Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Շուշաննա Սիրականյանին և փաստաբան Արաքսյա Բագդատյանին, ովքեր համալսարանում անկացրին բաց դաս՝ «Ի՞նչ պետք է իմանալ աշխատանքային պայմանագիր կնքելիս» թեմայով։ Մասնակցեցին համալսարանի տարբեր ֆակուլտետներ շուրջ քառասուն ուսանողներ և դասախոսներ։
Դասն անցկացվեց հիմնադրամի «Աշխատանքային իրավունք ուսանողների համար» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աշխատաշուկա մուտք գործող ուսանողներին փոխանցել անհրաժեշտ գիտելիք աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության ուղիների ու միջոցների վերաբերյալ։
Բաց դասի ընթացքում ներկայացվեցին աշխատաշուկայի հիմնախնդիրները, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, ուսանողների կամավորական աշխատանքի և փորձաշրջանների ընթացքում առաջացող խնդիրներն ու դրանց լուծումները, աշխատանքային պայմանագրի և ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կնքման ու լուծման առանձնահատկությունները։
Բաց դասն ավարտվեց ՀՀ աշխատաշուկայի հիմնախնդիրների ինտերակտիվ քննարկումով։