Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Կառավարման և ֆինանսներ» ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյանը մեկշաբաթյա դասախոսական աշխատանք կատարեց Պորտուգալիայի Հանրապետության Ավեյրոյի համալսարանում:
ԳՊՀ դասախոսը հանդես եկավ ութժամյա դասախոսություններով, որոնց թեմաներն առնչվում էին ֆինանսական համակարգին, բյուջեին, հարկերին և հարկային քաղաքականության առանձնահատկություններին։
ԳՊՀ դասախոսը ծանոթացել է նաև Ավեյրոյի համալսարանի տնտեսագիտության, կառավարման, արդյունաբերական ճարտարագիտության և զբոսաշրջության ֆակուլտետի ուսումնական գործընթացին, դասավանդման մեթոդներին, գրադարանում առկա մասնագիտական գրականությանը:
Դասախոսական աշխատանքից բացի, Գ․ Խաչատրյանը մասնակցել է նաև տնտեսագիտության, կառավարման, արդյունաբերական ճարտարագիտության և զբոսաշրջության ֆակուլտետում գիտահետազոտական աշխատանք կատարողների կողմից հաշվետվությունների ներկայացմանը և քննարկմանը։ Ավեյրոյի համալսարանի դասապրոցեսի ընթացքում կիրառվող մեթոդաբանությանը և առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով մասնակցել է դասախոսների կողմից անցկացվող դասերին՝ դասալսումների ձևով։
Գայանե Խաչատրյանը դասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Գավառի պետական համալսարանի ուսումնական գործընթացի առանձնահատկությունները։
Կարևորելով նմանօրինակ ծրագրերը՝ ԳՊՀ դասախոսը նշեց, որ դրանք էապես նպաստում են անձի մասնագիտական և անձնային աճին, օտար լեզվի բարելավմանը և հնարավորություն ստեղծում ծանոթանալու եվրոպական բուհերի ուսումնագիտական գործընթացի առանձնահատկություններին։