Գավառի պետական համալսարանը կազմակերպեց գրականության և բանահյուսության արդի հիմնահարցերին նվիրված հերթական առցանց վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեցին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ։
Դասընթացի շրջանակներում «Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը և իրականության ռացիոնալիստական իմաստավորման ճգնաժամը» թեման ներկայացրեց համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը, ով Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը ներկայացրեց հայ և համաշխարհային գրականության համապատկերում:
«Գրական ուղղությունները եվրոպական գրականության մեջ» թեման ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանը: Նա անդրադարձավ եվրոպական գրականության մեջ ի հայտ եկած և աշխարհում տարածված գրական ուղղություններին, դրանց արտահայտման առանձնահատկություններին:
Ընթացքում հնչեցին հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում։
Մասնակցող ուսուցիչները մեծապես կարևորեցին նմանատիպ դասընթացների դերը գիտության արդի միտումներին հաղորդակից լինելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու գործում: Հնչեցին առաջարկություններ նմանատիպ դասընթացներ պարբերաբար կազմակերպելու վերաբերյալ:
Դասընթացն ամփոփեց ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը: