ԵՐԱՆՈՍԻ ԹԻՎ 2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ՝ ԳՊՀ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Ս․ թ․ ապրիլի 16-ին ԳՊՀ բնագիտության լաբորատորիան հյուրընկալեց Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի 8-ից 11-րդ դասարանների աշակերտներին՝ քիմիայի ուսուցիչ Ռոբերտ Ղանդիլյանի ուղեկցությամբ։

Աշակերտները ԳՊՀ լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի և քիմիայի ուսուցիչ Ռոբերտ Ղանդիլյանի օգնությամբ կատարեցին լաբորատոր տարբեր փորձեր՝ «Փարավոնի օձ», «Քիմիական հրաբուխ», «Ոսկե անձրև», «Քիմիական պատռվածք», «Ծուխ առանց կրակի», թթվածնի ստացման ռեկացիան, աղաթթվի և մագնեզիումի փոխազդեցության ռեակցիան, ածխածնի ադսորբցիոն հատկության ստուգումը կալիումի պերմանգանատի լուծույթի օգնությամբ և այլն։

Նրանք դիտեցին մետաղական նատրիումի և ջրի փոխազդեցության ռեակցիան, չափեցին ջրածնական ցուցիչը (pH)՝ ռեակցիայից առաջ և հետո և որոշեցին նիտրատների պարունակությունը տարբեր մրգերում և բանջարեղենում։

Աշակերտները ուսումնասիրեցին նաև հանքային ապարների հավաքածուները, ծանոթացան օդերևութաբանական բնույթի սարքերի՝ անիմոմետրի, մազային խոնավաչափի և անձրևաչափի գործածման առանձնահատկություններին։

Աշակերտները հետաքրքրությամբ մասնակցեցին մարդու զգայարանների գործունեությանն առնչվող տեսողական խաբկանքի ստեղծման և հավասարակշռության համակարգի խախտման փորձերին։

Այնուհետև հյուրերը հանդիպեցին ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանի հետ, ով ներկայացրեց 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության բակալավրիատի կրթական ծրագրի մասնագիտությունները, ընդունելության քննությունները։

Համալսարանական օրվա ավարտին աշակերտները եղան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում:

Հրապարակվել է 17.04.2022