«ԿԱՐՄԻՐ  ԾԱՂԻԿ  ՄԸ  ԳԱՐՈՒՆԻ»

«Հայը պիտի ապրի, հակառակ դահիճներուն․․․ Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազոդ շղթայի մեկ ոսկի օղակն ըլլալու համար: Այս է մեր բոլորիս հույսը, հույս մը, զոր մուրճով կռեցինք, ինչպես մեր պապերեն մեկուն նիզակը, որ նպատակին կդիմեր օդին և արևին մեջ երգելով»:

Դանիել Վարուժան

  Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում կայացավ «Կարմիր ծաղիկ մը գարունի» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։

Ցերեկույթը յուրովի հիշատակում էր ու ոգեկոչում ոչ միայն արևմտահայ դասական գրողներին, ցեղասպանության սրբադասված նահատակներին, այլև Մայր Հայաստանի այն հերոսներին, ովքեր ընկան վասն հավատքի ու հայրենիքի:

Միջոցառմանը մասնակցում էին իրավագիտության, պատմության, տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժինների ուսանողուհիները, ովքեր ներկայացրին 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արևմտահայ մեծատաղանդ բանաստեղծների ստեղծագործություններ, կենսագրական տեղեկություններ:

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, Գավառի պետական համալսարանի դասախոս Արփինե Զարգարյանի դաշնամուրային նվագակցությամբ ուսանողները հանդես եկան «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Երազ», «Կիլիկիա», «Սիրերգ» երգերի գեղեցիկ և հուզիչ կատարումներով։

Միջոցառումը եզրափակվեց խաղաղության կոչով․ թո՛ղ խաղաղությունը հաղթի պատերազմին, լույսը՝ խավարին, սերը՝ ատելությանը, կարեկցանքը՝ անտարբերությանը, ողջամտությունը՝ սին պարծանքին…։

Միջոցառմանը մասնակցեցին ուսանողներ, ծնողներ, շրջանավարտներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամներ։

Ցերեկույթի գրական-գեղարվեստական մասից հետո ելույթ ունեցան ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, դեկաններ Համլետ Ղաջոյանը, Մարտին Ավագյանը, փոխդեկաններ Սիրանուշ Խանդանյանը, Մելանյա Գարեյանը, Գավառի քաղաքային գրադարանի մատենագետ Նորա Մարեմկոյանը։

Միջոցառումն ամփոփեց և ուսանողներին ու դասախոսներին շնորհակալություն հայտնեց Ռուզաննա Հակոբյանը։

Հրապարակվել է 27.04.2022