ՑԵՐԵԿՈՒՅԹ ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻՆ

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում ս․ թ․ ապրիլի 21-ին Գավառի քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ կայացավ «Նաիրյան մորմոք» խորագրով ցերեկույթ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին։ Գավառի պետական համալսարանից ցերեկույթին ներկա էին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը, բանասիրական ֆակուլտետի փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը, գրադարանավար Ալվարդ Թորչյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը:

Ցերեկույթի մասնակիցներից էին ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհիներ Թագուհի Պետրոսյանը, Անահիտ Վարդանյանը, Արուսյակ Սմբաթյանը, Քրիստինե Բատիկյանը, Լաուրա Մանուկյանը, Աիդա Կարապետյանը, Գավառի ավագ դպրոցի աշակերտներ, երաժշտական քոլեջի ուսանողներ:

Միջոցառումը վարում էր գրադարանի մատենագետ Նորա Մարեմկոյանը: Նա ներկայացրեց հայ մեծ բանաստեղծ, գրող, թարգմանիչ Եղիշե Չարենցին, ով իր հզոր անհատականությամբ ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը՝ կանխորոշելով գրականության հետագա զարգացման ուղին:

Գավառի պետական համալսարանի ուսանողները ներկայացրին բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական ուղին, «Ծիածան» ժողովածուն, «Տաղարան» շարքը, «Վահագն» և «Աթիլլա» պոեմները, խոսեցին «Խելագարված ամբոխների» հուսավառված ճանապարհի, «Նաիրյան երկրի» փրկության ձգտման մասին։

Գավառի ավագ դպրոցի սաները բեմականացրին «Հարդագողի ճամփորդներ» բալլադը:

Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններն ասմունքեցին հատվածներ Չարենցի բանաստեղծություններից և «Երկիր Նաիրի» վեպից:

Երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան Գավառի երաժշտական ուսումնարանի վոկալ բաժնի ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ Թագուհի Սահակյանը, Գավառի պետական երաժշտական քոլեջի ուսանողներ:

Պարային կատարմամբ հանդես եկավ Հայրավանքի երգի, պարի համույթի պարուսույց Ժենյա Իսպիրյանը։

Միջոցառման ավարտին ամփոփիչ խոսք ասաց քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը՝ ընդգծելով, որ նշել Չարենցի հոբելյանը և սահմանափակվել մեկ միջոցառմամբ՝ անհնարին է, ուստի գրադարանում շարունակվելու են մեծ բանաստեղծին նվիրված միջոցառումները:

Իր գնահատանքի խոսքն ասաց ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը, ով անդրադարձավ Չարենցյան անզուգական ստեղծագործություններին, նրա թողած անգնահատելի ժառանգությանը։

Հրապարակվել է 22.04.2022