‹‹ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ԴՊՐՈՑՆԵՐ›› ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին Գավառի ավագ, Գավառի թիվ 7, Սարուխանի թիվ 1, 2, 3, Նորատուսի թիվ 1, 2, 3, Կարմիրգյուղի թիվ 1, 2, Լանջաղբյուրի, Գեղարքունիքի, Հայրավանքի, Ծովազարդի, Լճափի  միջնակարգ դպրոցներ, հանդիպեցին տնօրենների, ուսուցիչների և աշակերտների հետ։ Հանդիպումների նպատակն էր ուսումնասիրել բարձր դասարանների աշակերտների կրթական կարիքները, աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։

Հանդիպումների ընթացքում համալսարանականները պատասխանեցին աշակերտների հարցերին,  ներկայացրին բուհում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերը, կրթաթոշակային հիմնադրամներից օգտվելու հնարավորությունները, ԳՊՀ-ի անդամակցած Եվրոպական միության «Erasmus+» միջազգային ծրագրերը, որոնց շրջանակներում բուհի ուսանողները հնարավորություն ունեն իրենց կրթության որոշակի ժամանակահատվածն անցկացնել եվրոպական առաջատար բուհերում։ Աշակերտներին առաջարկեցին այցելել համալսարան, մասնակցել բաց դասերի և գործնական պարապմունքների։

ԳՊՀ ռեկտորատի, ամբիոնների,  դեկանատների, բնագիտության լաբորատորիայի, պատմագիտական թանգարանի և մյուս ստորաբաժանումների դռները բաց են բոլոր դպրոցների աշակերտների և ուսուցիչների առջև։

 

Հրապարակվել է 12.03.2022