ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գավառի պետական համալսարանը տարիներ շարունակ հաջողությամբ համագործակցում է Պորտուգալիայի Հանրապետության Մինհոյի համալսարանի հետ։ Մինհոյի համալսարանում դասախոսական աշխատանք կատարեց ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Միրիբյանը։  

Բանասիրական ֆակուլտետի սլավիստիկայի  բաժնի ուսանողների համար տիկին Միրիբյանը հանդես եկավ հետաքրքիր դասախոսություններով, ներկայացրեց հայկական ժողովրդական ավանդույթները, մասնավորապես Զատկի տոնակատարությունը և հարսանյաց արարողությունները՝ համեմատություն անցկացնելով պորտուգալական համանման ավանդույթների հետ։

Մինհոյի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասապրոցեսի առանձնահատկություններին, դասավանդման մեթոդներին ծանոթանալու նպատակով ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչը ներկա գտնվեց սլավիստիկայի  բաժնի դասախոսների անցկացրած դասերին, կայացած աշխատաժողովին։

Գայանե Միրիբյանը նշեց, որ  արտասահմանում դասախոսական աշխատանքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու համագործակից եվրոպական բուհերի կրթական գործընթացին, ուսումնասիրելու նրանց լավագույն փորձը և կիրառելու Գավառի պետական համալսարանում։

Հրապարակվել է 16.05.2022