ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՇԱՓԱՌ ՏՈՆԸ

Ապրիլի 17-ին համայն հայությունը տոնում է Սուրբ Հարության հրաշափառ տոնը՝ որպես վերհառնումի, մեղքի ու մահվան հանդեպ հաղթության տոն։ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր հոգևոր հայրերը իրենց աղոթքներում ու շարականներում սքանչելի օրհներգությամբ են փառաբանել՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։

Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր անց՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Հրաշափառ իր Հարությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարդկությանը պարգևեց գողգոթաներից հառնելու, մահին հաղթելու և հավիտենական կյանքը ժառանգելու երկնային շնորհը։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը շնորհավորելով՝ մաղթում ենք սիրով ու հոգատարությամբ հյուսել մեր կյանքն ու գործը, ամուր պահել համազգային միասնությունն ու համերաշխությունը։

Թող Սուրբ Հարության լուսեղեն ավետիսը երազների իրագործում պարգևի աշխարհասփյուռ հայ ժողովրդին։ Եվ թող հրաշափառ Հարության ճրագը խաղաղ և ապահով պահի  մեր հայրենի երկնակամարը՝ Հայաստան ու Արցախ աշխարհը։

‹‹Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի››։

Հրապարակվել է 16.04.2022