ԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝  ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը և Հայաստանում ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների ասոցիացիան սույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին համատեղ կազմակերպեցին ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական 6-րդ օլիմպիադան։ Մրցույթին մասնակցության հայտեր էին ներկայացրել հանրապետության 13 բուհերից։ Գավառի պետական համալսարանից օլիմպիադային մասնակցեցին բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Սաթենիկ Մելքոնյան, անգլերեն լեզու և գրականություն բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Ստելլա Շահինյանը և տնտեսագիտություն բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Անահիտ Պարոնիկյանը։

Բոլոր մասնակիցներին շնորհավորեցին և հանրապետական ուսանողական նմանատիպ մրցույթների կարևորությունը շեշտեցին ՃՇՀԱՀ պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ՃՇՀԱՀ լեզուների ամբիոնի վարիչ, Հայաստանում ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Վաղարշակ Մադոյանը, օլիմպիադայի կազմկոմիտեի անդամ Սոնա Սառաջյանը։

Կազմկոմիտեի աշխատանքային խմբի անդամ, Երևանում ռուսական տան գիտական և կրթական բաժնի գիտամեթոդական ծրագրերի համակարգող Սվետլանա Սամուելյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և ներկայացրեց մրցույթի արդյունքները։

Կազմկոմիտեին ներկայացված 96 աշխատանքներից հաղթող ճանաչվեցին 12-ը, մրցանակակիրները 7-ն էին։ Բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցության դիպլոմներ։

Թիմային հաշվարկով հաղթող երեք բուհերն են Գավառի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Տուրիզմի հայկական ինստիտուտը, որոնց շնորհվեցին գավաթներ։

Հրապարակվել է 20.05.2022