեռքբերման նպատակով՝ ենթադրելով, որ հետագայում այն առևտրային զարգացման ներուժ կունենա: «JAM» ձեռնարկության հիմնումը նրա առաջին ռիսկային քայլն էր, որը հաջողությամբ է պսակվում և շարունակվում մինչ օրս: Լիարժեք աշխատաժամանակով աշխատելուն զուգահեռ՝ Ժիրայր Նիշանյանը շարունակում է իր կես դրույքաչափով ձեռնարկատիրական գործունեությունը և «JAM»-ին զուգահեռ հիմնում «NGN», «JERAX» և «JADES» ձեռնարկությունները: 1988թ.-ի նոյեմբերին Դաշնային կառավարությունում 22 տարվա ծառայությունից հետո, նա հրաժարվում է  զբաղեցրած պաշտոնից և ամբողջապես նվիրվում իր սեփական ձեռնարկությունների զարգացման գործին:

Ժիրայր Նիշանյանը, որպես իր ձեռնարկությունների գլխավոր գործադիր տնօրեն, մշակել և կառուցել է առևտրի կենտրոններ, գրասենյակային շենքեր, առևտրային և բնակելի կառույցներ, որոնք ներառում են` առևտրային սեփականություն հանդիսացող հաստատություններ` “Merchant Tiers” on Chain Bridge Road “Tysons Corner” հասցեով, գրասենյակային կառույցը 1880 “HOWARD” AVE “Tysons Corner”, հասցեով, “JADES” առևտրային կենտրոնը Վիեննայում, “JADES” գրասենյակները Վիեննայում, 720 “Grant Street Center”-ը Հերդոնում, “Manassas Park” առևտրային կենտրոնը, “Brentwood” Court Townhouses-ը Վիեննայում և “Akhtamarʼs Haven” Subdivision-ը, որը բացառիկ բնակելի վայր է հանդիսանում Great Falls-ում:

Ժիրայր Նիշանյանը “Jer-Tag” ձեռնարկությունների, “Cycle Homes” ինկորպորացիայի և “Virginia” կորպորացիաների նախագահն ու հիմնադիրն է: “Jer-Tag” ձեռնարկություններին է պատկանում “Virginia” անշարժ գույքի բրոկերային գործունեության իրականացման լիցենզիան, իսկ “Cycle Homes” ինկորպորացիաներին՝ A դասի կապալառուների` գործունեության իրականացման լիցենզիան:

Ժիրայր Նիշանյանը, լինելով կենսաթոշակային տարիքի, վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված չէր իր ընկերությունների և կորպորացիաների ամենօրյա ղեկավարման գործընթացում, սակայն որդին` Թագվոր Գ. Նիշանյանը որպես իր գործընկեր, կատարում է վարչական պարտականությունները, իսկ դուստրը` Ալինե Նիշանյան-Թեմփլինը գույքի կառավարման ոլորտի պատասխանատուն է:

Բակալավրիատն ավարտելուց և ԱՄՆ-ում մշտական բնակություն ստանալուց հետո, Ժիրայր Նիշանյանը միջնորդում է Թեհրանում ԱՄՆ դեսպանատանը` իր կրտսեր քրոջը` Հասմիկին և մայրիկին` Մարիամին, ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրել և այն փոխել մշտական բնակության կարգավիճակով: 1967թ.-ի նոյեմբերին նա միջնորդում է իր ավագ քրոջ` Վարթին Զառուկյանի և նրա ընտանիքի համար, այնուհետ իր մյուս քրոջ` Ֆլորա Ղարախանյանի և եղբոր` Կարո Նիշանյանի և նրանց ընտանիքների համար, որպեսզի նրանց ներգաղթյալների մուտքի արտոնագիր տրամադրվի: 1970-ական թթ. կեսերին իր ողջ ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ:

Ժիրայր Նիշանյանի հայրը` Աբրահամ Նիշանյանը, ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում, իսկ մայրը` Մարիամ Նիշանյանը, Ապին Ակուլիսում: Նրանք իրենց ընտանիքի անդամներից միակն էին, որ ողջ էին մնացել Հայոց ցեղասպանության տարիներին: Ժիրայր Նիշանյանի հայրը ձեռնարկատեր էր և զբաղվում էր պարսկական գորգերի` ԱՄՆ արտահանման բիզնեսով: Նա հպարտանում էր իր հայկական ծագմամբ և իր ժողովրդի ավանդույթներով: Երբ Ժիրայր Նիշանյանի հայրը մահացավ, նա ընդամենը երկու տարեկան էր: Ժիրայր Նիշանյանը, լինելով հինգ երեխաներից կրտսերը, մայրական խանմքի տակ է մեծացել: Նրա մայրը փոքր ժամանակ հրազենային վնասվածք է ստացել ծնկի հատվածում և հրաշքով ողջ մնացել Հայոց ցեղասպանության տարիներին: Նա հայտնվել է ամերիկացիների կողմից հիմնված Իրանի Համադան քաղաքի որբանոցում: Մարիամ Նիշանյանը շատ բարեպաշտ, իմաստուն և խելամիտ կին էր, ով իր հինգ երեխաներին միայնակ է մեծացրել: “Akhtamar Haven Subdivision”- ի հիմնադրումից հետո, Ժ. Նիշանյանը իր բնակավայրը կառուցում է 10220 “Akhtamar Dr. Great Falls”-ում, միաժամանակ Վիեննայում երկու ննջասենյակից բաղկացած բնակարան գնում իր մայրիկի համար, որպեսզի նա մոտ լինի Վիեննայում ապրող իր մյուս երեխաներին, բայց նրա մայրիկը նախընտրում է նրա հետ ապրել 10220 “Akhtamar Dr. Great Falls”-ում: Նույնիսկ պատկառելի հասակում, երբ Մարիամ Նիշանյանից խորհուրդ էին հարցնում, նա առանց վարանելու գործնական խորհուրդ էր տալիս իր որդուն:

Ժիրայր Նիշանյանի վրա մեծ տպավորություն է թողել իր ծնողների անցյալը և նրա մոտ խորը զգացմունքներ են առաջացել Հայաստանի` իր նախնիների հայրենիքի նկատմամբ: Նա մշտապես պարտքի զգացում և մեծ ցանկություն է ունեցել` օգնություն տրամադրելու մանկատներում գտնվող երեխաներին և օգտակար լինելու անապահով հայ երիտասարդներին, մասնավորապես, տաղանդավոր երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան օգտագործել իրենց ներուժը: Իր տեսլականը իրականություն դարձնելու նպատակով` նա 1993 թ.-ի նոյեմբերի 30-ին հիմնում է «Ժիրայր Նիշանյան» հիմնադրամը՝ “Jerair Nishanian Foundation” բարեգործական կազմակերպությունը: Այն գտնվում է “Virginia” ոչ առևտրային կազմակերպության իրավասության ներքո: “JNF”-ը ստեղծվել է բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական, գրական և կրթական նպատակներով` համաձայն 1986թ.-ի ներքին եկամտային օրենսգրքի 501C (3) բաժնի:

Իր սկզբնավորումից ի վեր (1993թ.)` “JNF”-ը կրթաթոշակներ է տրամադրում Գավառի պետական համալսարանի ուսանողներին, սակայն 2011 թ.-ից սկսած “JNF”-ը ընդլայնել է կրթաթոշակային ծրագիրը` ներառելով Երևանում գործող Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողներին: “JNF” կրթաթոշակային ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով` Ժ. Նիշանյանը 2013 թ.-ի մայիսին, “JNF”-ին նվիրաբերել է 1000000 դոլար և ստեղծել նվիրատվության ֆոնդ:

“JNF” կրթաթոշակային ծրագիրը Հայաստանում իրականացվում է Նյու Յորքում թեմական Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Երևանյան գրասենյակի կողմից: “JNF”-ը ներկայումս Հայաստանում կրթաթոշակներ է տրամադրում ավելի քան ութսուն ուսանողների:

2011 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Ժիրայր Նիշանյանն ու նրա կինը` Անահիտ Նիշանյանը խորհդի անդամների` արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանի, վերապատվելի երեց Վրթանես Քալաջյանի և երեցկին Անահիտ Քալաջյանի հետ միասին այցելեցին Գավառի պետական համալսարան, ֆակուլտետների ուսանողները Ժիրայր Նիշանյանին ու նրա կնոջը մեծ պատվով դիմավորեցին և “JNF”-ին շնորհակալագիր հանձնեցին, այնուհետ հաջորդեցին ողջույնի ու երախտիքի անկեղծ խոսքերը,  ձեռագործ հուշանվերները:

“JNF”-ը 2015 թ.-ի մայիսին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջառումների վեց խոշոր նվիրատուներից մեկն է:

“JNF”-ը նաև ֆինանսավորել է մի քանի առանձնահատուկ նախագծեր, որոնք են`

Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցու գլխավոր խորանի նախագծումը և կառուցումը,

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մասնաշենքի բարենորոգումը,

Հովանավորել և ֆինանսավորել է հետևյալ գրքերի թարգմանությունն ու հրատարակումը,

Դոկտոր Թաներ Աքչամի` «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» հեղինակային գրքի թարգմանությունը թուրքերենից հայերեն,

Դոկտոր Թաներ Աքչամի հեղինակային գրքի թարգմանությունը արևելահայերեն,

Անուշ Նաղգաշյանի «Ես հայ եմ» մանկական գրքի տպագրությունը,

«Հայերի պատմությունը Օսմանյան կայսրությունում» պատմության դասագրքի հրատարակումը, որի համահեղինակ են հանդիսանում մի շարք հայ գիտնականներ,

«Երազներ և հրաշքներ» գրքի տպագրությունը և դրա բաժանումը Հայաստանի զինծառայողներին,

«Գրականության ժամանակակից պատմություն» երկրորդ դասագրքի հրատարակումը, որն ամփոփում է թուրքական գրականությունը` ներառելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութեր,

Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը» հեղինակային գրքի թարգմանությունը թուրքերենից անգլերեն, ինչպես նաև թուրքերենից հայերեն:

Ժիրայր Նիշանյանը Հայաստանի Հանրապետության նախագահի, Վեհափառի, Սփյուռքի նախարարի, բուհերի և տարբեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել է մի շարք մեդալներով, երախտագիտության և գնահատանքի հավաստագրերով, որոնք են`

«Երախտագիտության» մեդալ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից,

«Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից,

«Գնահատանքի և երախտագիտության» մեդալ` Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից,

«Գնահատանքի և երախտագիտության» մեդալ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից,

«Էլիս այլընդ» պատվո մեդալ, որն հանդիսանալով ամերիկյան մրցանակ` ստեղծվել է Կազմակերպությունների ազգային կոալիցիայի (NECO) կողմից` հարգանքի տուրք մատուցելու այն ներգաղթյալին, որը աջակցություն է ցուցաբերել Ամերիկային և որի ժառանգությամբ օգնության ձեռք է մեկնվել ներգաղթյալներին և նրանց երեխաներին,

Գավառի պետական համալսարանի պատվավոր բարերարի կոչում,

Գավառի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում,

«Ներսիսյան ճեմարան» գնահատանքի մեդալ:

Ժիրայր Նիշանյանի ընտանիքը՝  երեք զավակն  ու հինգ թոռները, ինչպես նաև նրա բոլոր հոգեզավակները՝ Նիշանյանականները վառ են պահելու ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆԻ պայծառ հիշատակը և ապրելու ու գործելու են նրա պատգամներով։

Հրապարակվել է 16.03.2022