ԱՊՐԻԼԻ 7-Ն ԱՎԵՏՄԱՆ ՕՐՆ Է՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Մայրությունը բարձրագույն գաղափար ու կոչում էեղել բոլոր ժամանակներում։ Հենց մայրությամբ է կինը մասնակից դառնում աստվածային արարչագործությանը։ Ասում են՝ նոր կյանք ծնունդ տալով, արարելով՝ կինը նմանվում է Աստծուն։

Պատահական չէ, որ մեր երկրում Մայրության օր է հռչակվել Ապրիլի   7-ը, հենց այն օրը, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

Ավետարանի համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը: Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- ասել է: Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է տոնի առթիվ՝ մաղթելով անսահման սեր, երջանկություն, հարատև գեղեցկություն, բարեկեցություն և խաղաղություն։

Հրապարակվել է 07.04.2022