ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Ս․ թ․ ապրիլի 2-ին գումարվեց Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստ։

Քննարկվեց ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի համար թեկնածու առաջադրելու մասին հարցը։ Զեկուցողը՝ ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հասմիկ Մարգարյանը նշեց, որ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը սահմանված կարգով հայտարարել է ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ։ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը առաջարկեց իրավաբանական գիտությունների դոկտոր, ԳՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը՝ գնահատելով նրա մարդկային և մասնագիտական որակները, արդյունավետ ու բարեխիղճ աշխատանքը։ Ելույթ ունեցավ բնագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը։ Հարցի քննարկումից հետո ԳՊՀ գիտական խորհուրդը միաձայն որոշում կայացրեց Ռուզաննա Հակոբյանին առաջադրել որպես ԳՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածու և որոշումը ներկայացնել բուհի հոգաբարձուների խորհրդին։

Օրակարգի համաձայն՝  բնագիտական  ֆակուլտետի կենսաբանության, էկոլոգիայի  և առողջ ապրելակերպի ամբիոնի տարեկան գործունեության հաշվետվությունը ներկայացրեց և զարգացման հիմնական ուղղությունների, մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացման մասին զեկուցեց Մարտին Ավագյանը։ Հարցուպատասխանից ու  քննարկումից հետո գիտական խորհուրդը բավարար գնահատեց ամբիոնի գործունեությունը և հավանության արժանացրեց զարգացմանը միտված ծրագրերը։

2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման  գործընթացի նախապատրաստման վերաբերյալ զեկուցեցին դեկաններն ու ամբիոնների վարիչները։ Քննարկվեցին նաև համալսարանի ընթացիկ գործունեության հետ կապված հարցեր։

Հրապարակվել է 02.04.2022