ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 2-ՐԴ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԸ

ԳՊՀդպրոցներ համագործակցության ծրագրի շրջանակում ս թ ապրիլի 9-ին համալսարանը հյուրընկալեց Գավառի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ քիմիայի ուսուցչուհի Անժելա Խաչատրյանի ուղեկցությամբ։

Հյուրերը եղան ԳՊՀ ռեկտորատում, Ռուզաննա Հակոբյանի հետ քննարկեցին դեպի հաջողություն և երազանքների իրականացում տանող  ճանապարհները։ Աշակերտները ծանոթացան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանի ցուցանմուշներին:

Համալսարանական օրվա երկրորդ մասը հյուրերն անցկացրին ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում՝ իրականացնելով հալոգեններին առնչվող լաբորատոր փորձեր։

Նրանք ԳՊՀ  բնագիտության, կենսաբանության և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Ավետիսյանի և դեղագործական քիմիա բաժնի 2-րդ կուրսի ուսանողների հետ իրականացրին տարատեսակ փորձեր՝ «Փարավոնի օձ», «Քիմիական հրաբուխ», «Ոսկե անձրև», «Ծուխ առանց կրակի», օսլայի հայտնաբերումը յոդի միջոցով, քլոր-օրգանական միացությունների հայտնաբերումը բոցի գունափոխման օգնությամբ և այլն։

Աշակերտները մասնակցեցին նաև մարդու զգայարանների գործունեությանն առնչվող տեսողական խաբկանքի ստեղծման և հավասարակշռության համակարգի խախտման փորձերին։

Աշակերտների համալսարանական օրն ուսուցողական էր և հետաքրքիր։

Հրապարակվել է 10.04.2022