ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (FAST) «SCINOVA» ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ

Ս․ թ․ ապրիլի 23-ից 29-ը Գավառի պետական համալսարանի աշխատակիցները Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցեցին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «SciNova» ակադեմիական ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ գիտահետազոտական գործունեության մեթոդաբանությանը նվիրված վերապատրաստման դասընթացին։

Վերապատրաստմանը մասնակցեցին Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Թերմինե Խաչիկյանը, որակի ապահովման բաժնի վարիչի պարտականությունները կատարող Քանաքարա Հայրապետյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Նաիրա Իսկանդարյանը։

Դասընթացի նպատակն էր բնագիտամաթեմատիկական ուղղվածություն ունեցող համալսարանների դասախոսների միջոցով ուսանողներին զինել գիտական հետազոտության իրականացման արդի հմտություններով, զարգացնել վերլուծելու կարողությունները, վերափոխել գիտության հանդեպ հայ երիտասարդության վերաբերմունքը, ցույց տալ գիտության գործնական նշանակությունն ու շոշափելի արդյունքների կարևորությունը:

Վերապատրաստումն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխանով։

Հրապարակվել է 30.04.2022