Ս․ թ․ մայիսի 8-ին ԳՊՀ բնագիտության լաբորատորիան հյուրընկալեց Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներին՝ քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Լիանա Գաբրիելյանի ուղեկցությամբ։
Աշակերտները ԳՊՀ լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի և տիկին Գաբրիելյանի օգնությամբ կատարեցին լաբորատոր փորձեր՝ թթվածնի ստացման ռեակցիան, աղաթթվի և ամոնիումի հիդրոքսիդի փոխազդեցության ռեակցիան, ածխածնի ադսորբցիոն հատկության ստուգումը կալիումի պերմանգանատի լուծույթի օգնությամբ և այլն։ Աշակերտները հետաքրքրությամբ մասնակցեցին մարդու զգայարանների գործունեությանն առնչվող տեսողական խաբկանքի ստեղծման և հավասարակշռության համակարգի խախտման փորձերին։ Այնուհետ հյուրերը հանդիպեցին ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանի հետ, ով վարեց մասնագիտական կողոմնորոշմանը նվիրված դաս՝ ներկայացնելով ԳՊՀ ֆակուլտետները, մասնագիտական կրթական ծրագրերը։
Համալսարանական օրվա ավարտին աշակերտները եղան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում:
