ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Գավառի պետական համալսարանի իրականացրած մասնագիտական վերապատրաստման ծրագրերի շրջանակներում մեկնարկեց գրականության և բանահյուսության արդի հիմնահարցերին նվիրված առցանց դասընթաց՝ նախատեսված դասախոսական կազմի, ուսուցիչների, ուսանողների, բարձր դասարանների աշակերտների և ընդհանրապես գրականության ու բանահյուսության հարցերով հետաքրքրվողների համար։ Դասընթացի համակարգողներն են ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանը։

Առցանց եղանակով դասընթացին միացել էին Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, շրջանավարտներ, գրականության և բանահյուսության հարցերով հետաքրքրվող անձինք։

Համալսարանի անունից մասնակիցներին ողջունեցին Ռուզաննա Հակոբյանը, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը։

«Գրականության և բանահյուսության ուսումնասիրության հիմնախնդիրներն արդի փուլում» թեմայի շուրջ բովանդակալից բանախոսությամբ հանդես եկավ ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը, ով անդրադարձավ հայ գրականագիտության անցած ուղուն, հայտնի գրականագետներին և նրանց կատարած ուսումնասիրություններին՝ ներկայացնելով համապատասխան մեկնաբանություններ։

ԳՊՀ շրջանավարտ, միաժամանակ՝ ԳՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ագգագրության ինստիտուտի Բանագիտության, բանահյուսության տեսության և պատմության բաժնի գիտաշխատող Լուսինե Ղռեջյանը հետաքրքիր շնորհանդեսի միջոցով, պատկերավոր ներկայացրեց հայ բանագիտական մտքի զարգացման ընթացքը արդի ժամանակներում, մերօրյա անվանի գործիչների՝ հայ բանագիտական ոլորտում կատարած ուսումնասիրությունները, դրանց բնույթն ու ուղղվածությունը, վերջին երկու տասնամյակների հայ բանագիտության և բանահյուսության մատենագիտությունը։

Դասի ընթացքում հնչեցին հարցեր, ծավալվեց քննարկում։

Հավելենք, որ ս թ ապրիլի  14-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա հաջորդ հանդիպումը՝ «Հայ ժողովրդական բանահյուսությունը բանագիտական մտքի գնահատմամբ» թեմայով, որը կվարի բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղռեջյանը։

Հանդիպմանը կարող եք միանալ հետևյալ հղումով


https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

Հրապարակվել է 10.04.2022