Դարեր շարունակ հայ ժողովուրդը հարկադրված է եղել դիմագրավել բազում փորձությունների ու արհավիրքների և պայքարել իր հայրենի հողի վրա գոյատևելու իրավունքի համար։ 20-րդ դարում կատարվեց մի ողջ ժողովրդի համատարած ֆիզիկական ոչնչացման ու հայրենազրկման նախադեպը չունեցող սահմռկեցուցիչ ոճիր՝ Հայոց ցեղասպանությունը։
1914թ. հուլիսի 28-ին սկսվեց Առաջին աշխարհամարտը, որին անմիջապես հաջորդեց օսմանյան կայսրությունում երիտթուրքական կուսակցության կողմից կազմակերպված Մեծ եղեռնը՝ արևմտահայերի բռնի տեղահանությունն ու ջարդը, որն ընդգրկեց կայսրության ամբողջ տարածքը: Ընդհանուր առմամբ 1915-1916 թթ. ոչնչացվեց ավելի քան մեկուկես միլիոն արևմտահայ, որոնցից 800.000-ը կոտորվեց դեռ ճանապարհին, իսկ մնացածը բնաջնջվեց արաբական անապատներում: Մահմեդականացվեցին ավելի քան 200.000 հայ կանայք, աղջիկներ ու մանուկներ: Փաստորեն, ամբողջությամբ հայաթափվեց մեր հայրենիքի մեծագույն մասը: Ցեղասպանությունից մազապուրծ շուրջ մեկ միլիոն արևմտահայեր, հայրենի օջախները լքելով, գաղթականի ցուպը ձեռքին հարկադրված եղան դեգերել օտար ափերում: Հայ ժողովուրդը կրեց մարդկային, տարածքային, ռազմաքաղաքական, մշակութային, բարոյական զարհուրելի կորուստներ, կատարվեց եղկելի ոճրագործություն, որը հետո պետք է որակվեր որպես խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն՝ ցեղասպանություն։
Ապրիլի 24-ը Հայոց Մեծ եղեռնի զոհերի Ազգային հիշատակման օր է դարձել՝ սկսած 1921 թ. հոկտեմբերի 30-ից, Ամենայն Հայոց Գևորգ Ե Կաթողիկոսի կոնդակով, ապա նախատեսվել է օրենքով՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի առջև։