ԳՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ  ՆՎԻՐՎԱԾ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ավարտվեց Գավառի պետական համալսարանի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացը՝ նվիրված տվյալագիտությանը։

Ծրագրում ներառված էր ինտերակտիվ դասախոսությունների շարք, որի նպատակն էր զարգացնելու մասնակիցների մասնագիտական գիտելիքները տվյալագիտության, տվյալների ինտելեկտուալ վերլուծության վերաբերյալ։ Դասընթացին մասնակցեցին դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ, ուսուցիչներ և թեմայով հետաքրքրված մասնագետներ։

Ծրագրի համակարգողն էր Գավառի պետական համալսարանի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը:

Դասընթացի մշակման աշխատանքներն իրականացրել են Արփինե Կոզմանյանը /Capgemini Engineering, տվյալագետ, Իտալիա/, Թամարա Բաբայանը /Բենթլիի համալսարան, պրոֆեսոր, ԱՄՆ/, Չինար Մովսիսյանը /Manot, գործադիր տնօրեն, Հայ-Ռուսական համալսարանի դասախոս/։

Դասընթացը վարեց Արփինե Կոզմանյանը, ով իրական աշխատաշուկայի  պատվերների օրինակներով անդրադարձ կատարեց տվյալագիտության ոլորտում նախագիծ իրականացնելու փուլերին, տվյալների հետ աշխատելու, ինտելեկտուալ վերլուծության առանձնահատկություններին, մեթոդներին և միջոցներին։

Փորձագետը կիսվեց իր հարուստ աշխատանքային փորձով, ինչպես նաև խորհուրդներ տվեց մասնակիցներին՝ տվյալագիտության ոլորտում աշխատելու վերաբերյալ։

ԳՊՀ ռեկտորատը շնորհակալություն է հայտնում դասընթացավար Արփինե Կոզմանյանին, ինչպես նաև Թամարա Բաբայանին և Չինար Մովսիսյանին՝ արդյունավետ աշխատանքի համար։

 

 

Հրապարակվել է 13.04.2022