ԾՆՈՒՆԴԴ  ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր,  ՍԻՐԵԼԻ՛  ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր լրացավ Գեղարքունյաց աշխարհի բարձրագույն դպրոցի՝ Գավառի պետական համալսարանի հիմնադրման 29-րդ տարեդարձը։

Գավառի պետական համալսարանի հիմնադրումն ազդարարվեց ՀՀ Կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ։ Բուհի հիմնադիր ռեկտորը փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանն է, ով իր դստեր՝ այն ժամանակ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի և իր համախոհների համառ ջանքերով իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ հայրենի եզերքում ստեղծեց համալսարան։

Հիմնադիր ռեկտորի երազանքն իրականացել է․ համալսարանը կրթել և կյանք է ճանապարհել շրջանավարտների 25 սերունդ՝ ավելի քան 8000 մասնագետներ, որոնք իրենց ներդրումն ունեն Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտների զարգացման գործում։

Համալսարանն ունի որակյալ պրոֆեսորա-դասախոսական և վարչական անձնակազմ, որը սիրով ու նվիրումով կատարում է երիտասարդ մասնագետների կրթության ու դաստիարակության իր կարևոր առաքելությունը։ Բուհում սովորում են ուսանողներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզից, Երևանից և այլ տարածաշրջաններից։

Շնորհակալություն, մեր սիրելի՛ համալսարան՝ կրթության և գիտության ջահը վառ պահելու, մեզ դեպի մասնագիտությունների զարմանահրաշ աշխարհ ուղեկցելու,  ճիշտ ուղղորդելու, սովորողների կարողություններն անընդհատ զարգացնելու և կատարելագործելու, լույս և բարձր արժեքներ տարածելու համար, շնորհակալություն այն սիրո և ջերմության համար, որ թևածում են Գավառի պետական համալսարանի կամարների ներքո։

Երախտագիտություն ենք հայտնում մեր սիրելի՛ բուհի հիմնադիրներին,  դասախոսներին և աշխատակիցներին, ԳՊՀ բարեկամներին ու բոլոր գործընկերներին, հաջողություն մաղթում համալսարանի ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին։

Հրապարակվել է 05.05.2022