ՀԱՅՐԱՎԱՆՔԻ  ԵՎ  ԾՈՎԱԶԱՐԴԻ  ՄԻՋՆԱԿԱՐԳ  ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ`   ԳՊՀ-ՈՒՄ

Գավառի պետական համալսարանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների համագործակցության ծրագրի շրջանակներում համալսարան էին այցելել Հայրավանքի և Ծովազարդի միջնակարգ դպրոցների աշակերտներն ու  ուսուցիչները։ Այցելության նպատակը ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում գործնական դասի անցկացումն էր։

Հյուրերին ողջունեց ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, ով հանգամանալից ներկայացրեց ֆակուլտետում գործող մասնագիտություններն ու աշխատաշուկայում դրանց պահանջարկը։

ԳՊՀ լաբորատորիայում առկա նիտրատաչափի օգնությամբ աշակերտները չափեցին տարբեր մրգերում և բանջարեղեններում նիտրատների պարունակությունը: Ստացված տվյալները նրանք համեմատեցին սահմանված նորմերի հետ և կատարեցին համապատասխան վերլուծություններ:

Աշակերտները կատարեցին «Փարավոնի օձ», «Քիմիական հրաբուխ», «Ոսկե անձրև», «Քիմիական պատռվածք», «Ծուխ առանց կրակի» փորձերը։ Նրանք հետաքրքրությամբ մասնակցեցին մարդու զգայարանների գործունեությանն առնչվող տեսողական խաբկանքի ստեղծման և հավասարակշռության համակարգի խախտման փորձերին։

Լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի օգնությամբ աշակերտները իրականացրին նաև բուսական հյուսվածքից ԴՆԹ-ի անջատման փորձը։

Նրանց համար հետաքրքիր էր նաև Մաքսվելի թափանիվի և էլեկտրածին մեքենայի աշխատանքը։ Լաբորատոր փորձերից հետո աշակերտներն այցելեցին բուհի Վարշամ Ավետյանի անվան պատմահնագիտական թանգարան։

Աշակերտները եղան ԳՊՀ ռեկտորատում և օգտակար խորհուրդներ ստացան տիկին  Ռուզաննա Հակոբյանից։

Հրապարակվել է 18.03.2022