ՃԱՆԱՉԵՆՔ   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՄԱՆԵ  ԴԵՂՈՅԱՆ

«- Սիրելի՛ Մանե, Դուք զբաղեցրել եք առաջին հորիզոնականը հանրապետական «Լավագույն ուսանող» մրցույթում, հումանիտար ոլորտում։ Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը։

Ես Մանե Խորենի Դեղոյանն եմ: Ծնվել եմ 2000 թվականի սեպտեմբերի 6-ին, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: 2006 թվականից մինչև 2018 թվականը սովորել եմ Սարուխանի Սուրեն Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների և մրցույթների: Հաղթել եմ «Հայոց լեզու» և «Կենսաբանություն» առարկաների հանրապետական օլիմպիադաներում և արժանացել գովասանագրերի: «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» մրցույթի եզրափակիչ փուլում ճանաչվել եմ հաղթող: 2018թ. հաջողությամբ ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժինը: Բանիմաց և նվիրյալ դասախոսների շնորհիվ ստացել եմ հարուստ գիտելիքներ, կատարել եմ հետազոտական աշխատանքներ: Մասնակցել եմ հանրապետական և միջազգային գիտաժողովների: Իմ մասնակցությունն եմ ցուցաբերել ներհամալսարանական և արտահամալսարանական բազում միջոցառումների: Հանդես եմ եկել ելույթներով և ըստ արժանվույն ներկայացրել Գավառի պետական համալսարանը: 2022 թվականին հաղթել եմ «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում, հումանիտար մասնագիտությունների  ոլորտում` զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Նման հաղթանակի հասնելու համար ես շատ եմ աշխատել: Դեռևս դպրոցական տարիներից համոզվել եմ, որ նպատակասլացությունը և հաստատակամությունը մարդուն մղում են նոր բարձունքների: Կարևոր է՝ երբեք չբավարարվել ձեռք բերածով: Անցած հաղթանակները ինձ թևեր էին տալիս: Եվ ահա այս մեծ հաղթանակը` լավագույն ուսանող: Պատահել է, որ ընկրկել եմ, տխրել, բայց միշտ առաջ եմ նայել, հավատացել, որ իմ աշխատանքը կգնահատվի:  

Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ։

— ԳՊՀ-ն իմ կյանքում նոր էջ բացեց: Համալսարանի շնորհիվ ես ամուր կանգնեցի իմ ոտքերի վրա, հավատացի իմ ուժերին: ԳՊՀ-ում դասախոսների և ուսանողների միջև կապը ջերմ է, անմիջական և անեղծ: Ուսանողները կրթվում են, գիտակցում սեփական մշակույթի` լեզվի, պատմության, արվեստի, ազգային այլ արժեքների կարևորությունը և դառնում դրանց կրողն ու տարածողը:

  —Ինչպիսի՞զգացողություններ ունեցաք՝ ստանալով 2021 թվականի «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելու մասին լուրը։

Անկեղծ ասած անհանգիստ էի, սպասում էի հեռախոսազանգի: Մի պահ նույնիսկ մտածեցի, որ հավանաբար որևէ հորիզոնական չեմ զբաղեցրել: Բայց ահա, 2022 թվականի փետրվարի 1-ին հնչեց հեռախոսազանգը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էր: Ուրախությունս անբացատրելի էր, անմիջապես տեղեկացրի ծնողներիս: Փետրվարի 4-ին կայացավ մրցանակաբաշխությունը։ Հայտարարվեց, որ զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը: Ե՛վ հպարտ էի, և՛ հուզված, որ բարձր եմ պահել իմ բուհի պատիվը, և որ իմ դասախոսների աշխատանքն ու իմ ջանքերը գնահատվել են ըստ արժանվույն:

Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։

— Այսօր շատ բան է փոխվել իմ կյանքում: Կարելի է մի շարք թվարկումներ կատարել: Ինձ համար կյանքում առաջնայինը մարդ լինելն է, դիմացինի մեջ մարդ տեսնելը և գնահատելը: Սիրո և բարության շնորհիվ կարելի է փրկել աշխարհը, կանխել պատերազմներն ու աղետները, մարդկության դեմ ծառացած արհավիրքները, որոնք մեր օրերում, ցավոք սրտի, շատ-շատ են:

Ի՞նչ երազանքներ ունեք։

— Երազանքներ շատ ունեմ, բայց առաջնայինը հզոր հայրենիք ունենալն է: Դրան հասնելու համար յուրաքանչյուր ոք պետք է իր դիրքում և տեղում լինի: Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտություն և հրամայական պահանջ է լավ մասնագետ լինելն ու հայրենիքին ծառայելը:

Ի՞նչ սկզբունքների եք դավանում։

— Ինքս պատասխանատու, պարտաճանաչ և աշխատասեր մարդ եմ: Մորիցս եմ ժառանգել: Ձգտում եմ հետ չմնալ ընկերներիցս, հասնել առավելագույնին: Երբեմն չափից դուրս պահանջկոտ եմ իմ նկատմամբ, փորձում եմ ինքնահաստատվել, իրացնել իմ ունակությունները, օգտակար լինել ընտանիքիս, համայնքիս, հայրենակիցներիս: Կյանքում գլխավոր սկզբունքս է՝ ցանկացած իրավիճակում մարդ մնալ և սեփական ես-ը չկորցնել:

-Նշեք այն  հատկանիշները, որոնք ըստ Ձեզ՝ ամենակարևորն են մարդու համար։

— Մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում եմ ազնվությունը և բարությունը, դիմացինին օգնելու պատրաստակամությունը: Նա, ով ունի այս հատկանիշները, կյանքում կգտնի իր տեղը:

Ո՞ր գրողի ստեղծագործություններն եք սիրով ընթերցում։

-Շատ եմ սիրում կարդալ: Ընթերցանությունը լուսավորում է հոգին, ոգեշնչում ու զորացնում մարդուն, նրա մեջ առաջացնում լավագույն ձգտումներ, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը: Սեղանիս գիրքն ամերիկացի դասական Հերման Մելվիլի «Մոբի Դիք կամ Ճերմակ կետաձուկը» վեպն է: Գիրքը պատմում է այն մենամարտի մասին, որ մարդկային բնավորությունն ու կամքը մղում են ճշմարտության ու արդարության որոնումներին խոչընդոտող չար ուժերի դեմ: Սիրում եմ ընթերցել Վիլյամ Սարոյանի գործերը: Մեծանուն հայը ինձ համար բոլոր ժամանակների գրող է, և նրա խոսքերը, այսօր առավել քան երբևէ, արդիական են. «Քանի ապրում ես, ոչինչ չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, մի՛ կռվիր քո նմանի դեմ և եթե ուզում ես հաղթել, հաղթիր սիրելով ու խնդությամբ: Մարդը ծնվել է ապրելու, ոչ թե պատերազմելու համար»:

Ընթերցանությունից բացի, ազատ ժամերին ինչով եք զբաղվում, ի՞նչ նախասիրություններ ունեք։

-Սիրում եմ լեզուներ ուսումնասիրել: Համալսարանում բացի անգլերենից և ռուսերենից, ուսումնասիրում ենք նաև գերմաներեն և ֆրանսերեն: Կարծում եմ, լեզվի իմացությունը կարևոր է կյանքում: Վայելք է, երբ կարողանում ես համաշխարհային մեծություններին կարդալ բնագրով:

-‹‹Լավագույն ուսանող›› տիտղոսը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում։

— Ստացա բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ: Հաճելի էր և հուզիչ: Այս մրցանակը շատ պարտավորեցնող է: Այսուհետ կանեմ ավելին, որպեսզի բարձր պահեմ իմ բուհի անունը և արդարացնեմ ինձ վստահողների հույսերը:

Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի  հաղթեն ‹‹Լավագույն ուսանող››  մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։

—  Ես հպարտ եմ, որ Գավառի պետական համալսարանի ուսանող եմ: Իմ կրտսեր ընկերներին, ԳՊՀ ուսանողներին կտամ հետևյալ խորհուրդը՝ կրթե՛ք ձեր միտքն ու հոգին, եղե՛ք ուժեղ և հիշե՛ք. աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին:

Կարծում եմ, երիցս ճշմարիտ է ասված․ ‹‹Ճանաչի՛ր ինքդ քեզ››։ Ինքնաճանաչությամբ մարդը դառնում է ինքնավստահ և աներկյուղ:

Սիրե՛նք մեր հայրենիքը,  խոնարհվե՛նք հերոս հայորդիների  լուսե հիշատակի առջև, երդվե՛նք Եռաբլուրում: Հայն անպարտ է, երբ հավատում է իր ուժին ու  ոգեղենությանը: Վստահե՛նք և հավատա՛նք մեր ուժերին, ապրե՛նք ու արարե՛նք մեր հայրենիքում և ի լուր աշխարհի գոչե՛նք.

-Մենք հա՛յ ենք, մենք Հայկ Նահապետի ժառանգնե՛րն ենք, ուրեմն պետք է պայքարե՛նք, փորձությունները հաղթահարե՛նք և մեր պապերի սրբազան հողի վրա մեր տունը կառուցե՛նք ու շենացնե՛նք:

— Շնորհակալություն››։

 

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և

 լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

 

 

 

 

Հրապարակվել է 12.03.2022