‹‹ԳԱՎԱՌԻՑ  ՀՌՈՄ  ՄԵԿ  ՔԱՅԼ  Է››․  ՓԱՍՏՈՒՄ  ԵՆ  ԵՎՐՈՊԱՅՈՒՄ  ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ  ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանում ձևավորված ավանդույթի համաձայն` ս․ թ․ մարտի 31-ին տեղի ունեցավ ակադեմիական շարժունության միջազգային ծրագրերով Եվրոպայում սովորած ԳՊՀ ուսանողների հաշվետու-հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ԳՊՀ ուսանողներ։

Հետաքրքիր հաշվետվություններով հանդես եկան Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Խաչատրյանը, հեռակա ուսուցման ֆակուլտետի «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լալա Դավթյանը, ովքեր սովորել են Իտալիայի Հռոմի Սապիենզա համալսարանում, տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոնյա Սահակյանը, նույն ֆակուլտետի «Տնտեսագիտություն» բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Էմմա Ջուղեցյանը, ովքեր սովորել են Իսպանիայի Ալմերիա համալսարանում և տնտեսագիտական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Ղարաբաղցյանը, ով սովորել է Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում։

Ուսանողները բովանդակալից շնորհանդեսներով ներկայացրին եվրոպական բուհերում իրենց ուսումնառության ընթացքն ու առարկայացանկը,  ակադեմիական առաջադիմության արդյունքները, հյուրընկալ համալսարաններում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները, դասավանդման մեթոդները, էլեկտրոնային ուսուցման հնարավորությունները՝ անդրադարձ կատարելով Գավառի պետական համալսարանի և եվրոպայում իրենց ուսանած համալսարանի ուսումնական գործընթացների ընդհանրություններին ու տարբերություններին։

Ուսանողները սիրով պատասխանեցին ներկաների հարցերին և շեշտեցին, որ իրենց մայր բուհի շնորհիվ ոչ միայն նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեցին, այլև հնարավորություն ունեցան լինելու եվրոպական մի շարք երկրներում։

Դեռևս բակալավրիատում ուսանելիս՝ ՀՀ լավագույն ուսանող ճանաչված Մարիամ Խաչատրյանը ասաց, որ Գավառից Հռոմ մեկ քայլ է և Հռոմում ուսանած Լալա Դավթյանի հետ իտալերենով կոչ արեց ԳՊՀ ուսանողներին՝ մասնակցել բուհի առաջարկած միջազգային շարժունության ծրագրերին։

Տնտեսագիտական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Ղարաբաղցյանը իր շնորհակալան խոսքում նշեց, որ Գավառի պետական համալսանի ընձեռած հնարավորության շնորհիվ նա երկրորդ անգամ է մասնակցում միջազգային ծրագրերին, և ուրախ է , որ բակալավրիատի 4-րդ կուրսում հնարավորություն է ունեցել ուսումնառության մեկ փուլ անցկացնելու Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանում։

Միջոցառումն ամփոփեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով ուսանողներին կոչ արեց ջանասիրաբար սովորել,  տիրապետել օտար լեզուների և  ակտիվորեն մասնակցել համալսարանի իրականացրած միջազգային ծրագրերին։

Հրապարակվել է 02.04.2022